ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն արդեն դատարանում է։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանք։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ Նորայր Յոլչյանը, ով մեղադրվում է Դավիթ Տոնոյանին օժանդակելու մեջ։ Քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Դավիթ Տոնոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ թե՛ ինքը, թե՛ մեղադրանքն ընթերցող բոլոր օբյեկտիվ մարդիկ, որոնք կմասնակցեն նաև ապացույցների հետազոտմանը՝ կտեսնեն, որ մեղադրանքը բովանդակային իմաստով որևէ քննադատության չի դիմանում և ակնհայտ անհիմն է։
«Դատաքննությունը նրա համար է, որ մենք այդ ամենը կարողանանք ապացուցել, բոլոր կասկածողներին էլ սիրով հրավիրում ենք դատարան՝ համոզվելու»,- ասաց Մանուկյանը։
Քրեական վարույթը նախաձեռնվել է 3-4 տարի առաջ, ինչի մասին Տոնոյանը տեղեկություն չի ունեցել, չի մասնակցել որևէ գործողության, նրան մեղադրանք է ներկայացվել մի քանի ամիս առաջ և գործն ուղարկել դատարան։ Քրեական գործը վերաբերում է ձեռքբերված անհրաժեշտ զինվորական հանդերձանքի՝ իբրև շուկայական գնից ավել գնով ձեռք բերելուն, պաշտպանը պնդում է, որ շուկայակնից ավել չի եղել, ավելին, շուկայական գին զինվորական հանդերձանքի համար գոյություն չունի․ «Հնարավոր չէ որևէ խանութ մտնել կամ որևէ կայք, որտեղ գինը կլինի X դրամ, իսկ ՊՆ-ն ձեռք բերի՝ Y դրամով։ Նման բան գոյություն չունի, ինչ վերաբերում է հանդերձանքի որակին, ապա այն համապատասխան է սահմանված բոլոր նորմատիվներին։ Գնի և որակի մասին մեղադրանքի կողմի փաստարկներն ի սկզբանե հերքված են քրեական գործի նյութերով»։
Իզաբել Սահակյան



















































