«Նոր հանդիպեցի, խոսեցի պարոն Ղազարյանի հետ: Ուներ վնասվածքներ: Ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ են նրան բերման ենթարկել»,- քիչ առաջ դուրս գալով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժանմունքից՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ի մոտից դիմակավորված ոստիկանները բերման ենթարկեցին «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածի հիմքով՝ «Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»։

Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը հայտնեց՝ Էդգար Ղազարյանի նկատմամբ բերման ենթարկելիս կիրառվել են հատուկ միջոցներ՝ ձեռնաշղթաներ: Պատգամավորը նշեց. «Ցավում եմ՝ ռազմական նման իրադրության, զարգացումների պարագայում իշխանություններն ուրիշ բան ու գործ չունեն, քան ընդդիմության նկատմամբ շոուների բեմադրության ցուցումներ տալը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այնքան ժամանակ ունի, որ զբաղված է այդ ցուցումները տալով»:
Հայկ Մամիջանյանն ասաց, որ Էդգար Ղազարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ուժի կիրառման հետ կապված:
Այս պահին Նոր նորքի բաժանմունքում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը: Նրանց ականատեսները պատմել են, որ ոստիկանները սեղմել են Էդգար Ղազարյանի վզին՝ հատուկ կետում, որի պատճառով նա գիտակցությունը կորցրել է, և նրան նստեցրել են մեքենա ու բերման ենթարկել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































