«Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չի կարող մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա Փաշինյանի կամակատարն է»,-դատախազության շենքի առաջ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց զոհված զինծառայողի ծնող Սեւակ Զաքարյանը: Այսօր զոհվածների հարազատները հավաքվել էին դատախազության շենքի առջեւ: Նրանք ցանկանում են հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Հարազատների խոսքով, ոչ մի տեղաշարժ չկա այդ գործից. «Քյարամյանը մեզ հետ հանդիպմանն անլուրջ մարդու տպավորություն թողեց: Ամսից ավելի է անցել, ասում են՝ գործին եմ ծանոթանում: Չենք հավատում, որ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կկանչի: Հույս ունենք, որ գոնե ԱԱԾ-ում որեւէ շարժ կլինի: Մենք ուզում ենք հանդիպել Արթուր Դավթյանին, որպեսզի հասկանանք՝ ինքն ի զորո՞ւ է հարցը լուծել, թե՞ իրեն էլ պետք է թելադրեն՝ ինչ անի»: Նրանց համոզմամբ, Քննչական կոմիտեում գործը միտումնավոր ձգձգում են՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության չկանչելու համար:

Դատախազությունից արձագանքեցին զոհված զինծառայողների ծնողներին՝ առաջարկելով բարձրանալ վերեւ երկու հոգով: Սակայն, ծնողները պահանջեցին, որ տաս հոգով են ցանկանում ներս մտնել՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Նրանք տասը հոգով մտան դատախազության շենք:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

















































