Համաշխարհային երաժշտության գանձարանում կան ստեղծագործություններ, որոնք գրվել են ժամանակի թելադրանքով եւ ինչ-որ ձեւով առնչվում են մեր երկրի ու մեզ հետ։ Այս դեպքում խոսքը Շոստակովիչի թիվ 7՝ «Լենինգրադյան» սիմֆոնիայի մասին է, որի ստեղծմանը կոմպոզիտորը ձեռնամուխ է եղել Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ ամիսներին՝ պաշարված Լենինգրադում։ Հազարավոր լենինգրադցիների նման, կոմպոզիտորը մասնակցել է խրամատների փորմանը, որից հետո որպես հակահրդեհային ջոկատի մարտիկ բարձրացել կոնսերվատորիայի տանիք՝ իր հետ տանելով սիմֆոնիայի պարտիտուրը, հնարավոր ոչ մի րոպե իսկ չկորցնելու, ավարտին հասցնելու համար։ Սիմֆոնիայի պրեմիերան կայացել է Կույբիշեւում, 1942թ. մարտի 5-ին։
Իսկ թե ինչով է այս սիմֆոնիան առնչվում մեր երկրի հետ, վաստակաշատ երաժշտագետ Արմեն Բուդաղյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, թե Շոստակովիչն իր այս սիմֆոնիայով հերքեց դարերի ընթացքում ձեւավորված կարծիքը այն մասին, որ «երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են», հետո հայտնեց հետեւյալը. «Ողջ սիմֆոնիայի ընթացքում հաստատվում է գալիք հաղթանակի գաղափարը եւ դա այն պայմաններում, երբ շրջափակված էր Լենինգրադը, իսկ ֆաշիստական զորքերն այնքան էին մոտեցել Մոսկվային, որ հեռադիտակով կարելի էր տեսնել մոսկովյան փողոցները։ Նման դաժան ու ծանր պայմաններում ստեղծագործելով, կոմպոզիտորը այն ավարտին հասցրեց 1941թ. վերջին, իսկ Կույբիշեւում դիրիժոր Սամուիլ Սամոսուդի ղեկավարությամբ առաջին կատարումից հետո այս գործը հնչեց Մոսկվայում, 1942թ. մարտի 29-ին, նույն դիրիժորի մեկնաբանությամբ, ապա Տաշքենդում՝ նույն թվականի հունիսի 22-ին, Իլյա Մուսինի մեկնաբանմամբ, հետո հուլիսի 9-ին՝ Եվգենի Մրավինսկիի ղեկավարությամբ Նովոսիբիրսկում։ Լենինգրադում սիմֆոնիան կատարվեց 1942թ. օգոստոսի 9-ին՝ դիրիժոր Կառլ Էլիասբերգի մատուցմամբ։ Նկատենք, որ թվարկած քաղաքներում ստեղծագործության պրեմիերաները ունեցել են մեկ կատարում։ Իսկ մինչեւ Լենինգրադում կատարվելը, Երեւանում՝ ի տարբերություն նշված քաղաքների, 7-րդ սիմֆոնիան հնչել է երեք անգամ՝ 1942թ. հուլիսի 11, 12 եւ 14-ին, Միքայել Թավրիզյանի ղեկավարությամբ»։

Արմեն Բուդաղյանը տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ից մեկնարկում է Շոստակովիչի «Լենինգրադյան» սիմֆոնիայի պրեմիերայի 80-ամյակի առիթով հոբելյանական միջոցառումներ։ Այդ օրերին, ի թիվս սիմֆոնիայի պատմության արժանահիշատակ այլ փաստերի, կցուցադրվեն նաեւ Հայաստանի տրամադրած երեւանյան պրեմիերաները ներկայացնող ֆոտոշարք, անվանի արվեստագետների կարծիքներ եւ այլն։ «Դա շատ մեծ ստենդ է ենթադրում։ Խորհրդային երկրի ղեկավարությունը դեռեւս 1942թ. սիմֆոնիայի առաջին պրեմիերաներից հետո հասկացավ այդ գործի գաղափարական-պրոպագանդիստական նշանակությունն ու մշտապես խրախուսում էր յուրաքանչյուր հաջորդ կատարում թե ԽՍՀՄ քաղաքներում, թե արտերկրում։ Բավական է նշել միայն, որ ԱՄՆ-ում մեկ տարվա ընթացքում սիմֆոնիան հնչել է 60 անգամից ավելի՝ որպես գալիք հաղթանակի խորհրդանիշ»,- եզրափակեց Արմեն Բուդաղյանը։
Մենք էլ նշենք, որ մայիսի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, առաջին կատարումից 80 տարի անց, Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հնչեցրեց սիմֆոնիան՝ նվիրելով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.07.2022


















































