Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մակարյանը մեղադրական եզրակացությունը չէր ստացել․ բարձրաստիճան զինվորականների դատաքննությունը հետաձգվեց

Հունիս 09,2022 23:03

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ հունիսի 9-ին սկսվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի եւ մյուսների գործով դատաքննությունը։ Սակայն նիստը՝ դեռ չսկսված հետաձգվեց։ Անդրանիկ Մակարյանը չէր ստացել մեղադրական եզրակացությունը։ Սա վրդովեցրեց տուժողներին՝ զոհվածների ծնողներին։ Վերջիններս համոզված են, որ մեղադրանքը գեներալ Մակարյանը ստացել է։ 56-ամյա գեներալ Անդրանիկ Մակարյանից բացի, ամբաստանյալի աթոռին եւս 3 հոգի են․ 38-ամյա փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 34-ամյա փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ, կապիտան 43-ամյա Էլլադա Հարությունյանը։

Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, 2021թ.-ի հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, իսկ մյուսները՝ գերեվարվել։

Արսեն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վերադաս հրամանատարությանը հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնական դիրքը, ինչպես նաեւ հանդիսանալով պետ՝ ենթակա անձնակազմի նկատմամբ, անփույթ վերաբերմունք է ցուցաբերել ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Սարգիս Կուլակչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ժամանակավորապես կատարելով Ն զորամասի հրամանատարի պարտականությունները, իր գործողություններով օժանդակել է զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնական դիրքը չարաշահելուն:

Ըստ մեղադրանքի՝ Էլլադա Հարությունյանը զբաղեցնելով Ն զորամասի համալրման բաժանմունքի պետի պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող զորամասի հրամանատարի հրամանագրքում մտցրել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ:

4 ամբաստանյալներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Գորիս հասած զոհվածների ծնողները հայտարարեցին, որ միջնորդելու են դատարանին, որպեսզի դատաքննությունը տեղափոխվի Արմավիր։ Ծնողների պատճառաբանությամբ՝ նրանք չեն կարող ամեն անգամ այսքան հեռավորություն կտրել ու հասնել Սյունիք։

Չորս ամբաստանյալներն ազատության մեջ են․ նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930