Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդը գող է՝ թղթերով, բանով գող-ավազակ է, հիմա լռենք, այդ գողերը մնան, փորձեն մի հատ էլ հե՞տ գալ». Մարուքյանը՝ «Սաշիկի», Սուրիկ Խաչատրյանի եւ թալանի մասին

Մայիս 09,2022 18:05

Այսօր լրագրողների հետ զրույցում Արտաշես Գեղամյանն ասել էր՝ իշխանականները սատանիստներ են ու շուտով կհամոզվենք դրանում: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հարցին, թե «սատանիստների» հետ ի՞նչ է անում՝ պատասխանեց. «Որ փոքր էի, չէի պատկերացնում, որ մի օր կմեծանամ, Արտաշես Գեղամյանին կմեկնաբանեմ»:

Հարցրեցինք՝ այսօր ձեզ էլ են քննադատում՝ իշխանությունների կողքին կանգնելու համար, ասում են, որ դուք ծախվել եք, հաճախորդ եք, այդ բոլոր պիտակներին ո՞նց եք վերաբերվում՝ Մարուքյանը պատասխանեց. «Նախ պետք է նայել, թե ով է դա ասում; Եթե դա ասում են այն ուժերը, ովքեր Հայաստանն ինչ ունի-չունի՝ գողացել են, տարել, ասենք, Լոս Անջելեսում 63 մլն դոլարով տուն կառուցել, բնականաբար, արհամարհում եմ: Եթե ասում է ինչ-որ մեկը, որը մոլորված է, պրոպագանդայի տակ է, բացատրում եմ, որ Հայաստան պետություն այլեւս չկա, այս մի հատն է: Կա՛մ մենք դասեր ենք քաղում եղածից, այս վիճակից երկիրը հանում ենք, կա՛մ մենք այս պետությունն էլ կարող ենք կորցնել: Արտաշես Գեղամյանն ասում է՝ սատանիստներ են, դա քաղաքակա՞ն հռետորաբանություն է: Ես կարող եմ մեկնաբանել քաղաքական խոսքը, ենթադրում եմ, որ դա հոգեւոր աշխարհի դաշտից է: Եթե հոգեւոր հավատքի դաշտից է, Արտաշես Գեղամյանը աչքի չի ընկել իր հավատքով, եթե դարձի է եկել ի շրջան Հայ առաքելական սուրբ եկեղեցու, դա ուրիշ հարց է»:

Հարցին՝ թալանից եք ասում, թալանի «երգը» երգված չի՞, 4 տարի անցավ, թալանչի չբռնեցին՝ Մարուքյանը արձագանքեց, որ ինքն էլ է քննադատում. «Այսօր բանտերում բավականին շատ տեղեր կան, ես գտնում եմ, որ լիքը մարդ պետք է բանտերում լիներ, բայց բանտերում չի: Պետք է խոսաս, որ բռնեն, որ չխոսաս՝ այդ թալանչիները արդեն գալիս դասեր են տալիս, գալիս, լեկցիա են կարդում, հասկանո՞ւմ եք, սովորեցնում են ձեզ ինչպես լրագրող աշխատել, ինձ սովորեցնում են՝ ինչպես աշխատել քաղաքական գործիչ: Բայց այդ մարդը գող է՝ թղթերով, պասպորտով բանով գող-ավազակ է, հիմա լռենք, այդ գողերը մնան, փորձեն մի հատ էլ հետ գալ, նորի՞ց գողանալ»: Հորդորեցինք գողի անուն տալ՝ Մարուքյանն ասաց, որ չի ուզում, հաղթանակի օր է:

Հարցրեցինք՝ ընդդիմությունը դուրս է եկել փողոց ու հանուն Արցախի պայքարում է, դուք նրանք անկեղծությանը չե՞ք հավատում, օրինակ, չե՞ք հավատում, որ Սուրիկ Խաչատրյանը կոչով է հանդես գալիս, որ մարդիկ դուրս գան պայքարի՝ Մարուքյանը պատասխանեց. «Չէ, ես հիմա Սաշիկի անկեղծությանը ի՞նչ հավատամ, կամ, ասենք, Սուրիկ Խաչատրյանի, ամեն ինչ սահման ունի, Արցախը փրկելու համար դուրս են եկել: Նայեք, եղել են ընտրություններ մենք մեր մանդատները զոհաբերել ենք, ցրել ենք պառլամենտը, ժողովուրդը գնացել է ընտրատեղամասեր ու որոշել է, իրենց տվել է երկրորդ, երրորդ ուժը, ՔՊ-ին առաջին, մեզ էլ ոչ մի բան չի տվել: Հիմա մենք ի՞նչ անենք ճանապարհնե՞ր փակենք, ցույցեր անենք, թե ո՞նց իշխանություն չունենք: Ժողովուրդը որոշել է, հաջորդ որոշման ժամկետը 5 տարի է, նոր է եղել ընտրությունը: Որպես քաղաքական գործիչ՝ կարող եմ, չէ՞, ուզեմ նոր ընտրություն, միգուցե մենք էլ անցնենք, հաստատ կանցնենք, բայց չեմ ուզում, ցանկացած ցնցում հղի է նոր պատերազմներով: Մարդիկ անգիր այդքանը գիտեն, բայց երբ իրենք ավելի բարձր են դասում Սուրիկ Խաչատրյանին հետ բերելու, որ մարզպետ աշխատի, քան Հայաստան պետությունը, իրենց իրավունքն է, թող անեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031