Լրահոս
Ո՞ւմ ճանապարհն է TRIPP-ը
Օրվա լրահոսը

Այս պատմության մեջ երաժշտությունը դառնում է օգնության ձեռք, իսկ բեմը՝ բարձր մարդկային որակների հաղորդակցության հարթակ. «Երաժշտությունը հանուն առողջ սերնդի»

Նոյեմբեր 18,2026 15:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Ազգային օպերային թատրոնում կես տարի առաջ՝ մայիսի 11-ին, կայացավ երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու հոբելյանական համերգը, ինչին անդրադարձել էր Aravot.am-ը։ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, «Արծրունի» ռոք խմբի և ճանաչված մենակատարների մասնակցությամբ ներկայացվեց նրա բազմաժանր ստեղծագործական արվեստը՝ մաշտոցյան շարականների մշակումներից, կամերային ստեղծագործություններից մինչև Կոմիտասի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը, պրոգրեսիվ գործիքային, սիմֆո-ռոք և սիմֆոնիկ երկերը։ Համերգն ամփոփում էր ստեղծագործական 40 տարվա ճանապարհի մի կարևոր հանգրվան՝ միավորելով Արծրունու ստեղծագործության տարբեր շերտերն ու գեղարվեստական որոնումները։

Շուրջ վեցամսյա դադարից հետո վերջերս երաժիշտը կրկին հանդես եկավ համերգային նախաձեռնությամբ, այս անգամ՝ բոլորովին այլ, անձնական, բայց միաժամանակ հանրային նշանակություն ունեցող նպատակով։ «Երաժշտությունը հանուն առողջ սերնդի» խորագրով նա նախաձեռնել է բարեգործական համերգների շարք, որի նպատակն է միջոցներ հավաքել որդու՝ Անդրեասի՝ Գերմանիայում բուժումը շարունակելու և ապահովելու համար։

Նախաձեռնությանն առաջիններից արձագանքեցին նրա մտերիմ արվեստագետներն ու մտավորականները։ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն, տաղանդաշատ դերասանուհի և ռեժիսոր Նարինե Գրիգորյանն անհապաղ տրամադրեց թատրոնի բեմը, և նոյեմբերի 1-ին կայացավ առաջին բարեգործական համերգը։ Հանդիսատեսի արձագանքը գերազանցեց սպասելիքները. տոմսերն ամբողջությամբ սպառվեցին ընդամենը մեկուկես օրում։

Հաջորդ նախաձեռնությունը կապված էր Երևանի օպերային թատրոնի հետ։ Թատրոնի տնօրեն, մաեստրո Կարեն Դուրգարյանը սիրահոժար առաջարկեց համերգն անցկացնել նորաբաց փոքր համերգասրահում։ Նոյեմբերի 15-ին կայացած համերգը դարձավ այդ նոր հարթակի հնարավորությունների յուրօրինակ ներկայացում։ Դահլիճը, որի բացումը տեղի էր ունեցել նոյեմբերի 1-ին, նախատեսված է կամերային համերգային ձևաչափերի համար, և Արծրունու ներկայացրած ծրագիրն ու կատարողների կազմը լիովին համապատասխանում էին այդ միջավայրի հատուկ բնույթին։

Բեմում Վահան Արծրունու հետ հանդես եկան Նելլի Մանուկյանը՝ ֆլեյտա, Մադաթ Ավանեսովը՝ դաշնամուր, Արթուր Մոլիտվինը՝ բաս կիթառ, Լևոն Հախվերդյանը՝ հարվածային գործիքներ։ Համերգին մասնակցեց նաև «Վելվետ» լարային քառյակը՝ Դավիթ Հակոբյանի, Դիանա Մեսրոպյանի, Հայկ Մակիյանի և Մարիա Արիստակեսյանի կազմով։

