«Աղջիկներին բերման են ենթարկել՝ վայրագություններով: Մեր տղաներին՝ գլուխները ասֆալտին հարվածելով՝ տարել են, նույն ձեւ՝ նաեւ աղջիկներին՝ սալջարդեր պատճառելով, դեռ կոտրվածքները՝ չգիտենք: Վայրենավարի բերման են ենթարկել»,- Իսահակյան փողոցում, անհնազանդության գործողության ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտից Երեւանում կրկին անհնազանդության գործողություններ են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում «Դիմադրության» շարժման անդամները փողոցներ են փակել: Փակ է նաեւ Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Իսահակյան պողոտայից, որը փակել էին ՀՀԿ-ականները, ոստիկանները նախ տղամարդկանց բերման ենթարկեցին՝ բավական կոպտորեն: Բողոքի գործողությունը շարունակեցին կանայք: Իրավիճակը մի քանի անգամ լարվեց, ապա ոստիկանները սկսեցին նաեւ կանանց բերման ենթարկել՝ նույն կոպիտ վարքագծով: Ընդամենը չորս ցուցարար կին էին, որոնց բերման չէին ենթարկել, նրանց հսկում եւ քայլելիս ուղեկցում էին հինգ տասնյակից ավել կարմիր բերետավորներ: «Նայեք՝ չորս աղջիկ, 44 նիկոլահպատակ չգիտես ովքեր. սա է այսօրվա Հայաստանի դեմքը, սա է Նիկոլի դեմքը»,- հայտարարեց Աննա Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով մայթերից ցուցարարներին սատարող, նրանց ոստիկաններից պաշտպանող քաղաքացիներին: Պատգամավորը վստահեցրեց, որ այս ամենի եւ իրավական, եւ քաղաքական եւ հասարակական գնահատականն, իշխանափոխությունից հետո, տրվելու է:
Կարդացեք նաև

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ























































