ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու դեմ վերաքննիչ բողոքի քննության հերթական նիստը։


«Առանց որեւէ բան ասելու՝ դատավորը նայեց ժամին ու ասեց, որ հետաձգվում է նիստը եւ նշանակվում հունիսի մեկին՝ 12:30-ին։ Ակնհայտ է, որ դատախազները, դատավորը դեռեւս տրամադրված չեն, որ նիստը հրապարակային անցկացվի։ Դատախազների խոսում անթույլատրելի հայտարարություններ հնչեցին, թե ականջահաճո հայտարարություններ են լինում, մինչդեռ արդարադատության շահը պահանջում է, որ հարցերին տրվեն հրապարակային պատասխաններ»,-լրագրողներին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Կարդացեք նաև
Նա պատասխանատուներին կոչ արեց ապահովել նիստի բնականոն ընթացքը, եւ եթե դատավորին խանգարում է դահլիճում ներկա գտնվել ցանկացող քաղաքացիների թիվը, ապա այս գործի համար համապատասխան դահլիճ է պետք ընտրել։
«Հույս ունենք, ակնկալում ենք, որ դատավորը կփոխի որոշումը, եւ ծնողները կկարողանան մասնակցել նիստին։ Այլ կերպ չի էլ կարող լինել, ողջամիտ վերաբերմունքի դեպքում հնարավոր չէ ծնողներին արգելել։ Ծնողներով խոսել ենք, արձանագրել, որ փորձելու ենք մեր զգացմունքային դաշտն ավելի լավ կառավարել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 5165 շարժման համահիմնադիր, 2020թ․ պատերազմում որդուն կորցրած Կարին Տոնոյանը։
Նա հարցադրում արեց․ «Ո՞վ է երաշխավորելու, որ հաջորդ անգամ այսպես չի լինի։ Մենք գնալու ենք ԲԴԽ, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր՝ եթե ձեր պահանջը չկատարվի, նորից եկեք խոսելու։ Մեր բողոքը նաեւ այն է, որ դատերը չպետք է այսքան կարճ տեւեն։ Մեզ չի հետաքրքրում, որ դատավորների թիվը քիչ է, սա հերթական դատ չի, որ նիկոլիզմի պես վարվեն։ Սա նիկոլիզմյան դրսեւորում է։ Զինվորի հարազատի գործով մինչեւ գիշեր դատ էին անում, իսկ այստեղ Նիկոլ Փաշինյանի հետ գործ ունենք, իսկ նա՞ քանի սպայի եւ զինվորի վրա է ձեռք բարձրացրել, պատկերացնո՞ւմ եք քանի զինվոր է զոհվել։ 2010թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանին կալանավայրում ծեծել էին, ինքը տուժող ճանաչվեց։ Հիմա 4000 զոհի դեպքում քրեական գործ չի հարուցվում, որքանո՞վ է տրամաբանական»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ





















































