Լրահոս
Օրվա լրահոսը

«էշի տղա, հեսա բերնին կուտի», «Դուք միլիցիա եք, թե՞ գողական»»․վիճաբանություն զոհված զինծառայողների հարազատների եւ դատական կարգադրիչների միջեւ

Մայիս 25,2022 19:51

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր Հակոբ Մարտիրոսյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝  առաջին ատյանի դատարանի  որոշման օրինականությունն ու հիմնավորվածության ստուգումը։

Հակոբ Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը 2021 թվականի հունիսին ներկայացրել էին  հանցագործության մասին հաղորդում՝  պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան՝ դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու համար եւ խնդրել այս հանգամանքը դիտարկել որպես անգործություն։

Առաջին ատյանի դատարանը մերժել էր Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու բողոքը։

Այսօրվա դատական նիստում Մարտիրոսյանը, ներկայացնելով միջնորդությունը, ասաց. «2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանն ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնք օգնել են Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադառնան հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքներ, այդ թվում՝ Հադրութի շրջանն ու  Շուշի քաղաքը»։

Փաստաբանի  ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կատարել է առերեւույթ ծանր հանցագործություն, պետական դավաճանություն, արարք՝ նախատեսված քրեական օրենսգրքի  299-րդ հոդվածի 1-ին մասով։

Մարտիրոսյանը պնդեց՝ քրեական հետապնդման մարմինները թույլ են տվել խախտումներ, եւ նշեց՝  հանցագործության հատկանիշներ եմ տեսնում դրա մեջ,  խնդրում եմ դատարանը գնահատի դա։

Դատավոր Կարեն Բիշարյանը երկար հարց տվեց՝ եթե դուք իրականում գտնում եք, որ ձեր կողմից ենթադրյալ հանցագործության մասին ներկայացված հաղորդման կապակցությամբ գլխավոր դատախազության կողմից անգործություն դրսեւորելու հետեւանքով խախտվել են այն անձանց շահերը, ում որպես սույն գործով շահագրգիռ անձ ներգրավելու միջնորդություն եք ներկայացրել, այդ դեպքում ինչո՞ւ առաջին ատյանի դատարան՝ գլխավոր դատախազության անգործությունը վիճարկելու մասին որոշմամբ որպես անգործության հետեւանքով անձանց  իրավունքների խախտման փաստ արձանագրել եք բացառապես ձեր՝ որպես հաղորդում ներկայացրած անձանց իրավունքների խախտում։ Դատավորը շարունակեց․«Փաստարկել եք, որ այդ իրավունքների խախտումներն արտահայտվել են նրանով, որ խախտվել է հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ քրեական դատավարության օրենսգրքով  նախատեսված որոշում կայացված լինելու ձեր լեգիտիմ ակնկալիքները եւ նույն փաստարկը բերել եք նաեւ վերաքննիչ բողոքում։ Եթե իրականում այն կարծիքին եք, որ այդ իրավահարաբերություններում շահագրգիռ անձինք եք ոչ միայն դուք, այլ նաեւ  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ազգականները, ինչո՞վ է պայմանավորված այս դիրքորոշումների էական տարբերությունը»։

Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ դատավորի հարցն ունի որոշակի ենթատեքստ, ապա նշեց․«Դեռ այն ժամանակ մենք մտածում էինք, որ քրեական հետապնդման մարմիններն անաչառություն կդրսեւորեն եւ կճանաչեն, եւ մենք այս խնդիրն այս դատարանում բարձրացնելու անհրաժեշտություն չէինք ունենա։ Չէինք ուզի, որ տուժողները գային դատարան։ Սպասեցինք, տեսանք, որ քրեական հետապնդման մարմինները նման ցանկություն չունեն, դրա համար այսօր ենք ներկայացրել»։

Դատավորը հետաքրքրվեց՝ այսինքն, ձեր դիրքորոշումների միջեւ տարբերություն չկա՝ առաջին ատյանում բերված փաստարկների եւ վերաքննիչ փաստարկների միջեւ, որոնք վերաբերում են քրեական հետապնդման մարմնի ենթադրյալ անգործության հետեւանքով ենթադրաբար անձանց իրավունքների խախտմանը։

Փաստաբանը հստակեցրեց՝ ժամանակին մեզանից առաջ պետական դավաճանության փաստով հանցագործության մասին հաղորդում է եղել, եւ այդ գործերով էլ է քննարկվել․«Մեր բողոքի հիմքում դրել ենք պետական դավաճանության հանցակազմի հիմնավորումը եւ գնացել այս ուղղությամբ։ Չենք համարել այն մեր խնդիրն այնքան ժամանակ, քանի դեռ այս խնդիրը լուծված չէ, տեսնելով, որ վարույթ իրականացնող մարմինը խնդիրը չի լուծում՝ իմ ու Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ ձեռնարկվել է այս գործընթացը, որպեսզի դատավարական ընթացակարգով մարդիկ տուժող ճանաչվեն»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ցանկացած  փուլում պատերազմում զոհվածների հարազատները գործում ներգրավելու հնարավորությունը չպետք է հարցադրման առարկա լինի․«Հնարավոր է վաղը նաեւ սփյուռքն էլ ներգրավվի, չէ՞ որ սփյուռքն էլ մի էական մաս է կազմում մեր պետականության, նույն ձեւով՝ Արցախի քաղաքացիները»։

