«Արցախահայության անունից երաշխավորված եմ հայտարարել՝ Արցախը դիմադրության շարժման կողքին է»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։
Նա վստահեց՝ արցախահայությունն իր ապագան կապում է միայն իշխանափոխության հետ։
Անդրադառնալով այն դիտարկումներին՝ ինչո՞ւ Արցախը ոտքի չի կանգնում, հանրահավաք չի անցկացնում, Ալյոշա Գաբրիելյանն ասաց․ «Արցախի ժողովուրդն անչափ համբերատար է։ Եվ նա վստահում է իր ներկայացրած մարմիններին, որոնք հայտարարել են՝ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու»։ Նա զգուշացրեց՝ մենք ունենք մի կարմիր գիծ, և այն հատողներն արժանանալու են հայ ժողովրդի ոչ միայն ատելությանը, այլև որպես դավաճան իր արժանին են հատուցելու։
Ըստ նրա՝ թյուր են այն կարծիքները, թե Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում ու հայտարարեց․ «Ոչ, Նիկոլ, ոչ, իշխանություն, առանց Արցախի չկա Հայաստան և առանց Հայաստանի չկա Արցախ։ Մենք միասնական եղել ենք ու պիտի լինեն»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: