ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա պետք է հարցաքննվեր Աբովյանի բնակիչ Սեւան Քոչարյանը, սակայն նա, ինչպես եւ նախորդ նիստում, չէր եկել դատարան։
Նա այս գործով առանցքային վկա է համարվում, քանի որ նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը։ Դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, եւ այսօր դատավոր Վահե Միսակյանը հրապարակեց ոստիկանության տեղեկանքն այն մասին, որ ծառայողներն այցելել են Սեւան Քոչարյանի բնակության վայր, նա տանն է եղել եւ հայտնել է, որ օրերս կորոնավիրուսի տեստ է հանձնել, արդյունքը դրական է, եւ ինքն անկողնային վիճակում բուժում է ստանում։ Տեստի դրական արդյունքի մասին բժշկական կենտրոնի փաստաթուղթը խոստացել է ուղարկել էլեկտրոնային փոստով։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․-հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ:
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































