Այսօր վաղ առավոտից Խծաբերդում գերեվարվածների հարազատները Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացնում՝ ռուսական կողմից պահանջելով միջնորդել հայրենադարձելու գերիներին։
Ծնողները բողոքեցին, որ ռուսական կողմը, որը միջնորդի դեր է կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև, իր ստանձնած պարտականությունները չի կատարում, հետևաբար իրենք բողոքի ցույց են անցկացնում հենց ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց՝ պահանջելով շուտափույթ լուծել գերիների վերադարձի հարցը։
Ըստ հարազատների, Ռուսաստանի Դաշնությունն ունակ է այդ հարցը վայրկյանների ընթացքում լուծել, բայց չի անում։


Կարդացեք նաև
Ծնողներից մեկն էլ ասաց․ «Ինքն է տվել, ինքն էլ պիտի բերի, մեր էրեխեքին Բաքվի բանտերում թուրքը դատեց, դարձրեցին տեռորիստ։ Մենք հայրենիքին տեռորիստ էինք տվե՞լ կամ երեխեքը ինքնագլուխ գնացի՞ն, խաղաղապահն ինչի՞ համար էր կանգնած»։
Մեկ այլ ծնող էլ ասաց․ «Ռուսը չի կարող, թող ելնի, գնա, դերասանություն մեզ պետք չէ, թե մեր հետ են, մեր մասին մտածող են, թող մաքուր լինեն հայ ժողովրդի հետ, եթե ոչ, թող թողնեն էս երկրից գնան, որ պտի մեռնինք, թող նամուսով մեռնինք»:

«Բերե՛ք մեր էրեխանցը, ինչղ կբերեք, ձեր պրոբլեմն է։ Ինչղ որ տվել եք, էնպես էլ բերեք, դեմարկացիայից ու դելիմիտիացիայից են խոսում, մեր երեխեքին տվեք, նոր նման բաներ ասեք։ Եթե մեր երեխեքն էնտեղ են, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, մինչև մեր երեխեքը չգան, ի՞նչ խաղաղություն։

Թող չմոռանան էդ երեխեքը մենակ մեզ համար չեն գնացել, սաղիդ համար են գնացել։ Մի օր չէ, երկու օր չէ, մեկ տարի, յոթ ամիս, գլուխդ բարձին դիր ու հանի, հե՞շտ է, հլը ձեր մաշկի վրա զգացեք»,- զայրացած էին հարազատները։

Մի բուռ ենք դարձել, ինչ իմանամ՝ ինչ հոգեվիճակում են, ստից թղթեր են բերում, թե առողջ են։ Կապ ունենք, նամակ էլ ունենք, բայց ի՞նչ ձևի եք պատկերացնում, իրանք կարո՞ղ են ազատ խոսել, եթե գլխին կանգնած են։ Ի՞նչ պիտի ասեն, լավ ենք, բայց իրենց մոտ էլ անընդհատ սպասողական վիճակ, ամեն վիդեո կապ հաստատելուց տեսնում ենք, որ օր օրի վրա փոխվում են, ոսկորն ու կաշին են մնացել, կնայես ծերացած, չես ասի 22 տարեկան տղա է։ Երկու տարեկան երեխան էլ իր հորն է ուզում, ինչ պատասխանե՞ս»,- ասում էին ծնողները։

«Ասեց ոչ մի մազ չի ընկնի ձեր երեխեք գլխից, գնացեք, հանգիստ քնեք, կվերադարձնենք արագ, մենակ խոսք տալն էր, 1,7 ամիս անցավ Մուրադովի խոսքից։ Ուկրաինան 3-4 ամիս է պատերազմի մեջ է, արդեն 40 անգամ գերի են փոխանակել, էս մի տարի յոթ ամսվա մեջ 30 հոգուն չեն կարող բերել»։
Գերիների հարազատների ասելով, ռուսների մատը խառն է եղել տանելուց, հետևաբար և իրեն պիտի բերեն։
Ռուս հյուպատոսը Գյումրիում չէր, նրանց մոտեցավ հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը, գերիների հարազատները նույն պահանջը ներկայացրեցին նրան։

Քիչ անց աշխատակիցը մոտեցավ ու փոխանցեց, որ հյուպատոսը Գյումրիում կլինի ժամը 14․00-ից հետո։ Նա առաջարկեց երեք հոգանոց խումբ կազմել, նոր մտնել հյուպատոսի հետ հանդիպման։
Ծնողները հայտարարեցին, որ մինչև վերջ կսպասեն հյուպատոսարանի շենքի դիմաց։
«Տուն չենք գնա, մինչև հարցին լուծում չտաք»,-հայտարարեցին ծնողները։
Հ.Գ. Քիչ առաջ ՌԴ հյուպատոսը ընդունեց գերիների հարազատներից բաղկացած վեց հոգանոց խմբին։ Հարազատները մեզ փոխանցեցին, որ պատասխանը գոհացնող չէ։






















































