Ասում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը
Կապանի թատրոնը Արեւելյան Հայաստանի աշխարհագրական տարածքում ստեղծված ամենահին թատրոնն է: Նրա դերը մեծ է Հայաստանում թատերարվեստի հանրահռչակման գործում եւ ազդակ է եղել մյուս մարզային թատրոնների ստեղծման համար: Ստեղծման օրվանից թատրոնում իրենց ստեղծագործական ճանապարհն են ուրվագծում շնորհալի դերասաններ:
Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Արթուր Գաբրիելյանի եւ թատրոնի հետ առաջին ծանոթությունը շատ վաղ մանկությունում եղավ՝ որպես հանդիսատես։ Երբեք էլ չի մտածել, որ կարող է մուտք գործել այդ աշխարհ, որովհետեւ թատրոնը միշտ աննյութեղեն մի վայր է թվացել, իսկ ինքը` օտար մեկը, որ չէր կարող կանգնել բեմում։
«Անգամ չեմ էլ երազել դերասան դառնալու մասին, ամեն ինչ ստացվեց ինքնաբերաբար, ստացվեց իմ կրթօջախում` Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում։ Դպրոցում բացվեց թատրոն-ստուդիա, ներկայացումներ էին խաղում։ Հիշում եմ` տոմսը 200, թե 500 դրամ էր. տոմս էի գնում եւ ոգեւորված նայում աշակերտների բոլոր ներկայացումները։ Ոմանց խաղում շատ բան չէի հավանում, բայց նաեւ հրաշալի երեխաներ կային, ովքեր իզուր չբռնեցին թատրոնի ճամփան։ Եվ մի օր թատրոն ստուդիայի ղեկավար Օֆելյա Հովհաննիսյանն ինձ դեր առաջարկեց` Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ներկայացումում։ Բարձրացա աշակերտական բեմ ու այլեւս չիջա բեմից. հետո արդեն ինստիտուտ, պրոֆեսիոնալ բեմ ու թատրոնի կախարդիչ աշխարհ, որն ինձ համար միշտ վերերկրային է թվացել։ Հիմա ես եմ այդ աննյութեղեն աշխարհում, հավետ կապված նրա ճիրաններում»,-պատմում է Արթուրը:
Արդեն 14 տարի բեմում է: Հասցրել է ճանաչել թատրոնն ու արդեն թատրոնին մոտենալ նաեւ որպես գիտության։ Այս տարիներին մոտ 27 դեր է խաղացել` սկսած դասական ներկայացումներից` Շիրվանզադեից մինչեւ մանկական ու կենցաղային կոմեդիաներ։ Մեկ կերպար է առանձնացնում իր բոլոր դերակատարումներից, որն էլ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի բեմադրած Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացման մեջ Արթուրի մարմնավորած գերմանացի նացիստ սպայի՝ Կուրտ Կաուբախի կերպարն է: Իրականում սա Արթուրի ամենափոքր դերն էր:
Կարդացեք նաև


Կապանի թատրոնը թեեւ շատ հարուստ պատմություն ունի, բայց, ցավոք, որեւէ աշխատությամբ, անգամ փոքրիկ գրքույկով երբեք անդրադարձ չի եղել թե՛ թատրոնի անցյալին, թե՛ այնտեղ ստեղծագործած արտիստներին։ Արթուրը որոշեց լրացնել այդ բացը, պեղել ու գրի առնել այն ամենը, ինչը կհաջողվի։ Նա գրում է ներկայի մասին, այսօր եւ այժմ ստեղծագործող դերասանների։ Նրանց արտիստական դիմանկարը կազմում է, որ վաղը կամ մյուս օրը սերունդները կարդան եւ ծանոթ լինեն այն արտիստների նկարագրին, ովքեր ծառայել են Կապանի թատրոնում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.07.2022




















































