Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունն այն զենքն է, որի միջոցով պիտի հասնենք պետության կայացմանը, զարգացմանը. Լիլիթ Մկրտչյան

Հուլիս 01,2022 14:09

Երևանում երեկ տրվել է «ԷդուԱրմենիա 2022» համահայկական գիտակրթական  աշխատաժողովի մեկնարկը, որը տևելու է չորս օր և անցկացվելու է առկա և առցանց ձևաչափերով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող աշխատաժողովին մասնակցելու են 120 խոսնակներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից, ինչպես նաև այլ ազգի կրթության և գիտության ոլորտի մասնագետներ: Խոսնակները ներկայացնելու են զեկույցներ ներառական կրթության, դասավանդման ժամանակակից մեթոդների, նախագծային ուսումնառության և այլ արդիական թեմաների  շուրջ:

Միջոցառման նպատակը աշխարհի և համահայկական ներուժի միավորումն է՝ հօգուտ Հայաստանի և Արցախի Հանրապետության գիտակրթական կյանքի առաջխաղացման: Նման աշխատաժողովներ արդեն անցկացվել են նախորդ երկու տարիներին և թույլ են տվել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուսուցիչներին նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել՝ դասավանդումն ավելի արդյունավետ և որակյալ դարձնելու համար։

«Շատ կարևոր է ունենալ հնարավորություն՝ խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնցից կախված է մեր վաղվա օրը։ Իսկ մեր ապագան կախված է այսօրվա կրթությունից, դրա որակից, առկա մարտահրավերներին դիմակայելու կարողությունից, և հաճախ բանալին հենց մեր մեջ է։ Որակյալ կրթությունն է, որ հասարակության զարգացման բանալին է», – միջոցառման բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«ԷդուԱրմենիայում հավաքված են մարդիկ, որոնք հավատում են, որ ցանկացած հարց հնարավոր է լուծել կրթության շնորհիվ։ Կրթությունն այն զենքն է, որի միջոցով պիտի հասնենք պետության կայացմանը, զարգացմանը։ Մեր երազանքն է, որ օրերից մի օր պիտի հայկական կրթության համակարգը աշխարհի կրթական համակարգին հավասար լինի, և մենք էլ նորարար ենք լինելու այս ոլորտում», – ասել է «ԷդուԱրմենիա» նախաձեռնության ղեկավար Լիլիթ Մկրտչյանը։

«ԷդուԱրմենիա» նախաձեռնությունը 2020 թ-ից սկսած կազմակերպում է գիտակրթական աշխատաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ, վերապատրաստումներ: Համահայկական գիտակրթական աշխատաժողովի նպատակն է ՀՀ և ԱՀ մտավորականությանը ներկայացնել գիտության և կրթության բնագավառի արդի ձեռքբերումերը, զարգացումերը: Աշխատաժողովի շրջանակներում Սփյուռքի, Հայաստանի և Արցախի մտավորականները հանդես են գալիս վեբինարներով, աշխատարաններով: Այս հեռավար վեբինարների, աշխատարանների մասնակցությունը լիովին անվճար է:

EduArmenia-ն մի խումբ հայ կամավոր դասախոսների և ուսուցիչների նախաձեռնությամբ ստեղծված ծրագիր է, որի նպատակն է ի մի բերել աշխարհասփյուռ հայության գիտական ու կրթական ներուժը և այն օգտագործել ի նպաստ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զարգացման:

ԷդուԱրմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031