Հունիսի 24-ից հուլիսի 2-ը SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը պարի իսկական տոն դարձավ Երևանի հինգ հարթակներում, Լոռվա մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում։
Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։ Արդեն երկրորդ տարին փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ոլորտի մասնագետների և բոլոր հետաքրքրվողների համար փառատոնն ավանդաբար համալրում է կրթական ծրագիրը, որն այս տարի բաղկացած էր ժամանակակից պարի և ջազային պարի 9 անվճար վարպետաց դասերից Պարարվեստի պետական քոլեջում և հայ ու ռուս բանախոսների կողմից ներկայացված 3 դասախոսություններից Միրզոյան գրադարանում։
Կարդացեք նաև
Փառատոնային մեկ օրն անցավ գեղատեսիլ Լոռիում։ Դեբետ գյուղի COAF Սմարթ կենտրոնում անցկացվեցին ժամանակակից պարի և գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասեր և VR-ին ու ժամանակակից արվեստին նվիրված դասախոսություն։ Իսկ թումանյանական Դսեղի հենց գյուղամեջում տեղի ունեցավ երկու պերֆորմանս, որոնց հանդիսատեսը հրավիրված էր գալ «իր աթոռով»։

Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով է Հայաստան ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլը (Գերմանիա), ով 25-ից ավելի VR ֆիլմ է նկարահանել աշխարհի յոթ երկրներում։ Հայաստանում պարուսույցը համագործակցել է Balmanukyan Dance Project-ի և ARLOOPA ընկերության հետ։ Նախագծի աջակիցն էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ էլ փառատոնի օրերին հասանելի էր VR ներկայացումը:

Բացի նոր տեխնոլոգիաների կիրառումից փառատոնը յուրացրեց նաև նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող և տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։ Վալերիա Կասպարովայի «Պատկերներ» պերֆորմանսը ծավալվեց Դսեղի գյուղամեջում, իսկ երիտասարդ պարուսույց Նինա Հայրապետյանի «Գոց երկուստեք» դուետը՝ Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում։ Հայաստանյան հանդիսատեսի համար անսպասելի և անծանոթ ժանր էր Freestyle Basketball Choreography-ն, կամ Ballride-ը, որը Ballrider Vaggi-ն ցուցադրեց Դսեղի բնակիչներին։

«Այն ժամանակ այս ներկայացումը գրեթե էքսպերիմենտ էր։ Ի տարբերություն այսօրվա, մենք աշխատում էինք տեղեկատվության բացակայության պայմաններում ու ստիպված էինք նորից «հեծանիվ հորինել»։ Սովորում էինք DVD-սկավառակներով, որոնք շատ քիչ էին ու խնամքով ձեռքից ձեռք էին փոխանցվում,- հիշում է պարուսույցը։- Հիմա ոլորտը շա՜տ է փոխվել։ Ժամանակակից պարի ամենատարբեր ուղղությունների հանդեպ մեծ հետաքրքրություն կա։ Ստեղծագործողները չեն վախենում նոր բաներ փորձել։ Մրցակցությունն էլ է մեծ, իսկ դա շատ կարևոր է։ Մի քանի տարի էլ, ու Հայաստանում ժամանակակից պարը բոլորովին այլ դիրքերում կլինի»։

Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































