Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը, բայց քննարկումը 2 ամսով հետաձգվեց:
Հետո քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը:
ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ ներկայումս այն տրանսպորտային միջոցները, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր, ամեն 10 օրը մեկ ճանապարհային ոստիկանությունը պետք է ակտ կազմի, վարչական իրավախախտման որոշում կայացնի: Տասնյակ հազարավոր տրանսպորտային միջոցներ այսօր հայաստանյան համարներով են հաշվառված, բայց գտնվում են ՀՀ-ից դուրս, շահագործվում են արտերկրում: Հիմա առաջարկում են, որ ճանապարհային ոստիկանությունը իրավունք ունենա որոշում կայացնել ԱՊՊԱ չունեցողների վերաբերյալ 10 անգամ տարվա մեջ: Բացի այդ, 100 հազար դրամ տուգանք է սահմանվում այն վարորդների նկատմամբ, որոնք առանց ԱՊՊԱ-ի մեքենան վարել են: Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս իրավախախտումը ճանապարհային երթեւեկությանը որեւէ վտանգ չի սպառնում, միայն ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության համար է, 100 հազար դրամը չի համապատասխանում խախտման բնույթին: Ըստ պատգամավորի, մարդը, որն առանց ԱՊՊԱ-ի վարում է, սոցիալական խնդիր ունի, ուստի պարտավորություն դնել 100 հազար դրամ էլ վճարել, ծանր բեռ է դառնում:
Հիմա առաջարկվում է, որ եթե ԱՊՊԱ չունենալու համար վարչական իրավախախտում են արձանագրել, 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիրը կնքում է, այսինքն, խախտումը վերացնում է, 25 հազար դրամ է վճարելու, ոչ թե 100 հազար:
Կարդացեք նաև
Արմեն Խաչատրյանն ասաց, որ ոլորտում լուրջ խնդիր կա, ապահովագրական ընկերությունները ստիպված բարձրացնում են ապահովագրավճարը: Ամեն տարի 15-20% ավելանում են վթարները ու ՃՏՊ-երի քանակի մեծացման հետ ավելանում են նաեւ ԱՊՊԱ-ի վճարները:

Արմեն Խաչատրյանն ասաց, որ ամեն տարի առնվազն 10% աճում է տրանսպորտային միջոցների քանակը: Թե ինչու է ավելանում աննախադեպ, նրանից է, որ չունենք կանխատեսեի ու լավ հանրային տրանսպորտ, որեւէ մեկը չի կարող ասել,թե ժամը քանիսին տրանսպորտը կլինի կանգառում: Նա ասաց, որ եթե երթուղայինները նորմալ աշխատեն, ինքն անձամբ հաճույքով կօգտվի:
Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Այդպես որ գնանք, պետք է սկսենք վարորդական վկայականներից, քննություններից, պետք է խիստ վերաբերվենք դրան: Մարդը պետք է երթեւեկության գիտելիքներին տիրապետի, որ ստանա վկայական: Ես եկել եմ մի եզրահանգման, որ մենք չենք հանդուրժում, զուսպ չենք, ուզում ենք շուտ հասնենք, բայց որպես կանոն ուշ ենք հասնում, որովհետեւ վթարը ինքը իրեն գալիս, կպնում է մեզ: Դա հոգեբանական խնդիր է»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































