44- օրյա պատերազմի հենց առաջին օրը Ջրականում (Ջաբրայիլ) զոհված ժամկետային զինծառայող Նորայր Սողոմոնյանի մայը՝ Սյուզան Վարդանյանը, որդու մահվան հանգամանքների բացահայտման սեփական հետաքննությունն է սկսել: Նրա խոսքով՝ բացահայտել է կարեւոր փաստեր՝ հրամանատարական կազմի փախուստից մինչեւ հզոր զենքի չկրակելու դեպքեր, ու այդ բոլոր փաստերը փոխանցել է Քննչական կոմիտե՝ քրեական գործ սկսելու պահանջով: Սյուզան Վարդանյանի բացահայտումների հետքերով քրեական գործ չի հարուցվել, միայն օրեր առաջ հրավիրվել է հարցաքննության:


Նորայր Սողոմոնյանը մեկ տարի անհետ կորած է համարվել , երկու ամիս առաջ են գտել նրա դին, այդ ընթացքում, մոր պատմելով՝ ինն անգամ դիրքեր են գնացել որոնողական աշխատանքների. «Եղբայրս, որը մասնակցում էր որոնողական աշխատանքներին, հայտնաբերել է չկիրառված զենքը: Խոսել ենք զենքի պատասխանատուի հետ, սկզբում ոչինչ չէր պատմում, ասում էր՝ չի հիշում, կանտուզիա է տարել, բայց երբ շատ պնդեցինք, հիշողությունը վերականգնվեց: Ասաց՝ փախել ենք, չենք կրակել: Արդյունքում, երկու-երեք մարտական դիրքերի տասնյակ տղաները զոհվեցին»:
Սյուզան Վարդանյանը պնդում է, որ ձեռքի տակ շատ փաստեր ունի, սպասում է՝ քրեական գործի հարուցմանը, որ միջնորդությունների ձեւով ներկայացնի: Նա պահանջում է պատժել որդու ու տասնյակ զինվորների զոհվելու համար մեղավորներին:
Կարդացեք նաև
Նորայր Սողոմոնյանը հուլիսի 1-ին կդառնար 22 տարեկան: Ավարտել էր Վայոց ձորի գեղարվեստի դպրոցը, ընդունվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժին ու զորակոչվել բանակ: Նորայրի բացակայությամբ ծննդավայրում ծննդյան օրը կցուցադրվեն նրա աշխատանքները՝ մոտ 100 կտավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































