Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հրաժարական եմ ներկայացրել, որովհետև իմ անձնական գնահատմամբ՝ տեղի ունեցածը դավաճանություն էր»․ Արտակ Բշտիկյանն իր՝ Դավիթ Տոնոյանի խորհրդականի պաշտոնից հրաժարականի մասին

Հունիս 26,2022 20:15

«Ես հրաժարական եմ ներկայացրել, որովհետև իմ անձնական գնահատմամբ՝ տեղի ունեցածը դավաճանություն էր, և ես չէի կարող շարունակել մաս կազմել այն գործընթացներին, տարվող քաղաքականությանը, որն ուղղակիորեն աղետալի վնաս հարցրեց մեր երկրին, Արցախին, մեր հասարակությանը, և վստահ եմ, որ այդ հայտարարության և տեղի ունեցածի հետևանքները դեռ շատ երկար  ժամանակ բոլորս զգալու ենք ֆիզիկական, նյութական և հոգեբանական իմաստով»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր հրաժարականին՝ այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից երկու օր հետո Արտակ Բշտիկյանը հրաժարական ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականի պաշտոնից։ Մինչ այժմ Արտակ Բշտիկյանը մանրամասնորեն չէր պարզաբանել այս հարցը, ուստի նրան խնդրեցինք ներկայացնել իր հրաժարականի պատճառները, թեև ընդհանուր առմամբ դրանք հասկանալի են։

Նա ասաց․ «Ես հրաժարական եմ տվել, որովհետև ինչպես ՊՆ-ում, այնպես էլ շատ գերատեսչություններում, նույնիսկ այն գերատեսչություններում, որոնք ուղղակի պետք է ընդգրկվեին և մասնակցություն, տեղեկություն ունենային գոնե պատրաստվող փաստաթղթի մասին, չունեին։ Գերակշիռ մեծամասնությունն ընդհանրապես տեղյակ չէին սպասվող աղետին։ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ի պաշտոնե գոնե պետք է տեղեկացված լինեին, նրանք էլ տեղյակ չէին»։ Մեր հստակեցմանը՝ անգամ ԱԳ նախարարի՞ մակարդակով տեղյակ չէին, Արտակ Բշտիկյանը պատասխանեց․«ԱԳ նախարարի մակարդակով վստահ չեմ, որ տեղյակ չէին, բայց վստահ եմ, որ ճիշտ ժամանակին տեղեկացված չեն եղել։ Էլի ուշ են տեղեկացվել, բայց փոխնախարարների, վարչության պետերի մակարդակով, էլ չեմ ասում՝ դրանից ցածր մակարդակով համատարած անտեղյակ էին։ Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ կապիտուլյատիվ հայտարարությունը պետական ինստիտուտներում աշխատող պաշտոնյաների գերակշիռ մեծամասնության համար անսպասելի շոկ էր»։

Արտակ Բշտիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր՝ նախարարի խորհրդական եղած ժամանակահատվածում եթե ոչ ամենօրյա ռեժիմով, ապա շաբաթը մի քանի անգամ զգալով և տեսնելով վարվող քաղաքականության վտանգները՝ նկատի չունի ՊՆ-ում վարվող, պարբերաբար բարձրաձայնել է այդ մասին։ Անդրադառնալով ՊՆ-ում վարվող քաղաքականությանը՝ նա նշեց․ «ՊՆ-ում վարվում էր այն քաղաքականությունը, որն օրվա իշխանությունը ուղենշել էր։ Բայց հենց այդ ուղենիշների վտանգները զգալով՝ պարբերաբար բարձրաձայնել եմ այդ մասին․ ինչ-որ հարցերում հաջողություն ունեցել ենք, որոշներում ստացվեց՝ չենք ունեցել»։

Զրույցի ավարտին Արտակ Բշտիկյանը, դիմելով հասարակությանը, նշեց․ «Ես չեմ ուզում, որ մենք հայտնվենք մի վիճակում, երբ դրա պատճառները լինեն անհեթեթ քաղաքական համակրանքներն ու հակակրանքները,  սիրելն ու չսիրելը։ Այստեղ մեր հայրենիքն ամենօրյա վտանգի, ամեն վայրկյան սպառնացող վտանգի առաջ է, և այդ վտանգը բոլորինս է, ցանկացածինս։ Ես չեմ ուզում, որ ինչպես հարյուր տարի առաջ տեղի ունեցածից հետո մենք ընդամենը հնարավորություն ունեինք մեր նորածին երեխաներին անուններ տալ՝ Անի, Վան և այլն, ես չեմ ուզում, որ մենք վաղը էլի միայն մեր երեխաներին անուն տալու հնարավորություն ունենանք՝ Շուշի, Ամարաս և այլն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930