Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային տնտեսական շուկայի վերափոխումը և Հայաստանը. Արթուր Ավետիսյան

Մարտ 10,2022 17:30

Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը զուգահեռ ընթանում է համաշխարհային էներգետիկ և ընդհանրապես տնտեսական շուկայի վերաբաշխում: Իրականում այդ գործընթացը նոր չի սկսվել, սակայն ավելի տեսանելի է դարձել 2020 թվականի վերջից: Հետևելով իրադարձությունների զարգացմանը` կարծես այս ամենի արդյունքում ամենից շատ կարող են տուժել եվրոպական երկրները:

Բորսաներում բնական գազի և նավթի գները սահմանում են նորանոր ռեկորդներ: Իրավիճակն ավելի են բարդացնում վերջին շաբաթներում արձանագրվող ցուրտ եղանակային պայմանները և քամու բացակայությունը: Հողմային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը զգալիորեն նվազել է` ընդհանուր էներգետիկ բալանսում կազմելով 11-15%: Այն դեպքում, որ ջեռուցման սեզոնի ավարտին առնվազն մեկ ամիս դեռ կա:

ԵՄ-ի համար դժվար լուծելի խնդիր է դարձել ածխածնից չեզոք` «կանաչ» տնտեսության զարգացումը: Եթե 2010-2012թթ. եվրոպացի պաշտոնյաները հայտարարում էին ավանդական էներգառեսուրսներից հրաժարվելու մասին, ապա ներկայումս ատոմային և գազային էներգետիկան ճանաչվել են շրջակա միջավայրին քիչ վնասող: Իսկ գազը դիտարկվում է որպես «կանաչ» էներգիայի ճանապարհին հիմնական անցումային վառելիք։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ապահովում է ԵՄ անդամ երկրների բնական գազի պահանջարկի 40%-ը: Առանձին երկրների կախվածությունը ՌԴ-ից մատակարարվող գազից ավելի մեծ է` Գերմանիայի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 55%, իսկ օրինակ Ֆինլանդիայի, Լատվիայի, Էստոնիայի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Բուլղարիայի պարագայում այդ կախվածությունը գրեթե տոտալ բնույթ է կրում: Ի դեպ, 10 տարի առաջ ՌԴ-ն ապահովում էր ԵՄ-ի բնական գազի կարիքների միայն 25%-ը։

Ստեղծված պայմաններում ԵՄ-ն փորձում է այլընտրանքներ գտնել: Այլընտրանքներից մեկը դիտարկվում էր այսպես կոչված Հարավային գազային միջանցքը, որի տարեկան առավելագույն թողունակությունը կազմում է 16 միլիարդ խորանարդ մետր: Սակայն համաձայն կնքված պայմանագրի, այդ խողովակաշարով տարանցվող գազի զգալի մասը` 6 միլիարդ խորանարդ մետրը, պետք է գնի Թուրքիան: Այսինքն, Ադրբեջանը ներկայումս ԵՄ կարող է մատակարարել առավելագույնը 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Իսկ ԵՄ երկրների գազի պահանջարկը կազմում է տարեկան ավելի քան 400 միլիարդ խորանարդ մետր: Այն դեպքում, որ 2021 թվականին ՌԴ-ից Եվրոպա է մատակարարվել 185 խորանարդ մետր գազ։ Այս համատեքստում ուշադրության է արժանի նաև փետրվարի 22-ին Մոսկվայում կնքված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը:

Որպես այլընտրանք դիտարկվում էր նաև հեղուկ գազի (LNG, չշփոթել LPG-ի հետ) մատակարարումների ավելացումը: Այստեղ ևս լուրջ բարդություններ կան: Նման տեմպերով գազի, այդ թվում` հեղուկ գազի, պահանջարկը այնպիսի մեծ ծավալների կարող է հասնել, որ առկա ենթակառուցվածքներով գրեթե անհնար կլինի ապահովել այդ պահանջարկը: Բացի այդ, խոշոր տերմինալների մեծ մասը գտնվում են արևմուտքում՝ Իսպանիայում և Ֆրանսիայում, որտեղից դեպի արևելք մեծ թողունակությամբ գազատարներ կառուցված չեն։

Այսինքն` առկա են նաև առաքման հետ կապված խնդիրներ:

Հատկանշական է, որ ՌԴ-ն հեղուկ գազ ևս մատակարարում է Եվրոպային (օրինակ 2020 թվականին՝ ընդհանուր ծավալի շուրջ 15%-ը):

Կարող ենք արձանագրել, որ Եվրոպան արդեն գտնվում է էներգետիկ ճգնաժամում: Որոշ փորձագետներ նշում են, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում, մի շարք երկրներում անգամ հնարավոր է լինեն էներգամատակարարման խափանումներ և անջատումներ (Blackout): Վառելիքի գների թանկացմանը զուգահեռ, թանկանում է նաև լոգիստիկան: Նվազել են եվրոպական երկրների մի շարք գործարանների արտադրանքների ծավալները, որոշները դադարեցրել են աշխատանքը, զգալիորեն բարձրացել է վերջնական արտադրանքների ինքնարժեքները: Ամենամեծ հարվածը ստացել են ալյումինի և պարարտանյութերի արտադրությունը, քիմիական արդյունաբերությունը: Եվրոպայում փաստացի տեղի է ունենում էներգետիկ ինֆլյացիա:

