Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ։
Մինչ այս նշանակումը, նա զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արաքսիա Սվաջյանը։
Այսօր՝ հոկտեմբերի 19–ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե և աշխատակազմին ներկայացրել ԲԿԳԿ նախագահի նորանշանակ տեղակալ Լիլիթ Մկրտչյանին։
Կարդացեք նաև
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի նախկին տեղակալներին՝ Արտուր Մովսիսյանին և Մկրտիչ Այվազյանին կատարած երկարատև բարեխիղճ աշխատանքի, բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների գործընթացում զգալի ներդրումի համար:
Ներկայացնելով ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալին՝ նախարարը կարևորել է կրթության ոլորտում, այդ թվում՝ բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում Լիլիթ Մկրտչյանի փորձն ու հմտությունները՝ նորանշանակ պաշտոնյային մաղթելով բեղմնավոր աշխատանք։
Այնուհետև ԿԳՄՍ նախարարն ուրվագծել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համակարգման ոլորտներում նախատեսվող աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները՝ ընդգծելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կիրարկման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակումը, գիտական դրամաշնորհային ծրագրերի արդյունքների ամփոփումը և խոշոր գիտասարքերի ձեռքբերմանն ուղղված միջոցառումների ընթացքի ապահովումը, Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները և մի շարք այլ ուղղություններ։
Այսօր հայտնի դարձավ, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարական է տվել Արթուր Մովսիսյանը։ Ավելի վաղ հրաժարական էր տվել կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։



















































