Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին կարող ենք»

Սեպտեմբեր 03,2022 12:30

Հարցազրույց արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի (հիմնադիր նախագահ՝ Շահեն Նազարենկո) գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանի հետ

– Տիկին Կարապետյան, թույլ տվեք նկատել, որ հատկապես այս տարի փառատոնային տարբեր ձեւաչափերով հագեցած օրերը բառի իսկական իմաստով զարմացրին ոչ միայն մեզ, այլեւ մեր երկիր այցելած հյուրերին։ Ընդամենը մեկ օրինակ. փառատոնի փակման օրը՝ օգոստոսի 28-ին, առաջին անգամ ականատեսը եղանք Երեւանի Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների բակում Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմանը (ռեժիսոր՝ Ալիս Հեքիմբաշյան, դիրիժոր՝ Աթանես Առաքելյան), որտեղ ընդգրկված էին նաեւ սոցիալական հատուկ խմբերի երեխաներ։

– Ասեմ, որ փառատոնն անցկացվում էր «Միասին կարող ենք» խորագրով, աջակիցներն էին ԿԳՄՍ նախարարությունը, Մայր աթոռ սուրբ Էջմիածինը։ Իսկ հիմա մանրամասնեմ. «Ֆրեսկոն» մշակութային երկխոսության առիթ է, որը Հայաստանը դարձնում է արդիական շփումների խաչմերուկ։ Ձեր նշած Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների տարածքում, ինչպես նաեւ Վանաձորի Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի ունեցան ֆիլմերի դիտում, քննարկումներ, համերգային ծրագրեր, ինչպես նաեւ առաջին անգամ մարզային ներառական մշակութային ճամբար։ Այս տարի փառատոնն իր շուրջը համախմբեց տարբեր երկրներից արվեստագետների, կինոգործիչների եւ այլ մտավորականների։ Մեր նպատակներից էր էլ ավելի ակտիվացնել հատկապես մարզային մշակութային կյանքը։ Կփորձեմ սեղմ ներկայացնել վերջինս։ Վանաձորում կայացան հանդիպումներ հայաստանյան եւ օտարերկրացի արվեստագետների հետ, այդ թվում՝ վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի, որն անցկացրեց «Փարաջանովի ֆենոմենը» խորագրով հանդիպում արվեստասերների հետ, հետաքրքիր էր իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ հանդիպումը, որը կրում էր «Երուսաղեմի աղոթքը. ֆոտոթարգմանություն» վերնագիրը, «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» անցկացվեց մեկ մշակութային օր, որի ընթացքում ցուցադրվեց միջազգային ներառական ֆիլմ, հանդիպում-քննարկում փառատոնի օտարերկրյա արվեստագետների հետ։

Արդեն նշեցիք, որ փառատոնին մասնակցեց Երեւանի օպերային թատրոնը, ընդ որում, «Անուշի» նման մեկնաբանությունը փառատոնի նախագահի եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի միջեւ երկարատեւ քննարկումների արդյունք էր։ Մասնակցություն ունեցան նաեւ ճանաչված դեմքեր՝ դաշնակահար Հայկ Մելիքյանը, երաժիշտ Վահան Արծրունին, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, կամերային երգչախումբը, «Հովել» երաժշտական նախագիծը, «Ադանա պրոջեքթ» ռոք խումբը եւ այլն։ Եվ որ ամենակարեւորն է՝ ոչ միայն «Անուշը», այլեւ հանրաճանաչ արտիստների ելույթները ընթացան հաշմանդամություն ունեցող տաղանդաշատ երաժիշտների հետ միասին։

Մի բան էլ. փառատոնի օրերին ցուցադրվեց շուրջ 40 ֆիլմ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Իտալիայի եւ այլ երկրների արտադրության՝ խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ ֆորմատով, որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, ներկայացնում նրանց կարողությունները, արարելու եւ աշխատելու ներուժը։ Թույլ տվեք խոսքս եզրափակեմ հետեւյալ մտքով՝ «Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին։ Ոլորտում մասնագիտացած կառույցների հետ համագործակցության շնորհիվ նրանք ոչ միայն մասնակցում էին առանց չափազանցության բոլոր միջոցառումներին, այլեւ ակտիվորեն ներգրավված էին կազմակերպչական աշխատանքներում։

– Այս տարի փառատոնում առաջին անգամ անցկացվեց ներառական մշակութային ճամբար։

– Այո, Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում, որին մասնակցեցին ԿԳՄՍ նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ այլ մասնագիտացված կառույցների սաներ։

– Փառատոնին ներկա եւ պարզապես հետեւող արվեստագետները մեզ հետ զրույցում հատկապես նշում էին, որ իրենց տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարը նման երեխաների համար ոչ միայն հասարակության լայն շրջանակներում ինտեգրվելու հրաշալի միջոց է, այլեւ մեր երկիրը նոր ձեւաչափով ճանաչելու առիթ։ Թույլ տվեք բարձրաձայնել՝ մենք հասկացանք, որ իսկապե՛ս միասին կարող ենք ու յուրաքանչյուրս ունենք մեր ուժեղ ու թույլ կողմերը եւ պետք է հնարավորություն տալ բոլորին՝ դրսեւորելու ուժեղ կողմերը։

– Հաճելի է լսելը…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930