Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի քաղաքականությունը միտված է վերացնելու հայկական հետքը գրավյալ տարածքներում»․ գիտաժողով Վիեննայում՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներով

Մայիս 17,2022 23:50

«Գիտաժողովն աննախադեպ էր նրանով, որ հիմնական կազմակերպող կողմը միջազգային կառույցներն էին ու եկեղեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վիեննայում կայացած «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկմանը, ասաց վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը։ Նշենք, որ ադրբեջանցիներն ամեն գնով փորձել են խոչընդոտել գիտաժողովի կազմակերպմանը, սակայն  չի ստացվել։

Գիտաժողովն անցկացվել է մայիսի 13-14-ին Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հիմնախնդիրներն ու սպառնացող վտանգներն էին։ Գիտաժողովը կազմակերպվել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի՝ Ավստրիայի կոմիտեի, Զալցբուրգի համալսարանի հայագիտական բաժնի, «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության Ավստրիայի մասնաճյուղի և «Ռոերիխի պակտ» ընկերակցության և Վիեննայի Արվեստի պատմության թանգարանի  կողմից։ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի՝ Ավստրիայի կոմիտեի և Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի ղեկավար դոկտոր Յասմին Դում-Թրագուտը, խոսելով գիտաժողովի նախաձեռնության մասին, ասաց․ «Ինձ համար ամենակարևորը Եվրոպայում Արցախի հարցով իրազեկման բարձրացումն էր։ Եվրոպայում չգիտեն Արցախի մասին, միայն պատերազմի օրերին լսեցին Արցախի մասին, այնուհետև մոռացան։  Մեզ համար կարևոր է, որ Արցախի խնդրին նայենք Եվրոպայի աչքերով, մեր եվրոպական կրթությամբ»։

Հայագետը նշեց, որ գիտաժողովից առաջ տեղի ադրբեջանական համայնքն ու դեսպանատունը նամակներ էին ուղարկել միջոցառման մասնակիցներին, Վիեննայի թանգարանին, Ավստրիայի պետական կառույցներին, նույնիսկ՝ բանակին։ Բայց այդ ամենն ազդեցություն չի ունեցել, միջազգային բանախոսները, կազմակերպիչները հետ չեն կանգնել։ Սեդա Գրիգորյանն ասաց․ «Այնտեղ ավելացված անվտանգություն ապահովեցին մեզ համար և ապահովեցին ամբողջ միջոցառման անխափան ընթացքը։ Այդ առումով միանշանակ, իհարկե, կարող ենք ասել, որ ադրբեջանական հակազդեցությունն ու հակաքարոզչությունը ձախողել են»։ Խոսելով միջոցառման արդյունքների մասին՝ Սեդա Գրիգորյանն ասաց․ «Արցախյան մշակութային ժառանգության կարգավիճակի մասին միջազգային հարթակում խոսելը և նման հեղինակավոր կառույցներում միջոցառում իրականացնելն արդեն իսկ մեծ արդյունք է։ Ունենալ այդ հարթակն ու այն միջազգային կառույցները, որոնք սատարում են միջոցառումը, արդեն իսկ հաջողություն է վեր հանելու համար արցախյան ժառանգության խնդիրը»։ Սեդա Գրիգորյանի խոսքով՝ կարևոր էր, որ հենց միջազգային  փորձագետներն էին ընդգծում, որ երբ խոսում ենք Արցախում հայ քրիստոնեական ժառանգության մասին, մենք խոսում ենք աշխարհի մշակութային ժառանգության մասին և հենց այդ պատճառով էլ կարևորում էին, որ աշխարհը խոսի և քայլեր ձեռնարկի դրա  պաշտպանության և հետագա կորուստների կանխարգելման ուղղությամբ։ Բանախոսները ներկայացրել են միջազգային իրավունքի գործիքակազմերի գործարկման միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության տարբեր նախաձեռնություններ, որոնք կարող են օրինակելի լինել Արցախի պարագայում, մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021թ․ դեկտեմբերին կայացրած վճռին,  համաձայն որի` Ադրբեջանը պարտավորվում է հրաժարվել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման իր քաղաքականությունից։

