Զինված հարձակման համար դատապարտված խմբավորման քաղաքական վերակազմավորման՝ Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամներն այս օրերին ռազմական ուսուցմամբ ճամբար են կազմակերպել 14-15 տարեկան երեխաների համար ու լուսանկարները հրապարակել սոցցանցերում:







Հիշեցնենք, որ 2016-ին «Սասնա ծռերի» գործողությունների ընթացքում երեք ոստիկան զոհվեց՝ գնդապետ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը եւ Գագիկ Մկրտչյանը։ Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց բեւեռի կազմակերպած ճամբարի նախաձեռնությանը. «Իրենք դա որակում են ազգաճանաչությո՞ւն: Եթե իրենք իրենց ազգի մեջ տեռորիստություն արեցին, նույնն էլ այդ երեխեքին պետք է սովորեցնեն: Իմ կարծիքն իրենց մասին իմ ամբողջ կյանքի ընթացքում երբեւիցե չի փոխվելու՝ իրենք ինձ համար տեռորիստ են, իրենք ինձ համար հայասպան են: Եթե հայը հայի վրա ձեռք է բարձրացնում, այդտեղ ի՞նչ հայասիրություն, ի՞նչ հայրենիք սիրել: Իմ համար իրենք մնում են վտանգավոր մարդիկ, իրենց ամեն մի քայլի մեջ ես վտանգ եմ տեսնում: Իրենք պատրաստ են ամեն րոպե իրենց քայլերը կրկնել ու դա քանի անգամ դատավարության ընթացքում ասել են: Եթե այդ տեսակ մարդկանց թույլ են տալիս նման բաներ անել, ես չգիտեմ…»:

Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ այս տարիների ընթացքում ձեր վիշտն ինչքանո՞վ է մեղմվել, երեխաներն ինչքանո՞վ են հարմարվել հայրիկի բացակայության հետ՝ նա պատասխանեց. «Ո՞նց կարող է վիշտը մեղմվի, եթե երեք երեխա եմ ես պահում, մեծացնում ու այդ երեխաներն իրենց պապայի կարիքն ունեն անընդհատ, ես ամուսնուս կարիքն ունեմ: Մենք երեխաներ պետք է մեծացնեինք, ո՞նց կարող է այդ վիշտը մեղմանալ, ուղղակի զուտ երեխեքիս խաթր ժպտում եմ, որ երեխեքս շատ բան չհասկանան: Երեխաներս գիտեն՝ ինչ է պատահել, միայն փոքրս՝ տղաս չգիտի: Սա այն հարցն է, որ չես կարող թաքուն պահես, պետք է պատմես: Ես չգիտեմ՝ վաղը, մյուս օրը իմ տղեն մեծացավ, այս պատմությունը կշարունակվի՞, թե՞ ինչ կլինի, չեմ կարող ասել: Տղա երեխա է մեծանում, հիմա 6 տարեկան է, բան չգիտի, 10 տարի հետո ի՞նչ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ





















