Վահան Արծրունու երաժշտության առանձնահատկություններից մեկը տարբեր գործիքային կազմերի և երաժշտական մտածողությունների գեղագիտական համադրությունն է։ Նրա ստեղծագործություններում կամերային հնչողությունը բնականորեն միահյուսվում է ֆյուժն, ռոքային և պրոգրեսիվ երաժշտության արտահայտչամիջոցներին։ Այս մոտեցումը պայմանավորված է նաև երաժիշտների անհատական կատարողական հնարավորություններով։

«Իմ հիմնական խմբի երաժիշտների հետ համագործակցության երկար տարիների փորձ ունեմ։ Գաղտնիքն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն առաջին հերթին ինքնատիպ մենակատար է՝ թե՛ վիրտուոզ ֆլեյտահարուհին, թե՛ արհեստավարժ դաշնակահարը, բաս կիթառահարն ու թմբկահարը։ Այս կազմը, ըստ էության, մենակատարների նվագախումբ է։ Դրա շնորհիվ այն գործունակ է ամենատարբեր՝ կամերային, ջազային, ռոքային և պրոգրեսիվ երաժշտության ժանրերում։ Հատկապես գործիքային ստեղծագործությունների կառուցվածքը հնարավորություն է տալիս երաժիշտներին հանդես գալու իմպրովիզացիայի լիակատար ստեղծագործական ազատությամբ։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր նոր համերգ տարբերվում է նախորդից և ամեն անգամ բացահայտում նոր էմոցիոնալ երանգներ»,- նշում է կոմպոզիտորը։

«Վելվետ» լարային քառյակի հետ Արծրունու համագործակցությունը սկսվել է դեռևս 2018 թվականին և շարունակվել բազմաթիվ համերգներով։ Նրանց համատեղ ելույթները տարիների ընթացքում ձևավորել են գեղարվեստական փոխըմբռնման մի միջավայր, որտեղ լարային քառյակի ակադեմիական հնչողությունը հատուկ գունավորում է հաղորդում կոմպոզիտորի երաժշտությանը։

Նոյեմբերի 15-ի համերգային ծրագրի հիմքում Կոմիտասի, Ռազմիկ Դավոյանի և Վահան Արծրունու բանաստեղծությունների հիման վրա գրված երգերն էին, ինչպես նաև մի շարք գործիքային ստեղծագործություններ։ Երեկոյի առավել հուզիչ պահերից էր «Այաս» երգի կատարումը։ Երգին ձայնակցող հանդիսատեսը ստեղծեց առանձնահատուկ մթնոլորտ՝ երաժշտական կատարումը վերածելով միասնական հոգեպարար ապրումի։ Այդ պահին բեմի և դահլիճի միջև սահմանը կարծես վերացավ՝ ձևավորելով անկեղծության, վեհության և ներքին ներդաշնակության զգացողություն։

Սակայն նախաձեռնությունն աստիճանաբար դուրս եկավ երկու համերգի շրջանակներից՝ վերածվելով համերգային լայնածավալ շարժման։ Հարցին, թե ինչպես ձևավորվեց այդ համերգաշարը, Վահան Արծրունին պատասխանում է. «Առաջին համերգ-դրամահավաքի հայտարարությունից անմիջապես հետո ինձ սկսեցին դիմել երաժիշտ գործընկերներս՝ առաջարկելով իրենց օգնությունը և պատրաստակամություն հայտնելով մասնակցելու տարբեր ձևաչափերի միջոցառումներին։ Այդպես «Hassassian Project» ռոք խմբի հիմնադիր Սարո Հասասյանը որոշեց նոյեմբերի 7-ի իրենց համերգի ամբողջ հասույթը տրամադրել Անդրեասի բուժմանը։ Այնուհետև զանգահարեց երգահան, երգիչ-կատարող և դերասան Հայկ Պետրոսյանը՝ առաջարկելով նոյեմբերի 18-ի և 20-ի իր համերգների ամբողջ հասույթը նույնպես ուղղել բարեգործական նպատակներին։ Աննա Մայիլյանն էլ որոշեց նոյեմբերի 27-ին իր վոկալ եռյակի համերգով սատարել նախաձեռնությանը։

