Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային պայմանագրում չէր նախատեսվել կենսաթոշակի տարիքը լրանալու հիմքով աշխատանքից ազատելու պայման

Հուլիս 30,2022 14:00

Ա. Դ.-ն շուրջ 13 տարի աշխատելուց հետո՝ 2019թ. հունվարին ծանուցում էր ստացել գործատուից՝ 2019թ. մարտ ամսից աշխատանքից ազատման մասին՝ կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքով։

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա» Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրած իրավական աջակցության արդյունքում վերականգնվեցին նրա աշխատանքային իրավունքները, իսկ գործը քննած Լոռու մարզի ընդահանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Մկոյանի, արձանագրեց, որ «Ա.Դ.-ին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով աշխատանքից ազատելիս գործատուն խախտել է, ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ աշխատանքային պայմանագրով նախատեսված կանոնները: Այսինքն Ա.Դ-ին. աշխատանքից ազատելու հրամանն իրավաչափ չէ եւ այն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են, ուստի հայցն այդ պահանջի մասով, ենթակա է բավարարման»:

2021 թ. օգոստոսի 17-ին քաղաքացի Ա. Դ.-ն ՀՔԱՎ աջակցութամբ դիմել է դատարան եւ խնդրել անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին իր գործատուի հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, իսկ աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում՝ գործատուին պարտավորեցնել վճարել հատուցում՝ պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար եւ աշխատանքում չվերականգնվելու դիմաց՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։ Բանն այն է, որ Ա.Դ.-ի աշխատանքային պայմանագրում չի նախատեսվել կենսաթոշակի տարիքը լրանալու հիմքով աշխատանքից ազատելու պայման։

Փաստորեն, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուն լուծել է սահմանված կարգի խախտմամբ, քանի որ կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման անհրաժեշտ պայման է համապատասխան հիմքի առկայությունը։ Ըստ էության, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով՝ կողմերը պետք է նախատեսեն 63 տարին լրանալուց հետո պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը։ Հակառակ դեպքում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով աշխատողին աշխատանքից ազատելն իրավաչափ չէ։ Ա.Դ.-ի իրավունքներն ու օրինական շահերը դատարանում ներկայացրել է ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը։

Վերջինս դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածը հնարավորություն է ընձեռում աշխատանքային հարաբերությունը դադարեցնելու միայն երկու խումբ պատճառների դեպքում, որոնք առնչվում են աշխատողի վարքին ու ընդունակություններին եւ ձեռնարկության գործնական պահանջներին (տնտեսական պատճառներ):

2022 թ. հուլիսի 14-ի վճռով դատարանը ճանաչեց Ա. Դ.-ի իրավունքների խախտումը եւ գործատուին պարտավորեցրեց վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով՝ սկսած աշխատանքից ազատելու օրվանից մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը, եւ աշխատողին աշխատանքում չվերականգնման դիմաց հատուցում՝ Ռ. Դ.-ի միջին աշխատավարձի եռապատիկի չափով:

ՀՔԱՎ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031