«Այս տարի օգոստոսի 16-ին Աղավնաձոր բնակավայրում կնշվի Խաղողօրհնեքի տոնը: Այն արդեն երրորդ անգամ է անցկացվում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանը: Նրա ձեւակերպմամբ՝ տոները Արենի համայնքի զարգացման համար շատ մեծ հնարավորություն են: «Մենք ուզում ենք, որ զարգացումը դուրս գա Արենի բնակավայրից, միայն չսահմանափակվի Արենիով: Ինչպես գիտեք, Արենի բնակավայրը հայտնի է գինեգործության, խաղողագործության հազարամյա պատմությամբ: Արենի բնակավայրում արդեն 19-րդ անգամ կանցկացվի գինու փառատոնը: Այս առումով շատ կարեւոր է, որ նման փառատոները բացահայտեն մեր բնակավայրերը, եւ պատմամշակութային ժառանգությունը ներկայացվի»,- ասաց Սյուզան Մարգարյանը:
Նա անդրադարձավ նաեւ Արենիի գինու կլաստեր ներդրումային ծրագրին, որն իրականացվում է էկոնոմիկայի նախարարության եւ Զբոսաշրջության կոմիտեի ու Արենիի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Ընդգծեց, որ մասնավորապես Աղավնաձորը մեծ զբոսաշրջային ներուժ ունի. «Աղավնաձորում գործում է գինու 4 գործարան, եւ այստեղ մշակվում է մոտ 500 հա խաղողի այգի: Աղավնաձոր բնակավայրն այս պահի դրությամբ դիտարկում ենք որպես գինեգործության, խաղողագործության եւ զբոսաշրջության նոր ուղղություն»: Սյուզան Մարգարյանը նորից շեշտեց, որ փառատոներն իրենց ազդեցությունն ունեն Արենի համայնքի վրա, օրինակ, եթե նախկինում գործում էր 5 հյուրատուն, այժմ դրանց թիվը հասել է 23-ի, կա գինու ընտանեկան ավելի քան 130 արտադրամաս, 5 տնային ռեստորան, Արենի համայնքը մեծ թափով զարգանում է՝ դառնալով անվտանգ եւ ապահով ներդրումային հարթակ:
Արենիի համայնքապետարանի գնումների համակարգող Արմինե Վարդանյանն ասաց, որ Սյուզան Մարգարյանի հետ համատեղ հետաքրքիր նախաձեռնություն են սկսել՝ ներկայացնել բնակավայրերը սոցիալական հարթակներում. «Առաջին գյուղը, որտեղ նկարահանումներ են իրականացվել, Արենի բնակավայրն էր, ներգրավել է պրոֆեսիոնալ նկարահանող ֆիլմ: Նկարահանումներ են կատարվել Աղավնաձորում, մասնակիորեն նաեւ Ռինդում: Մեր գործունեությունը շարունակվելու է մնացած բոլոր բնակավայրերում եւս»: Հավելեց, որ ֆիլմերը նկարահանելիս ուշադրություն են դարձնում պատմամշակութային կոթողներին, ավանդույթներին, տոներին՝ այդպիսով փորձում են հանրահռչակել Արենիի բնակավայրերը, գյուղերը՝ զբոսաշրջիկներին ուղղորդելով այցելել գեղեցիկ եւ հետաքրքիր վայրեր:
Աղավնաձորցի չրագործ Մարիամ Սահակյանն ասաց, որ անհամբերությամբ են սպասում խաղողօրհնեքին: Նա տեղեկացրեց, որ արդեն երրորդ տարին է մասնակցում է գինու փառատոնին՝ ներկայացնելով տեղական ճաշատեսակներ, գյուղի բերքը: Նրա խոսքով, ամեն մի թաղամաս ունի իր ճաշատեսակը, որը հետո արժանանում է ժյուրիի գնահատականին: Մարիամը նշեց, որ համայնքի երիտասարդները ոգեւորվում են փառատոների անցկացմամբ, հատկապես, որ դրանց շնորհիվ նկատելի է զբոսաշրջիկների ներհոսքի մեծացում իրենց բնակավայր:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































