Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայրում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ու 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, հարազատների ներկայությամբ ընթանում էր զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:
Ըստ մեղադրանքի, Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին ու 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Այսօրվա դատական նիստում ուսումնասիրվեցին գործում առկա փաստաթղթերը: Ըստ ներկայացված փաստաթղթերի, ամբաստանյալ Իշխան Վահանյանը 2020-ի հոկտեմբերի 10-ին ազդրոսկրի շրջանում թեթև բեկորային վնասվածք է ստացել, վերքը մշակվել է, ամսի 13-ին վերքը եղել է հանգիստ վիճակում: Հոկտեմբերի 17-ին, սակայն, Վահանյանը թուղթ է ներկայացրել, որ վիրահատության է ենթարկվել, նրան 10 օր արձակուրդ է տրամադրվել։
Նշենք, որ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը նշանակվել էր ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, ՊԲ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանից հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:
Կարդացեք նաև

Քանի որ կապի միջոց չի եղել, զինծառայողները չեն իմացել, թե ինչպես է հակառակորդը ներթափանցել Հադրութ։ Գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ:
Դատական նիստում ընթերցեցին Վահանյանի ներկայացրած բժշկական փաստաթղթերի գրառումները, ըստ որոնց՝ նա 10.10.2020-ին ունեցել է աջ ազդրի բեկորային վնասվածք ու հիվանդանոցում հայտնել է, թե վիրավորվել է մարտի դաշտում: Ամսի 4-ին Վերականգնողական արձակուրդ են տվել՝ 10 օր ժամանակով: Դատավորն ասաց, որ այստեղ անհամապատասխանություն կա: Ծնողները դահլիճից բղավեցին՝ «ՊՆ-ն դավաճաններին մայրական խնամքի է ուղարկել»:
Հոկտեմբերի 13-ին Խնձորեսկի բուժկետում բժիշկը գրառում է արել, որ հիվանդը բողոքում է ազդրի շրջանում ցավերից, վերքը հանգիստ է, նորմայի սահմաններում: Վիրակապել են, այնտեղից ուղարկել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Դատարանում Վահանյանն ասաց, որ 7 օր պառկած է եղել հոսպիտալում: Ծնողները միջամտեցին. «Վկաներ կա՞ն, որ պառկած ես եղել»:



Ծնողները դատարանի դահլիճում տեսնելով Վահանյանին՝ իրենց տեղը չէին գտնում: Գեղամ Ղազարյանը բղավում էր. «Ես պիտի լինեի, որ քեզ միանգամից գնդակահարեի, 5000 երեխու գլուխ կերաք, հայրենիքից եք խոսում, ա՛յ սրիկաներ»:
Հիշեցնենք, որ Վահանյանի գործը սկզբում ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այնտեղ դատական նիստն անցել էր խիստ լարված մթնոլորտում եւ որոշվել էր դատավարությունը տեղափոխել Երեւան:
Փաստաթղթերի ուսումնասիրություն ավարտվեց, հաջորդ դատական նիստից հրավիրվելու եւ հարցաքննվելու են վկաները: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 28-ին, ժամը 15-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































