Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսի քթի տակից են տարել մեր էրեխեքին, ռուսն էլ պարտավոր է վերադարձնի»․ գերիների հարազատներ

Հունիս 28,2022 13:58

Այսօր վաղ առավոտից Խծաբերդում գերեվարվածների հարազատները Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացնում՝ ռուսական կողմից պահանջելով միջնորդել հայրենադարձելու գերիներին։

Ծնողները բողոքեցին, որ ռուսական կողմը, որը միջնորդի դեր է կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև, իր ստանձնած պարտականությունները չի կատարում, հետևաբար իրենք բողոքի ցույց են անցկացնում հենց ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց՝ պահանջելով շուտափույթ լուծել գերիների վերադարձի հարցը։

Ըստ հարազատների, Ռուսաստանի Դաշնությունն ունակ է այդ հարցը վայրկյանների ընթացքում լուծել, բայց չի անում։
«Ռուսի քթի տակից են տարել մեր էրեխեքին, ռուսն էլ պիտի բերի։ Անցնելուց ռուսը կանգնած է եղել, հետ գալուց ռուսը չի եղել, որտե՞ղ է եղել, իր պարտականությունն էր կանգնել ու պաշտպանել, եռակողմ հայտարարության մեջ ռուսը միջնորդ է։ Պուտինը հայտարարեց՝ ով որտեղ կանգնած է, իրենն է, մերն է եղել Խծաբերդը, ինչի՞ հանկարծ դարձավ Ադրբեջանինը։ Մեր երեխեքը գնացել են մեր հողի վրա, Ադրբեջանը հայտարարում է, որ իր հողն է, իսկ ռուսը չի ելնում, ասի՝ չէ, Ադրբեջան, քոնը չէ, հայերինն է։ Պատերազմը դադարել է, դա հայերինն է եղել, հայը գնացել է իր հողի վրա է կանգնել»,- ասաց գերիների հարազատներից մեկը։

Ծնողներից մեկն էլ ասաց․ «Ինքն է տվել, ինքն էլ պիտի բերի, մեր էրեխեքին Բաքվի բանտերում թուրքը դատեց, դարձրեցին տեռորիստ։ Մենք հայրենիքին տեռորիստ էինք տվե՞լ կամ երեխեքը ինքնագլուխ գնացի՞ն, խաղաղապահն ինչի՞ համար էր կանգնած»։

Մեկ այլ ծնող էլ ասաց․ «Ռուսը չի կարող, թող ելնի, գնա, դերասանություն մեզ պետք չէ, թե մեր հետ են, մեր մասին մտածող են, թող մաքուր լինեն հայ ժողովրդի հետ, եթե ոչ, թող թողնեն էս երկրից գնան, որ պտի մեռնինք, թող նամուսով մեռնինք»:

Նրանք հայտարարեցին, որ մեկ տարի ու յոթ ամիս խնդրում էին, իսկ հիմա պահանջում են։

«Բերե՛ք մեր էրեխանցը, ինչղ կբերեք, ձեր պրոբլեմն է։ Ինչղ որ տվել եք, էնպես էլ բերեք, դեմարկացիայից ու դելիմիտիացիայից են խոսում, մեր երեխեքին տվեք, նոր նման բաներ ասեք։ Եթե մեր երեխեքն էնտեղ են, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, մինչև մեր երեխեքը չգան, ի՞նչ խաղաղություն։

Ես մեր կառավարությանն էլ եմ ասել, որպես մարդ՝ ինչպե՞ս եք պատկերացնում առանց գերիների վերադարձի, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, ի՞նչ սահմանազատում կամ յեսիմ ինչ․․․․

Թող չմոռանան էդ երեխեքը մենակ մեզ համար չեն գնացել, սաղիդ համար են գնացել։ Մի օր չէ, երկու օր չէ, մեկ տարի, յոթ ամիս, գլուխդ բարձին դիր ու հանի, հե՞շտ է, հլը ձեր մաշկի վրա զգացեք»,- զայրացած էին հարազատները։

Գերիների մայրերից մեկն էլ առաջարկեց․ «Թող իրենց երեխեքին տանեն, տան, մեր երեխեքին բերեն, արդեն երկու տարին է մոտենում, գոնե որդիս իր մատղաշ երեխայի երեսը տեսնի։

Մի բուռ ենք դարձել, ինչ իմանամ՝ ինչ հոգեվիճակում են, ստից թղթեր են բերում, թե առողջ են։ Կապ ունենք, նամակ էլ ունենք, բայց ի՞նչ ձևի եք պատկերացնում, իրանք կարո՞ղ են ազատ խոսել, եթե գլխին կանգնած են։ Ի՞նչ պիտի ասեն, լավ ենք, բայց իրենց մոտ էլ անընդհատ սպասողական վիճակ, ամեն վիդեո կապ հաստատելուց տեսնում ենք, որ օր օրի վրա փոխվում են, ոսկորն ու կաշին են մնացել, կնայես ծերացած, չես ասի 22 տարեկան տղա է։ Երկու տարեկան երեխան էլ իր հորն է ուզում, ինչ պատասխանե՞ս»,- ասում էին ծնողները։

Նրանք բողոքեցին, որ գեներալ Մուրադովը խոստացել է արագ վերադարձնել որդիներին, սակայն խոստումը չի կատարել։

«Ասեց ոչ մի մազ չի ընկնի ձեր երեխեք գլխից, գնացեք, հանգիստ քնեք, կվերադարձնենք արագ, մենակ խոսք տալն էր, 1,7 ամիս անցավ Մուրադովի խոսքից։ Ուկրաինան 3-4 ամիս է պատերազմի մեջ է, արդեն 40 անգամ գերի են փոխանակել, էս մի տարի յոթ ամսվա մեջ 30 հոգուն չեն կարող բերել»։


Գերիների հարազատների ասելով, ռուսների մատը խառն է եղել տանելուց, հետևաբար և իրեն պիտի բերեն։

Ռուս հյուպատոսը Գյումրիում չէր, նրանց մոտեցավ հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը, գերիների հարազատները նույն պահանջը ներկայացրեցին նրան։

«Դուք երաշխավոր եք եղել, ո՞ւր են մեր որդիները»,- ծնողները հարցրեցին աշխատակցին։

Քիչ անց աշխատակիցը մոտեցավ ու փոխանցեց, որ հյուպատոսը Գյումրիում կլինի ժամը 14․00-ից հետո։ Նա առաջարկեց երեք հոգանոց խումբ կազմել, նոր մտնել հյուպատոսի հետ հանդիպման։

Ծնողները հայտարարեցին, որ մինչև վերջ կսպասեն հյուպատոսարանի շենքի դիմաց։

«Տուն չենք գնա, մինչև հարցին լուծում չտաք»,-հայտարարեցին ծնողները։Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ.Գ. Քիչ առաջ ՌԴ հյուպատոսը ընդունեց գերիների հարազատներից բաղկացած վեց հոգանոց խմբին։ Հարազատները մեզ փոխանցեցին, որ պատասխանը գոհացնող չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930