Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնված է նոր տեղում նոր Սուրբ Համբարձման տաճարի կառուցման հիմնադրամի ստեղծումը․ հայտարարություն

Օգոստոս 17,2022 09:44

Մի քանի օրից Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերը։ Մեր հայրենակիցները ստիպված են լինելու լքել իրենց բնակավայրերը՝ անշուշտ, երբեք չկորցնելով մի օր այնտեղ վերադառնալու հավատը։ Բնական է, որ մարդիկ փորձելու են հնարավորինս շատ շարժական գույք վերցնել իրենց հետ։ Իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել մշակութային արժեքների հետ, որոնք գերի են մնալու թշնամու տիրապետության տակ։

44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ ադրբեջանցիները կա՛մ վերացնում են հայկական մեծ ու փոքր հոգեւոր կառույցները, կա՛մ «գործուն» քայլեր են ձեռնարկում՝ դրանք արմատապես ձեւախեղելու։ Վստահաբար, նույնն է լինելու նաեւ այս պարագայում եւ մասնավորապես՝ Բերձորում 1996-1998 թթ. կերտված Սուրբ Համբարձման եկեղեցու դեպքում, որի ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը, շինարարության ղեկավարը՝ Գեորգի (Մենուշ) Առաքելյանը (լուսահոգի), գլխավոր քանդակագործը՝ Արտաշես Հովսեփյանը (լուսահոգի), դռների հեղինակը՝ Վանո Դադոյանը, ջահի հեղինակը՝ Ջանիկ Առաքելյանը, սրբապատկերի հեղինակը՝ Կարեն Սմբատյանը (լուսահոգի), բոլորը՝ 20-րդ դարի հայ արվեստի երեւելիներ։

Համացանցում անգամ հայտնվել է ադրբեջանական մի կազմակերպության առաջարկը՝ եկեղեցին մզկիթի վերածելու էսքիզային նախագծով։ Պարզ է, որ այս կերպ հայերիս ու աշխարհին հասկացնում-«լեգիտիմացնում» են, որ հենց այդպես էլ վարվելու են՝ ոչնչացնելով վերջին երեսնամյակում ստեղծված մշակութային ժառանգության հերթական անգին կոթողը, իսկ իրենց ձեւակերպումով՝ ադրբեջանական հողերի օկուպացիայի խորհրդանիշը։

Ո՞րն է ելքը։ Միայն մեկը՝ ապամոնտաժել-փրկել որքան հնարավոր է շատ մշակութային արժեքներ։ Իսկ ի՞նչ է կարելի փրկել Սուրբ Համբարձման եկեղեցու պարագայում։ Անշուշտ, նման կարճ ժամկետում դա կարող են լինել նրա օծված սրբությունները՝ զույգ խաչերը, զանգերը, դռները եւ սրբաքարերը՝ եկեղեցու որմերի մեջ ագուցված խաչքարերը, մուտքի բարավորը՝ Տիրամոր ու Մանուկի պատկերով, արեւելյան ճակատի՝ յաթաղան կոտրող արծվի բարձրաքանդակը, շինարարական եւ այլ արձանագրություններով քարերը, Սուրբ սեղանի խաչակոթողը, խորանի ճակատի քանդակազարդը՝ Մակարավանքի բեմի նմանողությամբ, գմբեթի 12 սրբանշան վարդյակները եւ այլն։

Մենք վստահ ենք, որ ինչ-որ ժամանակ անց Սուրբ Համբարձման եկեղեցին կարո՛ղ է երկրորդ կյանք ունենալ, անշուշտ՝ բովանդակ հայության նվիրատվություններով։ Վերքերը կարո՛ղ են բուժվել ու սպիանալ, եթե մենք ընդունակ լինենք նոր արարումների հիմք ստեղծել։ Իզուր չեն Բերձորի արտաշեսհովսեփյանական արծվաքանդակի տակ փորագրված նարեկացիական խօսքերը. «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք»։

Ահա այս անկոտրում հավատով Քաշաթաղի երեսնամյա վերաբնակեցման եւ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու կերտման ջատագովների սույն խմբով հայտարարում ենք, որ նախաձեռնված է նոր տեղում նոր Սուրբ Համբարձման տաճարի կառուցման հիմնադրամի ստեղծումը։ Մենք հավատում ենք, որ նույնատիպ նախագծով վեր կհառնի մեր ազգի հավերժության խորհրդանիշ այն նոր կառույցը, որի որմերը կկրեն կորսված տաճարից փրկված հնարավորինս բոլոր մասունքները։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարության,

Ճարտարապետ, եկեղեցաշինարար Հրաչյա Գասպարյան,

Փայտարվեստի վարպետ Վանո Դադոյան,

Արցախի ԱԺ-ում Քաշաթաղի նախկին պատգամավոր Ազատ Եղոյան,

Բերձորի նախկին քաղաքապետ Արթուր Սահակյան,

Երեւանի քաղաքապետարանի նախկին քարտուղար Խաչատուր Վարդանյան,

Էրեբունու թանգարանի նախկին տնօրեն Գագիկ Սարգսյան,

Վարդապետ Հայր Աթանաս Մովսիսյան,

Քաշաթաղի շրջանի նախկին ղեկավար, պ.գ.դ. Ալեքսան Հակոբյան,

Քաշաթաղի շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Գագիկ Քոսակյան,

Պատմաբան Մերուժան Կարապետյան,

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի եղբայր Արսեն Գալստյան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031