Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական խզումների չորս տեսակները եւ դրանց պատճառով բռնկվող հեղափոխությունները

Օգոստոս 24,2022 12:00

Ամեն անգամ, երբ ես գրում եմ «2018 թվականի հեղափոխությունը» բառակապակցությունը, այն ընթերցողները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, դրան առարկում են, նշելով, որ

ա/ լուրջ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել, առավել եւս՝ հասարակարգ չի փոխվել,

բ/ 2018-ի իշխանափոխությունից հետո անվտանգության առումով մեր ժողովրդի վիճակը վատթարացել է:

Այդ երկու դիտարկումները, ըստ էության, ճիշտ են: Բայց ես վստահ չեմ, որ դրանք կապ ունեն հենց հեղափոխության հատկանիշների հետ: Չի եղել պատմության մեջ որեւէ հեղափոխություն, որն արմատապես փոխեր ամեն ինչ: Միեւնույն է, մնացել են մարդիկ (ամբողջ բնակչությունը հնարավոր չէ կախել կամ գնդակահարել), այդ մարդիկ ունեն որոշակի ինստիտուցիոնալ հիշողություն, եւ նույնիսկ ամենավայրագ պարտադրանքի պարագայում փորձում են գործել՝ իրենց արժեքային համակարգից ելնելով:

Ինչ մնում է դրական կամ բացասական փոփոխություններին, ապա նախ՝ դրանց տրվող գնահատականը սուբյեկտիվ է, ոմանք, օրինակ, կարող են դրական փաստ համարել, որ «մարդկանց դեմքին ժպիտ է երեւում», եւ երկրորդ՝ ո՞վ է ասել, որ հեղափոխությունը պետք է պարտադիր բարելավի մարդկանց կյանքը:

Իրականում՝ քաղաքագիտական առումով հեղափոխությունն այնպիսի մի ճգնաժամ է, որը, ի տարբերություն, օրինակ, ընտրությունների, հնարավոր չէ կառավարել առկա ինստիտուցիոնալ գործիքներով: Քաղաքական խաղի կանոնները այլեւս չեն կարող կարգավորիչ դեր խաղալ, եւ անհրաժեշտ են նորերը: Ոչ ավելի, ոչ պակաս:

Հեղափոխությունների պատճառները խզվածքներն են, որոնք այլ բառերով կարելի է անվանել «անջրպետ», «պառակտում», այն, ինչ քաղաքագետներ Սեյմուր Լիփսեթը եւ Սթեյն Ռոկանն անվանում են cleavage:

Խզումները կարող են տարբեր լինել, բայց հիմնականում դրանք չորսն են, եւ, ըստ այդմ, հեղափոխության տեսակներն էլ չորսը.

1/ ռեֆորմացիա, երբ կա խզում պետության եւ եկեղեցու միջեւ:

2/ ազգային հեղափոխություն, որտեղ խզումը պետության կենտրոնի (կենտրոնների) եւ ծայրամասերի միջեւ է (ի դեպ՝ հայկական ավանդական կուսակցությունների գաղափարախոսությունը պատմականորեն հիմնված է հենց այդ պառակտման վրա, ուրիշ հարց, թե որքանո՞վ է այդ խնդիրն արդիական 21-րդ դարի 3-րդ տասնամյակում դե յուրե անկախ Հայաստանի Հանրապետությունում),

3/ արդիականացման հեղափոխություն, որտեղ խզումը գյուղի եւ քաղաքի միջեւ է՝ այն ինչ, արեւմտյան Եվրոպայում տեղի է ունեցել 18-19-րդ դարերում, իսկ ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ Խորհրդային Հայաստանում՝ 20-րդ դարում,

4/ սոցիալական հեղափոխություն, երբ խզվածքը սոցիալական տարբեր շերտերի միջեւ է, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հենց այդ շարքից էր:

Պառակտումն, այդպիսով, կար մինչեւ 2018 թվականը, եւ անհրաժեշտ էր տաղանդավոր հռետոր, որը կունենար բավականաչափ հեղինակություն, որպեսզի կարողանար հեղափոխական հունի մեջ մտցնել բողոքը: Այլ բան, որ, հաշվի առնելով այն ծայրահեղ վիճակը, որում գտնվում է մեր պետությունը, ինչպես նաեւ՝ ազգի գլխին կախված գոյաբանական վտանգը, այդ խզումն իշխանափոխությունից հետո պետք էր արագ վերացնել եւ ոչ թե խորացնել այն՝ իշխանությունն առավելագույնս երկար պահելու նպատակով:

Սոցիալական հեղափոխությունների պատճառները հիմնականում երկուսն են.

1/ բնակչության մեծամասնությունն աղքատ է,

2/ այդ մեծամասնությունն իրավազուրկ է, արհամարհված է (deprived):

Իհարկե, կարող են նշանակություն ունենալ երկու գործոնները՝ այս կամ այն համաչափությամբ, բայց իմ տպավորությամբ հայաստանցիների համար առավել կարեւոր է երկրորդ գործոնը: Այսինքն՝ մեր քաղաքացիներին պետք է, որ վերեւներում լինի քաղաքական ուժ կամ գործիչ, որն, իրենց կարծիքով, ներկայացնում է իրենց շահերը: Հետեւաբար, սոցիալական խնդիրների խորացումը, քանի այն ձեռք չի բերել աղետալի բնույթ, չի սասանի ներկա իշխանությունների դիրքերի ամրությունը: Ազգային հարցերը, Արցախի կորուստը, թշնամու ներխուժման վտանգը, նույնպես, ինչպես տեսնում ենք, չի հուզում մեր քաղաքացիների մեծամասնությանը:

Ամբողջ խնդիրն այն է, որ արհամարհված լինելը կամ չլինելը նույնպես սուբյեկտիվ է: Այդ նույն մեծամասնությունն այսօր իրեն արհամարհված չի զգում եւ վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է իր շահերը: Ինչպե՞ս՝ կհարցնեք դուք: Այդ հարցի ամբողջական պատասխանը ես չունեմ: Հավանաբար՝ նախկին թալանի մասին ամեն օր խոսելով:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Դուք մեկ օր առաջ հղում արեցիք Գելափի սոց հարցմանը որը փաստում է ՔՊի, այսինքն նիկոլի էլեկտորատը այս պահին 16% է: 16% ոչ մի կերպ չի կարող համարվել մեծամասնություն: Այլ բան է, որ այս պահին իրենցից բարձր վարկանիշով քաղաքական ուժ չկա: Դա փաստում է քաղ դաշտի դեֆոլտի մասին: Սա ժամանակավոր երևույթ է մինչև հարթակ դուրս գան այլ, չեզոք դեմքեր որորնք արդեն սկսում են երևալ: Վերադառնալով, նորից փաստ ենք այսօրվա իշխանությունը ունի 16 տոկոս ընդամենը: Մեծամասնությունը, կրկնեմ, նրանց չի սատարում: Նույն Գելափի նախորդ հարցման համաձայն մեր հասարակության ճնշող մեծամասնությունը գլխավոր խնդիր է համարում անվտանգությունը: Խնդրում եմ հղում անել նախորդ հարցումներին: Հետեևաբար Ձեր այս վերլուծության երկու գլխավոր պնդումը փաստացի սխալ է: Ամենայն հարգանքով՝ Ձեր ընթերցող

Պատասխանել Ընթերցող

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031