Մեր «Բարդ ակումբի» ընկերներս՝ երգահաններ Վախթանգ Հարությունյանը, Էդուարդ Զորիկյանը, Արմինե Հայրապետյանը և Մհեր Մանուկյանը, նոյեմբերի 30-ին բարեգործական համերգով հանդես կգան Տիկնիկային թատրոնի բեմում։ Բնականաբար, ես իմ մասնակցությունը կունենամ այս համերգներից յուրաքանչյուրին»։

Այսպիսով, սկզբնական երկու համերգների գաղափարն, ըստ էության, վերաճել է արվեստագետների համախմբված նախաձեռնության։ Դրան նպաստել է նաև Վահան Արծրունու երկարամյա գործունեությունը Հանրային ռադիոյում։ Արդեն շուրջ ինը տարի նա վարում է իր հեղինակային «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարը, որի ուշադրության կենտրոնում հայկական դասական, ժամանակակից ակադեմիական, ժողովրդական, հեղինակային, ջազային և ռոք երաժշտության նշանակալի իրադարձություններն ու երաժիշտներն են։ Եվ այսպես, տարիների ընթացքում ձևավորված մասնագիտական և մարդկային կապերի լայն շրջանակը հնարավորություն տվեց համախմբելու Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ ստեղծագործողների ու կատարողների՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ։

Նախաձեռնությանը միացել է նաև Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրինությունը՝ ստանձնելով դեկտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բարեգործական գալա համերգի կազմակերպումը։ Այն նախատեսված է դասական, ազգային, հեղինակային, ջազային և ռոք երաժշտության ճանաչված կատարողների ու խմբերի, ինչպես նաև երկու երգչախմբերի մասնակցությամբ։ Համերգը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական տարբեր ուղղությունների ներկայացում, այլև համախոհության և համատեղ պատասխանատվության բացառիկ դրսևորում։

«Ուզում եմ երախտագիտությունս հայտնել ինձ սատարող բոլոր երաժիշտներին, պաշտոնյաներին, ԿԳՄՍ նախարարությանը՝ Համազգային թատրոնի վարձավճարը զեղչելու համար, և, իհարկե, հանդիսատեսին, որը ներկա գտնվելով և տոմսեր գնելով՝ իր նյութական աջակցությունն է բերում։ Շնորհակալ եմ նաև այն հարյուրավոր ծանոթ ու անծանոթ մարդկանց և կազմակերպություններին, որոնք իրենց բարի մաղթանքներով, աղոթքներով և նյութական աջակցությամբ օգնում են մեզ հաղթահարելու այս ծանր ժամանակաշրջանի դժվարությունները»,- ասում է Վահան Արծրունին։

«Երաժշտությունը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությունը շատ ավելին է, քան բարեգործական համերգների շարք։ Այն միավորում է տարբեր սերունդների, երաժշտական ուղղությունների և մասնագիտական համայնքների ներկայացուցիչների՝ ապացուցելով, որ արվեստը կարող է ոչ միայն ստեղծել գեղարվեստական արժեքներ, այլև անմիջականորեն ծառայել մարդկային կյանքին։ Այս պատմության մեջ երաժշտությունը դառնում է օգնության ձեռք, իսկ բեմը՝ բարձր մարդկային որակների հաղորդակցության հարթակ։ Եվ թերևս հենց սա է այս ինքնաբուխ նախաձեռնության ամենակարևոր խորհուրդը. արվեստի իրական արժեքը դրսևորվում է ոչ միայն նրա ստեղծագործական էությամբ, այլև անբասիր մարդասիրական առաքելությամբ, որին այն կարող է և պետք է մղել մարդուն և հասարակությանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30