Դատավորը հետաքրքրվեց՝ պատերազմում զոհվածների մերձավոր հարազատների՝ այս բողոքի քննության, որպես շահագրգիռ անձ, ներգրավելու դեպքում ի՞նչ հավելյալ փաստարկներ պետք է ներկայացնեն կամ ինչ իրավունքների իրացում պետք է ապահովեն, որը հաղորդում ներկայացրածներն, այսինքն՝ Մարտիրոսյանն ու Մինասյանը, չեն կարող իրականացնել։

«Չեմ կարող գուշակել, թե դահլիճում նստած տուժողներից որը՝ իր իրավունքի իրացման ինչ ճանապարհ ունի կամ ինչ կարող է ասել»,-պատասխանեց Մարտիրոսյանը։

Դահլիճում ներկա  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներից մեկը՝ Արսեն Ղուկասյանը, տեղից արձագանքեց՝ դատարանի վճիռը շատ մեծ ազդեցություն է թողնում․․․

Դատավորն ընդհատեց եւ պահանջեց տեղից չխոսել, ինչին ի պատասխան, Ղուկասյանն ասաց՝  կխոսեմ։

«Իրավունք չունեք տեղից խոսելու»,-նկատեց դատավորը։

«Ես ամեն ինչի իրավունքն ունեմ»,-վրդովված արձագանքեց զոհված զինծառայողի հարազատը։

Դատարանը զգուշացում տվեց,  իսկ Ղուկասյանն արձագանքեց՝ ինչո՞ւ եք ուզում մեզ ձայնից զրկել: Կարո՞ղ եք ամեն ինչ այնպես անել, որ մի քիչ էլ մեր սրտով լինի»։ Դատարանն ի պատասխան ասաց՝ դատարանը սրտով չի առաջնորդվելու։

Դատարանի դահլիճում զոհված զինծառայողների հարազատները վրդովվեցին, իրավիճակը լարվեց։ Արսեն Ղուկասյանն արձագանքեց. «Այնքան փաստեր կարանք ներկայացնենք, որ ստեղ որեւէ մեկդ էլ  կարող է չունենաք այդքան փաստ։ Շատ փաստեր կան»: Դատավոր Բիշարյանը մեկ անգամ էլ զգուշեցրեց չխանգարել նիստը, ապա հայտարարեց՝ դատարանը  սանկցիա է կիրառում նիստերի դահլիճից հեռացման ձեւով։

Սա է՛լ ավելի բորբոքեց կրքերն, ու Ղուկասյանը հակադարձեց՝ չեք կարող հեռացնել։

Բիշարյանը կարգադրիչներից պահանջեց Ղուկասյանին հեռացնել  նիստերի դահլիճից։ Սակայն, երբ կարգադրիչները մոտեցան, դահլիճում գտնվող քաղաքացիները ոտքի կանգնեցին եւ փորձեցին չթողնել, որպեսզի Ղուկասյանին հեռացնեն դահլիճից։ Դատական կարգադրիչների եւ քաղաքացիների միջեւ քաշքշոց եւ վիճաբանություն տեղի ունեցավ։ Զոհված զինծառայողների հարազատները բավականին վրդովված էին, նրանք դժգոհ էին դատավորի նման որոշումից, նույնիսկ վիրավորական արտահայտություններ էին անում՝ «թուրք, թուրքի լամուկ, ասեք թող գա ստեղ։ Էշի տղա, հեսա բերնին կուտի»։

Երբ կարգադրիչները փորձում էին Արսեն Ղուկասյանին հեռացնել դահլիճից, զոհվածների հարազատները բղավեցին՝ «Դուք միլիցիա եք, թե՞ գողական։ Թուրքի լամուկ, օրենքի մարդն «արա»–ո՞վ ա խոսում։ Պագոններիցդ ամաչի»։

Վիճաբանության ընթացքում դատավոր Կարեն Բիշարյանը հեռացել էր նիստերի դահլիճից։ Եվ միայն իրավիճակը հանդարտվելուց հետո դատավորը վերադարձավ դահլիճ եւ հայտարարեց՝  հաշվի առնելով, որ դատական նիստերի ընթացքում նիստին ներկա անձինք խախտում են նիստերի դահլիճում հասարակական կարգը,  դատարանը որոշում է սույն գործով դատական  նիստերն անցկացնել դռնփակ։
Դատավորը որոշեց նիստը հետաձգել, ինչի մասին հայտարարեց մեկ այլ դահլիճում, հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 30-ին։

Դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ Հակոբ Մարտիրոսյանն ասաց՝ դռնփակ նիստ անցկացնելը մեկ նպատակ ունի՝ հանրությանը զրկել սույն գործով պետական դավաճանության փաստերի ուսումնասիրությունից տեղյակ լինել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031