Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կասի՝ «եկեք թարգենք»

Հունիս 23,2022 10:00
Karen demirchyan

Ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնը գրում է, որ 1990-ականներին իր երկրի քաղաքական վերնախավը տարակուսանքի մեջ էր. գլխավոր գաղափարախոսական հակառակորդը՝ ԽՍՀՄ-ը, այլեւս չկար, եւ առանց դրա նկատմամբ թշնամանքի, կարծես թե, անհնարին էր ամրապնդել ազգային ինքնությունը: Կար, իհարկե, Չինաստանը, որն, ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա, ԱՄՆ-ի հիմնական մրցակիցն է: Բայց այդ երկիրը չի հավակնում ամբողջ աշխարհով մեկ կոմունիստական կամ որեւէ այլ տեսակի գաղափարներ տարածել: Հետեւաբար, Չինաստանից՝ ամերիկացիներին համախմբող թշնամու կերպար սարքելը չի ստացվում:

Իսկ հնարավո՞ր է արդյոք ապրել առանց այդ կերպարի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին ոլորտներում: Ինձ թվում է, հնարավոր է, եթե դու քո հասարակությանն առաջարկում ես ինչ-որ դրական հեռանկար, որտեղ չկան «մա՛հ սրանց» կամ «կորչե՛ն նրանք» կարգախոսները:

Հայաստանում այդ տեսակի «խաղաղ» ժամանակաշրջանները քիչ էին, թերեւս, կարելի է նշել 1991-92 թվականները՝ մինչեւ ՀՀՇ-ՀՅԴ հակամարտության սկիզբը: Ես փոքր-ինչ զարմանում եմ, երբ իմ դաշնակցական բարեկամները եւ Քոչարյանի մյուս կողմնակիցները բողոքում են նախկինների հանդեպ թշնամանքի եւ ատելության մթնոլորտից: Որովհետեւ 1998 թվականի իշխանափոխությունից հետո մենք ունեինք ճիշտ նույնպիսի մթնոլորտ, երբ պետական քաղաքականությունը հիմնված էր «թալանչի հհշ-ականների» հանդեպ հիստերիկ կրքեր բորբոքելու վրա: Իշխանության եկած նախկին հետապնդվողները կամ նրանք, ովքեր իրենց այդպիսին էին համարում, վրեժ էին լուծում իրենց հետապնդողներից: Այնպես որ՝ ՔՊ-ականների ներկայիս կեցվածքի հեղինակային իրավունքը իրենցը չի:

Բայց ուզում եմ ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն ժամանակահատվածի վրա, երբ առաջարկվել էր հայաստանցիների քաղաքական- պետական ինքնությունը կերտելու այլընտրանքային տարբերակ: Խոսքը 1999 թվականին ստեղծված «Միասնություն» դաշինքի մասին է, որը ղեկավարում էին Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը: Նրանց հիմնական գաղափարն էր՝ եկեք վերանանք անպտուղ ներքին հակամարտություններից, անցյալի վրա գիծ քաշենք եւ գնանք առաջ: Հիշո՞ւմ եք Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ «դառնամ եւ փառաբանիմ» 1-ին, 2-րդ եւ 3-րդ հանրապետությունների ստեղծողներին, այսինքն՝ դաշնակցականներին, կոմունիստներին եւ ՀՀՇ-ականներին, ինչպես նաեւ «Վանոն, Լեւոնը, Ռոբերտը, Սերժը իմ ընկերներն են»: Չէի ասի, որ Կ. Դեմիրճյանն ու Վ. Սարգսյանը «իմ սրտի» քաղաքական գործիչներն էին, եւ այն, ինչ նրանք մտածել էին, անպայման իրականություն կդառնար: Խոսքը գաղափարի, սկզբունքի մասին է, պետական մոտեցման, երբ համախմբման հիմքում դրված չի թշնամու կերպարը: Պարզ է, որ այդ համախմբումը չի կարող դուր գալ այն քաղաքական խաղացողներին, որոնք Հայաստանն ուզում են տեսնել թույլ եւ տարբեր ուժային կենտրոններից կախված:

