Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնաձորի վառ գույնը

Մայիս 05,2022 12:30

Գլոբալիզացիայի այս դարում կյանքի ռիթմը անհամեմատ արագացել է. բոլորը համատարած վազքի մեջ են: Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների՝ աշխարհը կարծես փոքրացել է, վերաիմաստավորվել են տարածության ու ժամանակի դասական պատկերացումները, աստիճանաբար դուրս են մղվում դարերից եկած ավանդույթներն ու սովորույթները: Մարդիկ ֆիզիկապես ավելի քիչ են շփվում միմյանց հետ, առավելությունը տրվում է վիրտուալ շփումներին: Այս ամենը հանգեցրել է նրան, որ ներկա սերնդի մեծ մասը գրեթե չի ճանաչում իր նախնիներին, իր՝ որտեղից սերված լինելու պատմությունը: Այս տեսակետից չափազանց կարեւորվում է Ֆրունզե Եսայան հեղինակի մեծածավալ աշխատությունը Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի պատմության վերաբերյալ: «Աղավնաձորի պատմությունը», որը հրատարակվել է 2001 թվականին, հեղինակի 20 տարվա անբասիր աշխատանքի արդյունքն է։ Ստեղծելով այս աշխատությունը՝ հեղինակը նպատակ է ունեցել իր սերունդներին ու տեղի երիտասարդությանը թողնել Աղավնաձորի վերաբերյալ որոշակի պատմություն, ինչի համար օգտվել է գրավոր աղբյուրներից, գյուղի մեծերի կողմից պատմած փաստերից, միաժամանակ եղել է որոշ դեպքերի ականատեսն ու մասնակիցը։ Այն ընդգրկում է փաստեր Աղավնաձոր գյուղի հիմնադրումից՝ 13-րդ դարից մինչեւ 1995 թվականը։ Գրքում կան Վայոց ձորի մասին պատմական հիշատակություններ եւ իրադարձությունների վերլուծություններ։ Գիրքը հատկապես կարեւորվում է նրանով, որ հեղինակը մանրամասն անդրադարձել է գյուղում ապրած եւ ապրող տոհմերին, նրանց հիմնադիրներին եւ այսօրվա շառավիղներին։

Գրքում հեղինակն անդրադարձել է նաեւ երրորդ հանրապետության առաջին տարիներին, Հայաստանի Հանրապետությանը վերաբերող կարեւորագույն իրադարձություններին, ազգամիջյան հարաբերություններին եւ նմանատիպ շատ կարեւոր եւ արժանահիշատակ հարցերի։

2008 թվականին լույս է տեսել Ֆրունզե Եսայանի երկրորդ գիրքը՝ «Ինքս իմ եւ այլնի մասին» վերնագրով, որտեղ, ծանոթանալով հեղինակի կենսագրական դրվագներին, ընթերցողն ամբողջությամբ պատկերացում է կազմում Հայրենական մեծ պատերազմի ընթացքում կյանքի ողջ ծանրության, դժվարությունների, խորհրդային ժամանակաշրջանի տիրող կարգերի եւ բարքերի մասին։
Ֆրունզե Եսայանը հեղինակ է նաեւ մի շարք հրապարակախոսական աշխատանքների:

Հավելենք, որ Ֆրունզե Եսայանը ծնվել է Եղեգնաձորի շրջանի Աղավնաձոր գյուղում: Երբ հայրը մեկնում է ռազմաճակատ եւ զոհվում, լինելով ընտանիքի ավագ որդին՝ ընտանիքի հոգսերը հոգալու նպատակով 1943 թ. նա թողնում է դպրոցը եւ անցնում աշխատանքի՝ գյուղի կոլտնտեսության հաշվապահությունում որպես հաշվետար: Աշխատելու վերջին տարիներին զուգահեռ պարապում է 8-10 դասարանների ծրագրով նախատեսված առարկաները եւ 1950 թվականին, հանձնելով քննությունները, ավարտում է Աղավնաձորի միջնակարգ դպրոցը։ 1951-1956 թվականներին սովորում եւ ավարտում է Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։

Ֆրունզե Եսայանը Վայոց ձորի մարզի Խաչիկ եւ Աղավնաձոր գյուղերում 44 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Նա իր նախնիների եւ իր գյուղի պատմությունը սիրող եւ հավերժացնող, ողջ կյանքում աշխատանքին նվիրված, սերունդներին կրթելու եւ հայոց պատմությունը շրջապատին փոխանցելու ցանկությամբ լեցուն մի բարի, աշխատասեր, օրինակելի մարդ էր։ Լինելով պատմության գիտակ՝ նա եղել է նաեւ լավ մեղվապահ, այգեգործ, սիրված հայր, ամուսին եւ անկրկնելի պապ իր թոռների համար։ Ֆրունզե Եսայանը ապրեց 94 գունեղ տարիներ եւ այս տարի գարնանը հեռացավ՝ թողնելով իր ընտանիքին եւ հարազատներին գեղեցիկ եւ վառ հիշողություններ, իսկ Աղավնաձորի բնակիչներին՝ ինքնաճանաչման ուրույն կողմնացույց։

Մարիամ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031