«Դա խճճել ու անհստակ է դարձրել ԶՈՒ կառավարման գործընթացն ու ՀՀ պաշտպանական քաղաքականությունը։ Դրանում կան լուրջ խնդիրներ, որոնք վերաբերում են որոշումների կայացման գործընթացին։ Օրինակ՝ հստակություն չկա անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարի եւ վարչապետի՝ որպես գերագույն հրամանատարի ուղիղ լիազորություններում։ Պարզ չէ, թե պատերազմական եւ խաղաղ իրավիճակներում զորքերի կառավարման, զարգացման, արդիականացման խնդիրների բուն պատասխանատուներն ովքեր են, ո՞ր մակարդակում եւ ի՞նչ որոշումներ պետք է կայացնեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով կառավարության հեղինակած՝ «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին՝ ասաց ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Ըստ փոփոխության՝ ԶՈՒ ԳՇ պետը չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։ Այս առնչությամբ Արտակ Զաքարյանը նշեց․ «Հասկանալի չէ, թե ինչու են ԳՇ պետին նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ տալիս, ընդ որում՝ նրան փոխարինելու է մյուս՝ քաղաքական տեղակալը, որը քաղաքացիական ծառայող է։ Դա իմաստ կունենար, եթե ՊՆ ողջ ղեկավար կազմը լիներ զինվորական։ Խառնաշփոթ են արել եւ ձեւացնում են, թե պաշտպանական քաղաքականության նոր մոդել են մշակել․ սուտ է եւ կեղծիք։ Շատ ավելի լավ կլիներ, եթե հիմա քննարկվեր ԶՈՒ արդիականացման նոր հայեցակարգը։ Սա է օրվա խնդիրը։ Սրանց աչքը վախեցած է։ Բանակն ամբողջական վերահսկողության տակ են վերցնում, ինչն ամենասխալ բանն է։ Գեներալը նրա համար է գեներալ, որ իր պատասխանատվության ոլորտում որոշումներ կայացնելու ազատություն ունենա։ ԳՇ պետն առանձին մարմնի կարգավիճակ պետք է ունենա, որ ռազմական կարողությունների, ծախսերի տեսանկյունից որոշումներ կայացնի։ ՊՆ-ի եւ ԳՇ-ի գործառույթները տարբեր են, մինչդեռ այս փաթեթով խառնաշփոթ են սարքում»։
Այսպիսի մոդելով, ըստ Արտակ Զաքարյանի, հաջորդ պատերազմում ունենալու ենք կառավարման շատ ավելի մեծ քաոս, քան այս իշխանությունն արհեստականորեն ստեղծել էր 2020թ․-ի պատերազմի ժամանակ․ «Քաղաքական-կառավարչական կապիկություններով ուզում են ցույց տալ, թե իբր ինչ-որ բան են անում, իսկ իրականում հարվածում են պաշտպանական քաղաքականությանը։ Պատերազմից մոտ երկու տարի է անցել։ Արդեն պետք է ունենայինք պատրաստի եւ գործողության մեջ դրված փաստաթղթեր, որոնցով ԶՈՒ-ն պետք է զարգանար, վերակազմավորվեր եւ դուրս գար այս վիճակից։ Մինչեւ այսօր ԳՇ պետ չկա»։
Կարդացեք նաև
Նկատառմանն ի պատասխան, որ պաշտպանության փոխնախարարն ասել է, թե ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը պրոֆեսիոնալ է, Արտակ Զաքարյանը նշեց․ «Հարցը պաշտոնը զբաղեցնողը չէ, այլ ինստիտուցիոնալ մոտեցումը։ ԳՇ պետն այն պաշտոնն է, որը մեկ ժամ թափուր մնալու իրավունք չունի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































