Նաիրյան վոկալ անսամբլը Սամվել Խալաթյանի հեղինակած «100 տարի անց» պիեսի երաժշտական ներկայացմամբ հանդես եկավ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում: Անսամբլի գեղարվեստական ղեկավարը Նաիրա Մուղդուսյանն է:
«Ամիսներ առաջ, երբ որ պիեսը գրում էի, չգիտեի, որ նման արձագանք կունենա: Բայց ուրախ եմ նման արձագանքի համար: Ես կուզենայի, որ պիեսն իր դրական նպաստավոր ազդեցությունը թողներ, հատկապես մեր ընտանիքներում կանանց հետ վարվելակերպի, աղջիկ երեխաների դաստիարակության, կանանց քաղաքական ակտիվության սահմաններն ընդլայնելու եւ ընդհանրապես նմանատիպ հարցերում»,-ասում է պիեսի հեղինակ, դրամատուրգ Սամվել Խալաթյանը:
Գործող անձանց՝ Զապէլ Եսայանի, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի, Շուշանիկ Կուրղինյանի, Կատարինե Զալյան-Մանուկյանի, Վարվառե (Վարյա) Սահակյանի կերպարները հաջողությամբ մարմնավորել են անսամբլի մենակատարուհիները՝ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի բեմադրությամբ:



Կարդացեք նաև
Առաջիկայում նախատեսվում է նաեւ պիեսի անգլերեն եւ հայերեն լեզուներով հրատարակված գրքի շնորհանդեսը:
Իսկ բեմականացումն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի եւ Մուղդուսյան արվեստի կենտրոնի՝ Նաիրյան վոկալ անսամբլի կողմից «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության եւ հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային եւ հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համատեղ: Այն ֆինանսավորում է Եվրոպական միության կողմից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ


















































