Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայրում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ու 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, հարազատների ներկայությամբ ընթանում էր զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:
Ըստ մեղադրանքի, Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին ու 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Նիստի ժամանակ զինվորներից մեկի հայրը՝ Ալբերտ Գագիկի Ստեփանյանը, որը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել՝ հայտարարությամբ հանդես եկավ. «Իմ տղային 2020-ի սեպտեմբերի 25-ին ճողվածք են վիրահատել՝ գրիժա, պատերազմը սկսել է սեպտեմբերի 27-ին, ամսի 28-ին տարել են Ջաբրայիլ: Տղայիս փորի վիրահատությամբ տարել են պոստեր՝ վերքը թարախակալած, ո՞վ է հրաման տվել, որ երեխուն այդ վիճակով տանեն պոստեր»: Նա այդ հարցադրումն արեց՝ ցույց տալու, թե ինչպե՞ս են գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանին թույլ տվել թեթեւ բեկորային վնասվածքի համար հիվանդանոց դիմել, իսկ իր որդուն վիրահատած ու այդ վիճակում տարել դիրքեր:
Կարդացեք նաև
Ըստ ներկայացված գրավոր փաստաթղթերի, գնդապետ Սողոմոնյանը հայտնել է, որ ինքը տեղեկություն չունի, թե Իշխան Վահանյանը ինչ մակնիշի, ում պատկանող մեքենայով է լքել մարտի դաշտը ու որտեղ է եղել նրան պատկանող «KIA» ավտոմեքենան:
Երբ դատական նիստը հետաձգվեց ու նիստերի դահլիճից արագ հեռացրեցին ամբաստանյալ Վահանյանին, զոհված զինվորներից մեկի հայրը՝ Գեղամ Ղազարյանը ոտքի կանգնեց ու բղավեց. «Հետ բերեք, ես իրան հասարակ հարց եմ տալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































