Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագիրը քիչ է

Հուլիս 20,2022 14:30

Ինչո՞ւ քաղաքացիական զգացմունքների հետ արթնացել է նաեւ մարդու մեջի գազանը

«Եվ ոչ մի Աստված չկա, – հանկարծակի վրա հասավ հայր Զվեզդոնին ու ձախ ոտքը զարկեց գետնին, – Բացարձակապես ոչ մի Աստված չկա, չի եղել եւ չի լինելու: Կա միայն Գեներալիսիմուսը, որն այնտեղ՝ վերեւում է, – Զվեզդոնին մատը տնկեց դեպի երկինք, – չի քնում, նայում է մեզ եւ մտածում է մեր մասին»: Սա հատված է Վլադիմիր Վոյնովիչի «Մոսկվա -2043» հակաուտոպիայից, եւ այդ խոսքերն արտահայտող վեպի հերոսը իշխանության նոր հավատքի քրմերից է՝ հավատք, որը կոչված է փոխարինել ավանդական կրոնը: Եթե Զվեզդոնին ավելացներ նաեւ՝ «նա սիրում է մեզ ու հպարտանում է մեզանով», ամեն ինչ տեղը կընկներ:

Իրականում այդ պատմությունը սկսվել է ոչ թե «Սովետում» կամ «Հետսովետում» (որի անբաժանելի մասն է ներկայիս Հայաստանը), այլ Ֆրանսիայում՝ 1789 թվականին, երբ հիերարխիկ՝ Աստծո «ղեկավարությամբ» կազմակերպված կառուցվածքը համարվեց անպիտան եւ փորձ արվեց իրականացնել ազատ, իրավահավասար քաղաքացիների պետության նախագիծը: Ինչի՞ հիման վրա է հնարավոր կառուցել այդ նոր, անշուշտ, տեսականորեն ավելի արդար եւ առաջադեմ համակարգը: Հեղափոխության գաղափարախոսները պնդում էին, որ հիմքում պետք է լինի պայմանագիրը, եւ դա նույնպես տրամաբանական էր հնչում. քանի որ մենք հոգու խորքում գազաններ ենք, պետք է ինչ-որ ձեւով պայմանավորվենք, որ իրար չուտենք: Արդյո՞ք նման մոտեցումը հետագա 100-130 տարիների ընթացքում (մինչեւ Առաջին աշխարհամարտը) բերեց իրական քաղաքական եւ տնտեսական առաջընթացի: Ինձ թվում է՝ դա ակնհայտ է: Արդյոք վերացրե՞ց «թագավորներին» եւ «իշխաններին»: Կարծում եմ՝ ոչ: Պարզապես թագավորները, իշխանները եւ նրանց քրմերն այլ անուններ ստացան: Օրինակ, իմ պատանեկության տարիների քուրմը կոչվում էր «Կենտկոմի գաղափարախոսության գծով քարտուղար», կամ հիմա՝ «իշխանությանը մոտ կանգնած քաղաքագետ»: Մի խոսքով, դասական սյուժեին համապատասխան, հրեշի դեմ պայքարողը հրեշ դարձավ:

Ի՞նչն է խնդիրը: 1988 թվականին գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասն իր ելույթներից մեկը վերնագրել էր այսպես՝ «Մոդեռնը անավարտ նախագիծ է»: Գիտնականը նկատի ուներ, որ այն նախագիծը, որը սկսվել է Լուսավորության շրջանից, այժմ ճգնաժամի մեջ է, բայց անհույս չէ: Ճգնաժամի պատճառն այն է, որ 20-րդ դարում հասարակության ենթահամակարգերը՝ բյուրոկրատիան, գիտական եւ տեխնիկական վերնախավը դարձել են «ինքնիշխան»: Դրա արդյունքում հասարակությունները զրկվել են «մոդեռնի» բաղադրիչից՝ բարոյական կողմնորոշումից: Իսկ առանց դրա՝ գերիշխող խավերը հաշվի չեն առնում մարդկանց շահերը եւ հասարակությունների վզին են փաթաթում սոցիալական զարգացման իրենց պատկերացումները:

Երբ չկա այն, ինչ կոչվում է «էթոս», ժողովրդավարությունը, շուկայական հարաբերությունները դառնում են ինքնանպատակ եւ, ի վերջո, խեղվում են: Այդ պարագայում «ազատ քաղաքացիների» կամարտահայտությունը նույնպես առանձին արժեք չի ներկայացնում եւ տեղի է ունենում այն, ինչ պատահեց 2018 թվականին Հայաստանում՝ մարդիկ կարողացան իրենց դրսեւորել որպես քաղաքացիներ, բայց քաղաքացիական զգացմունքները միախառնվեցին ատելության, վրեժխնդրության, վայրագության հետ: Ավելին՝ առանց բարոյական կողմնորոշիչների հնարավոր չէ իրավապահ եւ դատական համակարգի բարեփոխումներ իրականացնել. «հետհեղափոխական» դատարանները (դատախազությունը, քննչական մարմինները) չեն կարող սկզբունքորեն տարբերվել «նախահեղափոխականներից», որովհետեւ անգամ իշխանության ամենաբարի ցանկության դեպքում, չկա հասարակական այն մթնոլորտը, այն պահանջմունքը, որը կձեւավորեր այլ դատարաններ: Հայաստանի քաղաքացու համար ոչ մի խնդիր չկա, ենթադրենք, ձեռքը դնել Աստվածաշնչի վրա, իսկ հետո՝ խաբել: Ճիշտ նույն ձեւով էլ դատավորի համար ամենեւին դժվար չէ համապատասխան երդում տալ, իսկ հետո կատարել գործադիրի պատվերը: Շատ դատավորների պետք էլ չի «վերեւից» զանգել՝ նրանք արդեն գիտեն, թե ում է պետք կալանքի սանկցիա տալ, իսկ ում՝ չտալ: Բյուրոկրատիա՝ իր «անխառն», բարոյական կողմնորոշումներից հեռու պատկերով:

Եվրոպացի ինտելեկտուալները ելքը տեսնում են… ինտելեկտուալների դերակատարության բարձրացման մեջ: Ֆրանսիացի՝ ձախ հայացքներ ունեցող փիլիսոփա Ռեժի Դեբրեն քաղաքականությունը պատկերացնում է եռանկյունու տեսքով՝ պետություն-ԶԼՄ-մտավորականություն: Խնդիրն, ըստ նրա, ինտելեկտուալների ապաքաղաքականացման եւ, մյուս կողմից, քաղաքականության ապա-ինտելեկտուալացման մեջ է: Մինչդեռ մտավորականների դերը նույնն է, ինչ միջնադարյան գրագիրների դեպքում՝ կապեր ստեղծել մարդկանց միջեւ: Հետեւաբար, Դեբրեի կարծիքով, նրանք պարտավոր են զբաղվել քաղաքականությամբ: Հակառակ դեպքում՝ բանականության քայքայումը վաղ թե ուշ հանգեցնելու է ֆաշիզմի:

Գուցե Հայաստանն ա՞յդ ուղղությամբ է գնում: Մանավանդ, որ ըստ քաղաքագիտության կանոնների, «օխլոկրատիային»՝ ամբոխի իշխանությանը, սովորաբար հետեւում է բռնապետությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031