Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, բայց հո ողջ կյանքում չե՞ք գալու»․ Սերժ Սարգսյան

Հուլիս 07,2022 17:47

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա պետք է հարցաքննվեր քաղաքացի Սեւան Քոչարյանը, սակայն նա, ինչպես եւ նախորդ նիստում, չէր եկել դատարան։ Նա այս գործով առանցքային վկա է համարվում, քանի որ նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը։

Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց՝ դատարանը որոշել էր հարկադրանքի միջոցի կիրառմամբ Սեւան Քոչարյանի ներկայությունն ապահովել, սակայն դատարանի որոշումը չի կատարվել անհայտ պատճառներով։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․-հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ:

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Հաջորդիվ Սեւան Քոչարյանի ներկայությունն ապահովելու համար դատարանը դիմելու է ոստիկանությանը՝ ակնկալելով պարզաբանում որոշման չկատարման կամ չկատարման պատճառների մասին։ Մյուս ծանուցված վկան՝ Եղիշե Վարդանյանը, նույնպես չէր ներկայացել եւ դատարանին գրություն էր հղել այն մասին, որ անձնական խնդիրների պատճառով բացակայում է ՀՀ-ից։ Առաջիկա դատական նիստը նշանակվեց օգոստոսի 25-ին՝ 14:30-ին։

Նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը դատարանի դիմաց իջավ մեքենայից՝ ողջունելու թիմակիցներին ու համակիրներին։

«Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, բայց, կներեք․․․շնորհակալ եմ, բայց հո ողջ կյանքում չե՞ք գալու»,-ասաց նա ժպտալով։ Լրագրողների հարցերին նա նախընտրեց չպատասխանել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031