«Ադրբեջանից միշտ հայտարարություններ են հնչում՝ որ չկա Լեռնային Ղարաբաղ: Այո, իրենք ճիշտ են. ԼՂ չկա, կա Արցախի Հանրապետություն, հայկական Արցախ, որը գերկարևոր ճիգեր է գործադրում ապացուցելու աշխարհին, որ ինքնորոշման իրավունք ունի»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց անցկացված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «5165 շարժման» համահիմնադիր Կարին Տոնոյանը:
«5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ ու հասարակական, քաղաքական գործիչներ իրականացրին բողոքի ցույց՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով:

Պատասխանելով այն մտահոգություններին, որ եթե ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ կսկսի՝ Կարին Տոնոյանն ասաց. «Միշտ վախեցա՞ծ պիտի ապրենք: Մեզ պատի՞վ է բերում, որ թույլ տանք, որ նույն Ադրբեջանը քայլ առ քայլ գրավի այն, ինչ վախենում ենք կորցնել»:
Կարդացեք նաև
Այսօր Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից Կարին Տոնոյանը լավ սպասելիքներ չունի: Նա ասաց. «Եթե այսօր որևէ էական բան չստորագրվի, դա չի լինի Փաշինյանի ջանքերի շնորհիվ, այլ այստեղ մեր կանգնելու ջանքերի շնորհիվ: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնք անկախ նրանից՝ Փաշինյանն ինչ էլ ստորագրի, դեմ են լինելու, եթե դրանք դեմ են լինելու Արցախի անկախությանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Ըստ Էդգար Ղազարյանի՝ իրական կապիտուլյացիան հիմա է մեզ սպասվում: Նա պարզաբանեց. «Նոյեմբերի 9-ին՝ այդ կապիտուլյացիայի ստորագրումից հետո այստեղ էին հավաքվել հազարավոր քաղաքացիներ: Մտածում էին, որ դա հայրենիքի կործանում է: Դա կապիտուլյացիա էր հրադադարի մասին: Այն, ինչ հիմա են պատրաստվում անել, Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ կապիտուլյացիայի վերջնական ամրագրում է: Իրական կապիտուլյացիա հիմա է մեզ սպասվում: Դա պետք է կանխել բոլոր ձևերով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