Այդ ամենին զուգահեռ դադարեցված է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ «Հյուսիսային հոսք-2» (Nord Stream-2) գազատարի սերտիֆիկացման գործընթացը: Ինչը մեծ քաղաքական և տնտեսական հարված է Ռուսաստանին: Ուստի խաղադրույքներն ավելի բարձրացնելու և Եվրոպայի էներգետիկ շուկայում Ռուսաստանի անփոխարինելիությունը ընդգծելու նպատակով, սկսել են լսելի դառնալ ակնարկներ, որ Ռուսաստանը դեռևս անխափան իրականացնում է իր պայմանագրային պարտավորությունները, սակայն պատժամիջոցները չմեղմացնելու դեպքում չի բացառվում մատակարարվող ծավալների կրճատումը: Ռուսաստանում նշում են, որ աշխարհում էներգառեսուրսների պահանջարկի խնդիր չկա և դրանք հնարավոր է ուղղել դեպի այլ շուկաներ (առաջին հերթին նկատի ունեն ասիական շուկան, իսկ ավելի կոնկրետ՝ Չինաստանը): Այնուամենայնիվ քիչ հավանական է, որ Ռուսաստանը գնա նման քայլի:

Իրականում համապատասխան հզորությամբ ենթակառուցվածքների բացակայության պատճառով, ՌԴ-ն չի կարող գազի նույն կամ համադրելի ծավալներ մատակարարել ասիական շուկա, իսկ էներգառեսուրսների վաճառքից ստացվող եկամուտները ՌԴ-ին հիմա պետք են առավել, քան երբևէ:

Ներկայումս լրջագույն տնտեսական կորուստներ են կրում և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ անդամ երկրները: Ֆրանսիայում արդեն խոսում են համաշխարհային սովի հավանականության մասին: Պարզ է, որ ԵՄ անդամ երկրները պատրաստ չեն էլ ավելի սրել իրավիճակը, քանի որ առհասարակ պատրաստ չէին նման կոշտ դիմակայության: Ստեղծված իրավիճակը, բացի քաղաքական պատճառներից, նաև առկա էներգետիկական իրողությունները ճիշտ չգնահատելու արդյունք է: Հետևաբար` առաջիկայում կամաց-կամաց կմեղմացվեն պատժամիջոցները, ինչի մեսիջներն արդեն կան: Ներկայում, որքան էլ անհավանական թվա, չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո կսկսվի գազի մատակարարումը նաև Հյուսիսային հոսք-2-ով (ենթադրաբար աշնանը):

Չնայած Հայաստանը ուղղակի մասնակցություն չունի նշյալ գործընթացներին, սակայն դրանք չեն կարող չազդել մեր հանրապետության վրա՝ հաշվի առնելով նաև վերջին տարիներին ՀՀ պարենային ինքնաբավության մակարդակի շարունակաբար նվազող ցուցանիշները: Ակնհայտ է, որ մենք որևէ կերպ պատրաստ չենք աշխարհում տեղի ունեցող վերափոխումներին:

Գյուղատնտեսության և էներգետիկ ոլորտի արդյունավետ կառավարումն առաջնային են և պետական անվտանգության ապահովման համատեքստում կարևոր նշանակություն ունեն: Հայաստանում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ վերոնշյալ երկուսում, բացակայում է ռազմավարական կառավարումը, իսկ 2019 թվականին ՀՀ կառավարության կառուցվածքում կատարված փոփոխություններից հետո, լուծարվեցին այդ ոլորտները համակարգող նախարարությունները: Բնականաբար ապաշնորհ կառավարման պարագայում, որևէ գերատեսչություն չի կարող արդյունավետ կատարել իր գործառույթները և այս կամ այն գերատեսչության առկայությունն ինքնանպատակ չպետք է լինի: Սակայն հաշվի առնելով էներգետիկ ոլորտի առանձնահատկություններն ու տարատեսակությունը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում գործող մեկ վարչությունը օբյեկտիվորեն չի կարող արդյունավետ համակարգել այդ ոլորտը: Կառավարության կառուցվածքում այդ ոլորտները համակարգող նախարարությունների բացակայությունն անուղղակի ընդգծում է գործող իշխանությունների վերաբերմունքը պարենային և էներգետիկ անվտանգությանը:

Իրադարձությունները շատ արագ են զարգանում, ուստի դանդաղելու ժամանակ չունենք:


Էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

 «Ժողովրդավարական համախմբում»կուսակցության փոխնախագահ

Արթուր ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031