Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրող կողմին հարցում արեք՝ ներկայացնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի մեկ նմուշ»․Դավիթ Տոնոյանի գործով դատական նիստի մի մասը դռնբաց էր

Հունիս 06,2022 23:13

Բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու դատական այսօրվա նիստի մի մասն անցկացվեց դռնբաց։ Այս գործով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն միջնորդել էլ դատական նիստն անցկացնել դռնբաց։ Մինչ այս դատական նիստերը դռնփակ էին, դատախազությունը պատճառաբանում էր, թե գործում առկա են այնպիսի նյութեր, տվյալներ, որոնք պարունակում են պետական գաղտնիք։

Այսօր մեղադրող դատախազը դատարանում հայտարարեց, որ նիստը դռնբաց անցկացնելու մասին չի հարցրել  մեղադրողների կարծիքը։

«Հարգելի դատարան, ես միջնորդում եմ, խնդրում եմ ձեզ, ուղղակի խնդրում եմ, որպեսզի դուք մեղադրող կողմին հարցում կատարեք՝ ներկայացնել մեկ նմուշ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի,  կոնկրետ ի՞նչն է բացահայտվում ընդհանրապես այս գործով։ Այս հատորների գաղտնիացման հեղինակները եղել են երեք մեղադրողները»,-դատարանին դիմեց Դավիթ Տոնոյանը։

Դատախազը պարզաբանեց՝  եթե դատարանի համար զինված ուժերի սպառազինության համալրումը, բանակն ինչ տեսակի սպառազինությամբ է համալրվում, չի հանդիսանում պետական գաղտնիք, աշխարհով հայտարարում ենք, թե մեր երկրի ռազմամթերքը որ ընկերությունից է ձեռք բերվում, ով է մատակարարը․․․Սրանից հետո գործը քննվեց դռնփակ։

Մինչ այդ Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն այսօր դատարանին ներկայացրեց ԶՈՒ ԳՇ-ից ստացված գրություն, ըստ որի զինված ուժերի ավիացիոն վարչությունում հրթիռների տեխնիկական վիճակը սահմանող իրավական ակտեր չկան։ Դատարանում նաեւ ներկայացվեց փաստաթուղթ այն մասին, որն, ինչպես պաշտպանական կողմն է պնդում,  ձեռք բերված հրթիռների ժամկետը ՌԴ ռազմաօդային ուժերում 30 տարով երկարաձգվել է 2013 թվականին։

Փաստաբանները հարցում են ուղարկել նաեւ հրթիռները նախագծած ընկերությանը եւ ինչպես ներկայացրեց պաշտպանը, ընկերությունը հերքել է պնդումը, թե հրթիռների քաշն ու երկարությունը չափանիշներին չեն համապատասխանել։

Հիշեցնենք, որ գործով ներգրավված մեղադրյալներն են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո» մականունով,  ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանը։  Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը մեղադրվում են 4,7 մլն դոլար հափշտակելու,  կեղծիքներ եւ հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930