Լրահոս
Օրվա լրահոսը

Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ բալետ է ներկայացվել

Ապրիլ 01,2022 13:00

Երեւանի օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը որոշ «փակագծեր» է բացում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 23-28-ը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդես եկավ Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացմամբ (բալետմայստեր՝ Գեորգի Կովտուն, երաժշտական ղեկավար ու բեմադրող դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան)։ Այս ներկայացման հաղթարշավը սկսվեց 2021թ. դեկտեմբերի 13-ին, մինչ հյուրախաղերի մեկնելն այն հանդիսատեսին ներկայացվել է 18 անգամ, որից 2-ը՝ Գյումրիում։

«Առավոտը» հանդիպեց դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանին։ Մինչ մաեստրոյի հետ զրույցը ներկայացնելը լայն ընթերցողին տեղեկացնենք, որ 18-րդ դարից սկսած իսլամ դավանող Սաուդյան Արաբիայում խափանվում էր գեղարվեստական զարգացումը, որն անհամապատասխան էր քարոզվող ուսմունքին։ Գրաքննությունը սահմանափակել էր գրականության զարգացումը, թեեւ մի քանի վիպասաններ, բանաստեղծներ հայտնի էին դարձել ոչ միայն արաբական աշխարհում։ 2016թ. առաջին անգամ ստեղծվեց ժամանցի գլխավոր վարչություն, որի շնորհիվ, 25 տարվա լռությունից հետո, մայրաքաղաք Ռիադում 2017-ին տեղի ունեցան առաջին համերգները, կատակերգական շոուները եւ այլն, իսկ 2018-ին այստեղ վերաբացվեց առաջին կինոթատրոնը՝ 35 տարվա արգելքից հետո։


Նշենք նաեւ, որ 2018-ից արվեստի զարգացումը Սաուդյան Արաբիայում հանգեցրեց նրան, որ ի թիվս այլնի, սկիզբ դրվեց արտասահմանցի արվեստի գործիչների ու կոլեկտիվների հյուրախաղերին։

Կարեն Դուրգարյանի հետ մեր զրույցը սկսվեց մաեստրոյի հայտարարությամբ, թե «Մարդուկ-Ջարդուկը» Սաուդյան Արաբիայում բոլոր ժամանակների համար առաջին բալետային ներկայացումն էր, մեր թատրոնից հետո Հռոմի թատրոնն էլ ներկայացնելու էր Չայկովսկու «Կարապի լիճը»։

Կարեն Դուրգարյանն ու Սաուդյան Արաբիայի
մշակույթի նախարարը

«Մենք մասնակցեցինք Սաուդյան Արաբիայում անցկացվող թագավորության ամենամեծ` Front Expo Land փառատոնին, որի շրջանակներում անցնում էին մշակույթի տարբեր ոլորտների՝ ֆոլկից մինչեւ ջազ ու օպերային արվեստ, հյուրախաղորդ արվեստագետների ելույթները։ Դրանք տեղի էին ունենում ավելի քան 36000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող մշակութային կենտրոնում, որի գերժամանակակից տեխնիկայով հագեցած սրահներն ու դահլիճները միաժամանակ կարող են ընդունել ավելի քան 33000 հանդիսատեսի։ «Մարդուկ-Ջարդուկի» համար դահլիճն, օրինակ, նախատեսված էր 700 հանդիսականի համար։ Փառատոնին հրավիրված էին աշխարհահռչակ անուններ նույնպես. բերեմ ընդամենը մեկ հնչեղ անուն՝ իտալացի տենոր Խոսեր Կարերաս, որի ելույթը մեր հարեւանությամբ գտնվող սրահում էր։ Թագավորությունում գտնվելու օրերին հանդես եկանք երեք ներկայացումով, լեփ-լեցուն դահլիճում։ Հանդիսատեսի թվում էին մշակույթի նախարար արքայազն Բադր բեն Աբդուլլա դել Ֆարհան Ալ Սաուդը, հրավիրված էին դեսպաններ, դեսպանատների աշխատակիցներ, կարճ ասած՝ գուցե վերամբարձ հնչի, բայց ներկա էր թագավորության էլիտան։ Ինձ ուրախացրեց հատկապես երեխաների ներկայությունը։ Մեր ելույթից հետո ազգային հագուստով մայրերը իրենց երեխաների հետ շտապում էին կուլիսներ ու երեխաներին լուսանկարում մեզ հետ։ Պետք էր տեսնել երեխաների ոգեւորությունը…»,- ասաց մաեստրոն։

«Մարդուկ-Ջարդուկը»՝ Սաուդյան Արաբիայում

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե այդ ոգեւորված երեխաները որքա՞ն էին վճարել տոմսի համար, մեր զրուցակիցը հայտնեց՝ 50-150 ԱՄՆ դոլար, հավելելով, որ այդ երկիրը սկսում է առաջին քայլերն անել կամ շփվել եվրոպական մշակույթի հետ։ Հետաքրքրությանը՝ իսկ մշակույթի նախարար արքայազնի հետ երկկողմ այցելությունների մասին պայմանավորվածություններ եղա՞ն, մաեստրոն առանց «փակագծեր բացելու» նշեց, որ թատրոնը հրավիրել է Սաուդյան Արաբիայի նախարարին, վերջինս էլ սիրով ընդունել էր հրավերը։

«Սաուդյան Արաբիան ունի դարավոր ավանդույթներ, որոնք բխում են արաբական քաղաքակրթությունից, իսկ մշակույթի վրա ազդող հիմնական գործոններն են իսլամական ժառանգությունն ու բեդվինների ավանդույթները, ինչպես նաեւ նրա պատմական դերը՝ որպես հնագույն առեւտրի կենտրոն։ Հավանաբար գիտեք, որ Սաուդյան Արաբիան 1930-ականների վերջերին դարձել է աշխարհում նավթի երկրորդ խոշոր արտադրողը՝ ԱՄՆ-ից հետո եւ 6-րդը՝ գազի պաշարներով։ Ինչո՞ւ եմ ես այս իրողությունը բարձրաձայնում. որովհետեւ ներկայանալի մշակույթ ունենալու համար կարեւոր գործոն է ֆինանսը։ Այնտեղ գտնվելու օրերին տեղեկացա, որ մինչեւ 2030թ. էկրանների թիվը կհասնի 2000-ի…»,- ասաց դիրիժորը։

Զրույցի ընթացքում մաեստրոյին փոխանցեցինք «Մարդուկ-Ջարդուկի» բեմադրող բալետմայստերի՝ Գեորգի Կովտունի, վերջերս Երեւանի օպերային թատրոնում հյուրընկալված աշխարհահռչակ խորեոգրաֆ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովի՝ մեր բալետային խմբի, մենապարողների մասին արտահայտած դրական կարծիքները, «Մարդուկ-Ջարդուկի» ձայնագրությունն իրականացրած ճանաչված հնչյունային ռեժիսոր Գրիգորի Պարովիչնիկովի բարձր կարծիքը` թատրոնի նվագախմբի մասին, հետաքրքրվելով, թե ինչ պրեմիերա է նախատեսվում ամենամոտ ժամանակներս։ «Ապրիլի 14-ին նշանակված է Ավետ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» օպերան՝ Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով, ես էլ բեմադրող դիրիժորն եմ»,-հայտնեց Կարեն Դուրգարյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930