Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանում Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգործիչների միության միջեւ պայմանագիր վավերացվեց: Արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
Այս կազմակերպությունների, ինչպես նաև «Գյոթե ինստիտուտի» համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել Կինոյի տան մեծ դահլիճը վերազինել ժամանակակից կինոցուցադրման տեխնիկայով: Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո գործարկվեց Կինոյի տան նորացված մեծ դահլիճը եւ որպես առաջին ցուցադրություն ներկաները դիտեցին Թերենս Մալիկի «Թաքնված կյանք» ֆիլմը:



«Այս շրջանում այս քաղաքում այնքան շատ բացասական զգացողություններ են շրջանառվում, այդ ամենն ուղղված է անցյալին, իսկ մենք պետք է առաջ նայենք՝ ապագային: Մենք վստահ ենք, որ մշակույթն այն ճիշտ ոլորտն է, որը կարող է եւ ունի այդ հնարավորությունը՝ զարգացնելու եւ կերտելու ազգային ինքությունը՝ դրական ուղղվածություն տալով: Եվրոպական Միությունը շատ կարեւորում է ստեղծարար տեխնոլոգիաները եւ ստեղծարար բիզնեսի ներդրումը: Վստահ եմ, որ այս հրաշալի վայրի հրաշալի նորոգումից հետո այն թույլ տա եւս մեկ մղում փոխանցել մշակութային տուրիզմի զարգացմանը Հայաստանում»,-ասաց ԵՄ դեսպանը:
Կարդացեք նաև
«Մենք արդեն ձեր նվերը սկսել ենք բաժանել Հայաստանում եղած բոլոր կինեմատոգրաֆիստներին: Մենք հնարավորություն ենք տալիս այստեղ անվճար անել իրենց փառատոների բացում-փակումը: Իսկ, օրինակ, իմ սիրելի ընկեր Արայիկ Մանուկյանը սկսել է դասերն աշակերտների հետ այս դահլիճներում»,-ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիրներից Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































