44-օրյա պատերազմում Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ քայլին՝ հացադուլին է դիմել, որովհետեւ այլեւս չեն կարող վստահ լինել, որ «դավաճանը չի ձերբակալվելու». «Արդեն տարի ու կես է՝ մեր պահանջը չի իրականացվում: Սոված մնալը ծայրահեղ քայլ չի, ծայրահեղ քայլը կլինի մայիսի 8-ին, այ դա՛ կլինի ծայրահեղ քայլ, երբ որ ես կիրականացնեմ: Բայց այսօրվա 13 օր հաց չուտելը, երբ համեմատում ես մեր տղաների արածի հետ, ոչինչ է»:

Հարցին՝ կոչ եք անում ձերբակալե՞լ Նիկոլ Փաշինյանին՝ Միսակ Ավետիսյանը պատասխանեց. «Ես կոչ եմ անում դատախազությանը, ԱԱԾ-ին, որ իրենց պարտականությունները իրականացնեն, որովհետեւ ինքը բարձր ամբիոնից խոստովանեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը ու լինելու էր այս նույն իրավիճակը ու չի արել: Հակառակը՝ պատերազմի օրերին կոչ էր անում ով տունը ինչ ունի-չունի, վերցնի գնա կռիվ»:
Զոհվածի ծնողը խոստացավ՝ հենց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց, ինքը անձամբ մասնակցելու է Մատաղիսի համար կռիվներին ու Մատաղիսն անպայման հետ ենք բերելու, որովհետեւ իր տղայի արյունը թանկ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ















































