Լրահոս
Օրվա լրահոսը

Իլյուզիաների թանգարան Գյումրիում․ այն Հայաստանում միակն է (Ֆոտոշարք)

Հուլիս 06,2022 18:11

Այսօր Գյումրիում պաշտոնապես բացվեց Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարան»-ը, որտեղ ցուցադրված են ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշներ։

«Իլյուզիաների թանգարան»-ի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանn իր ելույթում պատմեց, որ նման թանգարան ստեղծելու գաղափարը իր և ընկերոջ՝ Մեսրոպ Հակոբյանի մոտ ծագել էր դեռ երեք տարի առաջ, երբ պատահաբար նման թանգարաններ էին այցելել արտերկրում։

Տպավորությունների տակ՝ մտածել են Հայաստանում ևս ստեղծել նման թանգարան։

Գրիշա Ամիրխանյանը խոստովանեց, որ սկզբում շատ հեշտ է թվացել նման թանգարան հիմնելը, սակայն դաժան օրեր են սկսվել։

«Սկզբում մեզ թվում էր, թե ընդամենը մենք կարողանալու ենք 2-3 ամսում ստեղծել թանգարան, բայց հետո հասկացանք, որ կան ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրի վրա պետք է ծախսել 2-3 ամիս։ Ինչո՞ւ որոշեցինք Գյումրիում ստեղծել թանգարանը․ ի սկզբանե մեր մտքում երկու քաղաք էր, որոնք որպես թանգարանի ստեղծման հավանական քաղաքներ էինք նախատեսում․ մեկը Երևանն էր, մյուսը՝ Գյումրին։ Ի վերջո, կանգ առանք Գյումրիի վրա, որովհետև Գյումրիում զբոսաշրջության զարգացման տեմպերը վտանգավորության աստիճանի արագ են զարգանում, բայց մի բան պակասում էր այս քաղաքում, դա ցերեկվա ժամերին ժամանցի վայրն էր։

Երեկոյան ժամերին ժամանցի վայրեր շատ կան, տարբեր բենդեր տարբեր ռեստորաններում շատ լավ ապահովում են, բայց ցերեկվա ժամանցը կարծես թե բացակայում էր։

Իհարկե, Գյումրին հարուստ է բազմաթիվ թանգարաններով ու պատմամշակութային վայրերով, բայց որպես այդպիսի ժամանցի վայր՝ Գյումրիում չկա, և որոշեցինք հենց Գյումրիում պետք է լինի։
Մեզ Գյումրիի վրա վերջնական կանգ առնելու հարցում օգնեց Եվրամիության «Ինովացիոն տուրիզմ և նորարարական տեխնոլոգիաների զարգացում» ծրագիրը, որն իրագործվում է հյուսիսային մարզերի համար։ Եվ հենց այդ դրամաշնորհային ծրագիրը մենք տեսանք, միանգամից որոշեցինք, որ այդ քաղաքը հենց Գյումրին է լինելու», -ասաց Գրիշա Ամիրխանյանը։

Վերջինս ասաց՝ վստահ է, որ Գյումրում բազմաթիվ այցեքարտերին ավելացավ նաև «Իլյուզիաների թանգարան»-ը։

Aravot.am-ի հետ զրույցում էլ Գրիշա Ամիրխանյանը մանրամասնեց, որ առաջին նմանատիպ թանգարան այցելել են Լիտվայում՝ Վիլնյուսում, դրանից հետո եվրոպական բազմաթիվ այլ երկրներում։ Ուսումնասիրելով Մերձբալթյան երկրների, Իսպանիայի, Խորվաթիայի օրինակը՝ հայկական հայեցակարգը ստեղծել են լավագույն ցուցանմուշները տեղայնացնելով և, իհարկե, լոկալ ցուցանմուշներ ստեղծելով, որոնք ոչ մի երկրում չկան։

Մեր զրուցակիցը նշում է, որ փորձել են կրթությունը դարձնել ժամանցային․ ամբողջ աշխարհում կա այդ միտումը։

«Թվում է, թե ցուցանմուշները խաղալիք են, բայց իրենց հետևում թաքնված է որոշակի գիտելիք, որոշակի գիտության երևույթ, օրինակ՝ փորձում ես պտտել Նյուտոնի սկավառակը և տեսնես, թե ինչպես ծիածանի բոլոր գույների համադրությունն արագ շարժման, դրանց համադրության արդյունքում ստացվում սպիտակ գույնը։ Դա քեզ հավելյալ իմպուլս է տալիս, որ գնաս, ուսումնասիրես, թե բնության մեջ ինչ գույներ կան, գույներն ինչպես են ստեղծվում։

Շատ ուրախ ենք, որ արձագանքներ ստանում ենք աշակերտներից, ուսուցիչներից, որոնք շատ ավելի են սկսել ֆիզիկա և մաթեմատիկա սիրել և շատ ավելի հարցեր են տալիս, փորձում են խորանալ, երբ տեսնում են այդ երևույթի արդյունքը բնության մեջ։ Մի բան է, երբ տեսնում ես, մի բան է, երբ տեսնում ես՝ իրականում ինչ չգիտես։ Հիմա օրինակ բազմաթիվ այցելուներ չգիտեն, որ գույների միախառնումից սպիտակ գույնն է ստացվում», -ասաց մեր զրուցակիցը։

Նա նշում է, որ ապագան ինժեներական գիտություններն են, Հայաստանն էլ անմասն չի մնում։

«Կարծում եմ, որ մեր թանգարանով ավելի փոքր տարիքի երեխաների մոտ հավելյալ հետարքրքություն կկարողանանք առաջացնել դեպի տեղեկատվական տեխնոլոգիաները, բնական գիտությունները։ Ինչպես տեսնում ենք, դրանք ավելի մեծ արժեք են ստեղծում պետության համար, քան հումանիտար գիտությունները», -ասաց մասնագիտությամբ տնտեսագետ Գրիշա Ամիրխանյանը։

Նա նշեց, որ 50 ցուցանմուշները կավելացվեն, թանգարանը կհարստանա։

Նա թանգարանը բնութագրում է՝ որպես ժամանցը կրթության հետ համադրող վայր, որտեղ զվարճանք՝ և՛ դրական էմոցիաներ, և՛ գիտելիքներ են ստանում, նաև գիտելիքները խորացնելու մտքով են դուրս գալիս թանգարանից։

Այցելուները գալիս են իրենց էմոցիաների հետևից․ առաջին հայացքից սովորական թվացող սենյակները իրականում «կախարդական» են, որոնք զարմացնում, զվարճանում ու միաժամանակ կրթում են։

Թանգարանի երկրորդ հարկում այցելուներին միանգամից դիմավորում է Մհեր Մկրտչյանը՝ Ֆրունզիկը՝ լայն ժպիտով։ Մոտենալով նրա պատկերին՝ տեսնում ես այլ պատկեր՝ Գյումրիի տեսարժան վայրերի 300 նկարները, որոնցով և ստացել են Ֆրունզիկի պատկերը։

Թանգարանում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ֆիզիկոս գյուտարար Նիկոլա Տեսլայի պլազմային գունդը, որը լցված է հազվագյուտ գազերի խառնուրդով․ ձեռքերով կարողանում ես կառավարել ապակե գնդի ներսում գտնվող լուսային ճառագայթները։

Թանգարանի ցուցանմուշներից է Բուշեթի աթոռը, որը հանրահայտ և շատ հայտնի տեսողական խաբկանք է, ընդամենը մեկ սովորական գործողությամբ ընկերոջդ հետ համեմատ փոքրանում ես։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031