Եթե մեր երկրում շարունակեն եղանակ ստեղծել իրար փոխարինող եւ մշտապես իրարից վրեժ լուծող ուժեր, կլինի այնպես, ինչպես հիմա է, եւ ավելի վատ: Իսկ երկրի համար առաջխաղացման հնարավորություն կստեղծի մեկը, որը կասի «եկեք թարգենք», բայց այն պայմանով, որ հասարակության ակտիվ մասը նրան կաջակցի:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Որպեսզի չկարծէք որ միայն քննադատելու համար կը գրեմ՝ համաձայն եմ ձեր գրածին ։)

    Միայն մէկ տեղ կայ, «կստեղծի մեկը». անշուշտ կ’ենթադրեմ որ մէկ անձի մասին չէք ըսեր, քանի բազմիցս գրած էք փրկիչ չսպասելու մասին, բայց խնդիրը ուրիշ է. այն է՝ իրատեսակա՞ն է այս իրավիճակում յուսալ որ այդպիսի համախմբող անձեր մէջտեղ պիտի գան, եւ, աւելի կարեւոր, մենք իրապէս ժամանակ ունի՞նք սպասելու. ես կը կարծեմ որ բնաւ.

    Ինծի ամէնէն շատ դուր կու գայ դիմադրութեան շարժման ազգային միութեան կառավարման գաղաբարը, որ կրնայ սկիզբ ըլլալ կամ հող պատրաստել այդ ձեր ուզած միջավայրին համար։

  2. Hay says:

    Այսօրվա վիճակի N1 մեղավորը Վազգեն Սարգսյանն է

  3. Aha says:

    I don’t really agree, the situation was the same in 1998. The new government puts more emphasis on the hatred of the former regime (Khachaturov case, Kocharyan jailing, Gen. Seyran Ohanyan – Armen Gevorgyan – Serj Sargsyan judicial cases, Gen. Mikayel Hartutyunyan having to flee Armenia, etc). I think the key difference is the relatively low intellect (and higher dependence on foreign actors) of the new administration. Remember how LTP treated the communists post-independence, with respect and worthy of a statesman who understood all the good they had done (even with the negatives).

    The entity that declares let’s leave the past in the past is not one political party or individual, but rather the consensus of the Armenian elites, who have to sit around a table and decide the new rules of the game. I think individuals like Ruben Vardanyan and Avetik Chalabyan (now in jail) could play a significant positive role in such a scenario if (hopefully) it happens. Keep in mind that a unifying leader like Vazgen Sargsyan was disliked by the people (judging from taxi driver barometer) but a divisive leader like Nikol was worshipped by Armenians. Therefore, the root of the problem is perhaps the Armenian people and its mentality (remember Hovhannes Tumanyan’s letter to Avetik Isahakyan).

    That being said, Armenia already suffered irreversible losses due to what the editorial described (settling score with past leaders) and unfortunately it’s a bit late for Karabakh, the train has passed. Better late than never though since there are still Syunik, Tavush, Yerevan, Lori, etc to preserve. If we come to our senses in time those regions may have a decent chance of remaining Armenian in the mid to long term. No sarcasm, just a sincere wish for a good ending!

  4. Հայ says:

    Շատ ճիշտ եք, պետք է բոլոր կուսակցությունները համախմբվեն, պաշտոներն ու տնտեսական ոլորտները արդար իրար մեջ բաժանեն, իրար գովեն ու փառաբանեն,ռեստորաններում կենացների ու գովեստի պակաս չպետք է լինի..հայ ժողովուրդը կդիմանա, կվճարի…կարևորը իրանք հաշտ լինեն՝ թուրքին չուրախացնեն ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930