Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցությամբ այս օրերին Հայաստան են ժամանել ութ միջազգային ճանաչում ունեցող միջատաբաններ Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Սլովակիայից։ Նրանք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ ուղղված Հայաստանում նոր տեսակի թիթեռների և միջատների հայտնաբերմանը։
Գիտնականներից մի քանիսը Հայաստանում արդեն եղել են, մյուսները փաստում են՝ Հայաստան մշտապես երազել են այցելել։ Նախորդ այցի ընթացքում այստեղ հայտնաբերել են բացառիկ թիթեռների, որոնց հասցրել են գրանցել համաշխարհային գանձարանում։ Տպավորված են հայկական հյուրընկալությամբ և, իհարկե, բնությամբ։
«Մեզ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես է իրականացվում վայրի բնության պահպանությունը Հայաստանում։ Այստեղ գտել ենք կենսաբազմազանություն, որը դժվար է գտնել Եվրոպայում։ Ուրախ ենք, որ կարող ենք օգնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետներին մոնիթորինգ իրականացնելու հարցում, բացահայտել տեղեկատվություն այն տեսակների վերաբերյալ, որոնք առկա են տարածաշրջանում։ Այս պահպանության տարածքն ասես Հայաստանի գանձարանն է․ Գերմանիայում մենք նման մեծ տարածք չունենք», -նշում է պրոֆեսոր, դոկտոր Հարթմուտ Ռովերիքը Գերմանիայից։ Ասում է՝ գիտնականները նպատակադրված են պարբերաբար գալ Հայաստան՝ տարբեր եղանակներին։
Լիտվայից Պովիլաս Իվինսկիսը 30 տարի առաջ է այստեղ եղել, հետաքրքրված է, թե ինչպես է փոխվել ամեն ինչ երկրում։ Փաստում է՝ կախված եղանակից՝ կենդանական աշխարհը փոխվում է, իսկ Հայաստանում շատ նոր տեսակներ են գտել։
Կարդացեք նաև
Դանիայից Բյարնե Սկուլեն, բացի գիտական ուսումնասիրություններից, շատ է սիրում միջատների լուսանկարներ անել։

Այս պահին գիտնականների աշխատանքները շարունակվում են, և նրանք լիահույս են նոր տեսակներ հայտնաբերելու և միջազգային գանձարանում դրանք ավելացնելու հարցում։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ






















































