Այսօր Aravot.am-ը Ազատության հրապարակում զրուցեց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Նրան փոխանցեցինք իշխանականների, մասնավորապես՝ ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի քննադատությունները՝ Վանեցյանին աջակցություն հայտնելուց հետո՝ ձեզ ասում են՝ իշխանության մաս կազմելու ժամանակ, երբ հարմարավետորեն տեղավորված էիք պաշտոնական աթոռներին, որեւէ անհամաձայնություն չեք հայտնել Փաշինյանի ձեռնարկած որեւէ գործընթացների հետ կապված ու միայն հեռացվելուց ու այդ պաշտոնից ազատվելուց հետո եք սկսել ընդդիմադիր դաշտում տեղավորվել: Օսիպյանը պատասխանեց. «Ինչի ես պարտավո՞ր եմ եղել իրեն հաշվետու լինեմ, թե ես ինչեր եմ խոսացել եւ ինչ հարցերի շուրջ եմ քննարկում ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, հա՞: Ոչ էլ պարտավոր եմ: Ես քննադատություններին նորմալ եմ վերաբերվում: Դա այդպես էլ պետք է լիներ: Նաեւ ֆեյքերի ֆաբրիկայի լրահոսում, ֆեյսբուքում իրենց մեկնաբանությունները նորմալ եմ ընդունում»:
Ճշտեցինք՝ այսինքն, հարձակո՞ւմ կա ձեզ վրա՝ Օսիպյանը պատասխանեց. «Ինչի՞ չէ: Նաեւ ուրիշ տեղեկությունների եմ տիրապետում, թե ինչ հանձնարարականներ կան, դա էլ եմ տիրապետում, Թող չկարծեն թե…Ես երկար տարիներ՝ մոտ 32 տարի ուսադիր եմ կրել, այնպիսի վախի մթնոլորտ են մտցրել համակարգ, որ աշխատակիցները վախենան մոտենան, բարեւեն եւ այլն»։

Օսիպյանն ասաց. «Ես մեկ օր էլ չեմ գնացել աշխատանքի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, արձակուրդ եմ ձեւակերպել, վերադառնալուն պես անձամբ դիմել եմ նիկոլ Փաշինյանին, ասել եմ՝ ես ցանկություն չունեմ աշխատելու»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք դժգոհում եք կառավարման որակից, ձեզ իշխանականներն ասում են՝ դա դուք չպետք է որոշեք՝ ոնց է կառավարում Փաշինյանը, դա որոշում է ժողովուրդը՝ ընտրությունների միջոցով ու արդեն որոշել է՝ Օսիպյանը պատասխանեց. «Այո, այո, ես ժողովրդի մաս եմ կազմում, այնպես չի, որ ընձուղտի կարգավիճակով են, թող մի հատ գլուխները հանեն հողի ու ավազի միջից: Որ հրապարակը այս պահին կամ այլ հավաքների ժամանակ մարդաշատ չի լինում, դա չի նշանակում, որ այդքանն են, թող մի հատ շրջեն, շփվեն, հասկանան ինչ է կատարվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