Բանախոսները նաև ներկայացրել են միջազգային և հայկական նախաձեռնություններ, որոնք ծառայում են այդ ժառանգության պահպանմանն ու խնդիրների վեր հանմանը։ Որպես միջոցառման համակազմակերպիչ, «Միջազգային Կապույտ վահանի» հիմնադիր նախագահ Կառլ Հաբսբուրգն անթաքույց քննադատական գնահատական է տվել ադրբեջանական գործողություններին և կարևորել հայ մշակութային գործիչների, բանակի ներկայացուցիչների շրջանում մշակութային ժառանգության պահպանման հմտությունների և միջազգային փորձի փոխանցումն ու կիրառումը։ Նա արձանագրել է նաև, որ ընթացքի մեջ է Հայաստանում «Կապույտ վահանի» ազգային կոմիտեի կազմավորումն ու պաշտոնական գրանցումը, ինչը հնարավորություն կտա ռազմական գործողությունների և աղետների պայմաններում վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության այդ միջազգային կառույցին գործունեություն ծավալել նաև Հայաստանում։

Այս առիթով Սեդա Գրիգորյանն ասաց․ «Կապույտ Վահանը միջազգային իրենց ցանցի ամենաուժեղ  կենտրոններից մեկն է և միջոցառման համակազմակերպիչն էր։ Տեղում հստակ համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանում մոտ ժամանակներում կբացվի Կապույտ վահանի  հայաստանյան ներկայացուցչությունը, ազգային կոմիտեն, ինչը հնարավորություն կտա այդ կազմակերպության փորձն ու գիտելիքը բերել Հայաստան»։

Սեդա Գրիգորյանն նկատեց՝ փորձը ցույց է տալիս, որ միջազգային մակարդակում մարդիկ չեն հասկանում, թե հակամարտությունն ինչի մասին է ու մանրամասնեց․ «Մենք ձախողել ենք ճիշտ մատուցել խնդրի էությունը, և մարդիկ չեն պատկերացնում, թե տեղում ինչ է կատարվում։ Ինչպես է լինում, որ մշակութային ժառանգություն է վերանում։ Այդ առումով այստեղ ներգրավված փորձագետները բավականին տեղյակ են, քանի որ իրենք արդեն ուսումնասիրել են խնդիրը, բայց լայն հանրությունը տեղյակ չէ, ու մենք խնդիր ունենք դա մեկնաբանելու։ Շատ ելույթներում հայ փորձագետները խնդիրը մատուցում էին՝ Նախիջևանի օրինակի հետ զուգահեռ տանելով, քանի որ մենք 1960-ականներից մինչև 2000-ականների սկիզբ ականատես ենք եղել Նախիջևանում 27 հազար հայ մշակութային հուշարձանների վերացմանը, և դրա մեծ մասն իրականացվել է հենց վերջին 20 տարիների ընթացքում՝ Իլհամ Ալիևի կառավարման ժամանակ։ Երբ դա ներկայացնում ենք, մարդիկ արդեն հասկանում են, թե ինչ է կատարվում և ինչ կարող է լինել Արցախում։ Գիտաժողովի մասնակիցները հստակ շեշտադրումներ էին կատարում՝ ընդգծելով ադրբեջանական քաղաքականությունը, որը միտված է վերացնելու հայկական հետքը գրավյալ տարածքներում, և այնտեղ երկրորդ կարծիք չկար»։

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրեն, ճարտարագետ Րաֆֆի Քորթոշյանը գիտաժողովի ընթացքում լուսանկարներով ներկայացրել է հուշարձանների տեղորոշումն ու կարգավիճակը, «Մշակութային ժառանգության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Անի Ավագյանը՝ Արցախի թանգարանները, թե ինչ հավաքածուներ են կորել, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջազգային կապերի ավագ մասնագետ Սոնա Բալոյանը ներկայացրել է Մատենադարում այս պահին պահվող արցախյան ձեռագրերը, Արցախի ձեռագրատները։ Վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը հանդես է եկել «Մշակութային հակամարտություն» վավերագրական ֆիլմի ներկայացմամբ և մի դրվագի ցուցադրությամբ, որտեղ ներկայացվում է Նախիջևանում իրականացված մշակութային ցեղասպանությունն ու զուգահեռներ անցկացվում ներկայում Արցախի ժառանգության վտանգված հուշարձանների կարգավիճակի հետ:

Գիտաժողովի շրջանակում տեղի է ունեցել ցուցահանդես՝ ներկայացնելով Վիեննայի Մխիթարյան Միաբանության գրադարանում պահվող՝ Արցախում տարբեր ժամանակներում ստեղծված ձեռագիր և տպագիր մատյաններ և ուշագրավ այլ նյութեր։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031