Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակն էր քննարկել ՀՀ-ում վայրի բնության խնդիրներն ու անտառային հրդեհների կանխարգելման հեռանկարները. US Forest Service-ի ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

Օգոստոս 01,2022 13:48

ԱՄՆ-ի Անտառային ծառայության (US Forest Service) ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝  գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։

Այցի գլխավոր նպատակն էր քննարկել Հայաստանում վայրի բնության և անտառային հրդեհների խնդիրներն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված հեռանկարները։ ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ հիմնադրամը 2020 թվականից իրականացնում է անտառային հրդեհների կանխարգելման, հիմնադրամի կողմից կառավարվող CWR մասնավոր պահպանվող տարածքի անտառապահների կարողությունների զորեղացման ու տեխնիկական համալրման աշխատանքներ, ինչպես նաև մի շարք հանրային իրազեկման արշավներ ու միջոցառումներ և կրթական ծրագրեր։

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ՝ գործընկերները շրջել են ապաստարանում, այցելել բնիկ ծառատեսակների տնկարան, որը 2016 թվականին հիմնվել է հենց ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ, ինչպես նաև ծանոթացել արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքների զարգացման և մի շարք  այլ ծրագրերին։ Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են գործընկերներին առաջիկա ծրագրերի մասին ծավալուն ինֆորմացիա։

«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ի Անտառային ծառայության հետ սերտ աշխատանքներ ենք իրականացնում, մասնավորապես՝ անտառային հրդեհների կանխարգելման շրջանակում։ ԱՄՆ Անտառային ծառայությունն ամբողջ աշխարհում առաջատարներից է իր երկարամյա փորձով, և այդ փորձի փոխանակումը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ պայքարել անտառային հրդեհների դեմ»,- նշում է Ռուբեն Խաչատրյանը։ Նա հավելում է՝ շատ կարևոր է, որ գործընկերները ծանոթանան այն բոլոր ծրագրերին, որ իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Նշենք, որ անտառային հրդեհների կանխարգելումը հիմնադրամի որդեգրած քաղաքականության կարևոր կետերից է, և այս ուղղությամբ արդեն իսկ մեծ կրթական արշավ է իրականացվում։ Առաջիկայում հիմնադրամը կներկայացնի ոլորտին առնչվող այլ նախաձեռնություններ։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031