Մի քանի օրից Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերը։ Մեր հայրենակիցները ստիպված են լինելու լքել իրենց բնակավայրերը՝ անշուշտ, երբեք չկորցնելով մի օր այնտեղ վերադառնալու հավատը։ Բնական է, որ մարդիկ փորձելու են հնարավորինս շատ շարժական գույք վերցնել իրենց հետ։ Իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել մշակութային արժեքների հետ, որոնք գերի են մնալու թշնամու տիրապետության տակ։
44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ ադրբեջանցիները կա՛մ վերացնում են հայկական մեծ ու փոքր հոգեւոր կառույցները, կա՛մ «գործուն» քայլեր են ձեռնարկում՝ դրանք արմատապես ձեւախեղելու։ Վստահաբար, նույնն է լինելու նաեւ այս պարագայում եւ մասնավորապես՝ Բերձորում 1996-1998 թթ. կերտված Սուրբ Համբարձման եկեղեցու դեպքում, որի ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը, շինարարության ղեկավարը՝ Գեորգի (Մենուշ) Առաքելյանը (լուսահոգի), գլխավոր քանդակագործը՝ Արտաշես Հովսեփյանը (լուսահոգի), դռների հեղինակը՝ Վանո Դադոյանը, ջահի հեղինակը՝ Ջանիկ Առաքելյանը, սրբապատկերի հեղինակը՝ Կարեն Սմբատյանը (լուսահոգի), բոլորը՝ 20-րդ դարի հայ արվեստի երեւելիներ։
Համացանցում անգամ հայտնվել է ադրբեջանական մի կազմակերպության առաջարկը՝ եկեղեցին մզկիթի վերածելու էսքիզային նախագծով։ Պարզ է, որ այս կերպ հայերիս ու աշխարհին հասկացնում-«լեգիտիմացնում» են, որ հենց այդպես էլ վարվելու են՝ ոչնչացնելով վերջին երեսնամյակում ստեղծված մշակութային ժառանգության հերթական անգին կոթողը, իսկ իրենց ձեւակերպումով՝ ադրբեջանական հողերի օկուպացիայի խորհրդանիշը։

Կարդացեք նաև

Ահա այս անկոտրում հավատով Քաշաթաղի երեսնամյա վերաբնակեցման եւ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու կերտման ջատագովների սույն խմբով հայտարարում ենք, որ նախաձեռնված է նոր տեղում նոր Սուրբ Համբարձման տաճարի կառուցման հիմնադրամի ստեղծումը։ Մենք հավատում ենք, որ նույնատիպ նախագծով վեր կհառնի մեր ազգի հավերժության խորհրդանիշ այն նոր կառույցը, որի որմերը կկրեն կորսված տաճարից փրկված հնարավորինս բոլոր մասունքները։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարության,
Ճարտարապետ, եկեղեցաշինարար Հրաչյա Գասպարյան,
Փայտարվեստի վարպետ Վանո Դադոյան,
Արցախի ԱԺ-ում Քաշաթաղի նախկին պատգամավոր Ազատ Եղոյան,
Բերձորի նախկին քաղաքապետ Արթուր Սահակյան,
Երեւանի քաղաքապետարանի նախկին քարտուղար Խաչատուր Վարդանյան,
Էրեբունու թանգարանի նախկին տնօրեն Գագիկ Սարգսյան,
Վարդապետ Հայր Աթանաս Մովսիսյան,
Քաշաթաղի շրջանի նախկին ղեկավար, պ.գ.դ. Ալեքսան Հակոբյան,
Քաշաթաղի շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Գագիկ Քոսակյան,
Պատմաբան Մերուժան Կարապետյան,
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի եղբայր Արսեն Գալստյան։


















































