Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ․ Արցախն ինքնուրույն, դաշնակից ՌԴ-ի հետ պետք է դեմ գնա այդ աղետաբեր ընթացքին. «Փաստ»

Հուլիս 02,2022 10:11

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի կետերը խախտելուն զուգահեռ՝ կապիտուլյանտական ռեժիմը սարսափելի արագությամբ, նախանձելի ճշտապահությամբ կատարեց բոլոր հայավնաս, աղետաբեր կետերը: Հիմա, սակայն, ձևավորվել են այնպիսի իրողություններ, համաձայն որոնց, հայկական կողմերին միանգամայն ազատ, ի շահ հայոց պետականության գործելու հնարավորություն է ընձեռված՝ պայմանավորված նոյեմբերի 9-ի համաձայնությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստով:

Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այսօր առկա վտանգներին՝ որոնք սպառնում են Բերձորին, նաև Աղավնո և Սուս գյուղերին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր երթուղու շահագործումից հետո Բերձորը, Աղավնոն, Սուսը կարող են անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը չհերքվեց նաև պաշտոնապես: «Եթե մի պահ վերացարկվենք այն իրողությունից, որ այստեղ կապիտուլյանտական ռեժիմ է, ապա հայկական կողմերը՝ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՀ-ն, բացառիկ հնարավորություն ունեն ոչ միայն չհանձնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը, այլև Ադրբեջանի կողմից նշված համաձայնության յուրաքանչյուր խախտման իրողությունը հաշվի առնելով՝ գործել ի շահ պետականության: Թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը ցանկացած պահի կարող են ձեռնարկել այն անհրաժեշտ քայլերը, որոնք անհրաժեշտ են հայոց երկու պետությունները պաշտպանելու համար: Այսինքն, ասել, որ մենք դատապարտված ենք կատարել նոյեմբերի 9-ի նաև այդ աղետաբեր կետը, ընդամենը հերթական սուտն է, մոլորությունը, որն այս կապիտուլյանտական ռեժիմի ներկայացուցիչներն ուզում են մատուցել մեր ժողովրդին: Նոյեմբերի 9-ի համաձայնությունը հայկական կողմն իր մասով կատարել է, և այդ փաստը հաշվի առնելով՝ այդ համաձայնությունն այլևս մեր ձեռքերը չի կապում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ եթե Նիկոլ Փաշինյան աղետի ու իրեն շրջապատող ոհմակի կամքին մնա, ապա Բերձորն էլ, Աղավնոն էլ, Սուսն էլ կհանձնեն, բայց այստեղ առաջին պլան է գալու Արցախի սուբյեկտայնության գործոնը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ պաշտոնական Ստեփանակերտն առանց կաշկանդվելու պետք է իր վճռական խոսքն ասի:

«Պետք է գտնեն այն իրավաքաղաքական փաստարկները, որոնք առաջ մղելով՝ պաշտոնական Ստեփանակերտը պետք է դեմ արտահայտվի այդ աղետալի փաստաթղթի կետը կյանքի կոչելուն, մանավանդ, որ խոսքն Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքի մասին է: Պաշտոնական Ստեփանակերտը պետք է հատու ոչ ասի: Տարածքները չհանձնելու այդ դիրքորոշումը միանգամայն համապատասխանում է մեր դաշնակից Ռուսաստանի շահերին: Նիկոլ Փաշինյանն առհասարակ այնպիսի աղետաբեր զիջումների է գնացել… Եվ այս համատեքստում հայոց պետականության վերջին կարմիր գծերը համընկնում են դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի կենսական շահերին առնչվող կարմիր գծերին, որոնք ուղղակի չպետք է հատվեն և վերջ: Ունենալով այդ տեսանելի, շատ դեպքերում նաև անտեսանելի աջակցությունը դաշնակցի կողմից՝ Արցախի իշխանությունը պետք է դեմ գնա այս աղետաբեր զարգացումներին, կանխի այն, և վստահ եմ, որ այդ ռեսուրսը կա: Այստեղ շատ լուրջ գործոն ունենք՝ ի շահ մեզ օգտագործելու տեսանկյունից: Խոսքը հատկապես Աղավնոյում հողից կառչած բնակչության մասին է: Այստեղ բնակչությանը սպառնացող անվտանգության խնդիրներ կան, և այդ բնակչության խոսքը պետք է լսելի դառնա: Մեծ հաշվով, իրողությունները հետևյալն են. եթե մինչև այդ ճանապարհը շահագործելու պահը Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ապա Արցախի սկզբունքային ոչ-ը պետք է լսելի ու հստակ լինի:

Արցախն ինքնուրույն, դաշնակից ՌԴ-ի հետ պետք է դեմ գնա այդ աղետաբեր ընթացքին՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնությունը, չի կատարել իրեն վերապահված պարտականությունները՝ ի դեմս գերիների վերադարձի, Ադրբեջանից բացահայտ վտանգ է բխում՝ ուղղված հայոց պետականությանը, Արցախի ժողովրդին: Դատելով նաև Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքից, Ալիևի մակարդակով հնչող հայտարարություններից՝ ակներև է, որ առկա է անվտանգության խնդիր, և այդ խնդրով պայմանավորված՝ ԱՀ-ն չպետք է գնա այդ տարածքները հանձնելու ճանապարհով, մանավանդ, որ ԱՀ ստորագրությունը զուտ ֆորմալ առումով չկա նոյեմբերի 9-ի համաձայնության տակ: Մենք այլևս ոչ մի թիզ հող զիջելու իրավունք չունենք»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031