Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Քանի ԱՄՆ-ն չի հայտարարել լքել Հայաստանը, քանի որ պատերազմական իրավիճակ է, մնացածը բամբասանք է․երեկոյան հանգիստ ուրցով թեյ խմեք եւ ֆիլմ նայեք»․ Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 20,2022 20:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի։

Հանդիպումից հետո Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպումը պլանային էր եւ քանի որ արտախորհրդարանական ուժերը վերջին պատերազմից հետո ցանկություն էին հայտնել նախատեսված հերթական հանդիպումից շուտ հանդիպել, վարչապետն ընդառաջ է գնացել։ Նա ասաց, որ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկել են ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ բողոքի վերաբերյալ նստի արդյունքները, Նենսի Փելոսիի այցը ՀՀ, վերջին պատերազմն ու դրա հետեւանքները։

Դիտարկմանը՝ ԱՄՆ-ից ռազմական աջակցություն արդյոք հնարավոր է, երբ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, փորձագետները պնդում են՝ հնարավոր չէ, Սարգսյանն ասաց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման էլ են քննարկել վարչապետի հետ․«Իշխանությունը հաշվարկում է այդ քայլերից բխող առավելություններն ու թերությունները։ Բնականաբար, իշխանությունն այդ խնդրին իմ մոտեցմանը տեղյակ է, տեղյակ է հանրային տեսակետներին՝ ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի պահվածքի վերաբերյալ։ Այս ամենը որոշակի հետք թողնում է եւ քննարկման թեմա է ։ Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը հրավիրում է դեսպաններին Շուշի, ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների դեսպանները գնում են, իսկ երբ այստեղ հրավիրում են գնալ Ջերմուկ, բոլորը գնում են, բացի ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններից։ Սա վերաբերմունք է, որը պետք է հակադարձվի։ Հակադարձման մեթոդները մենք առաջարկում ենք իշխանությանը»։

Սարգսյանն անդրադառնալով հարցադրումներին՝ ՀԱՊԿ-ից դուրս գանք, բա հետո՞, ասաց՝ աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք որեւէ ռազմական դաշինքի անդամ չեն, օրինակ՝ Հորդանանը, Իսրայելը, բայց ԱՄՆ գործընկերն են․«Հորդանանին ԱՄՆ-ն տարեկան 800 միլիոնի ռազմական օգնություն է ցուցաբերում։ Իմ թվաբանությամբ՝ Հայաստանը տարեկան 400 մլն ռազմական օգնություն կցուցաբերվի։ ԱՄՆ պետդեպը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն բացահայտ հայտարարել են, որ իրենք պատրաստ են ՀՀ-ին նաեւ ռազմական օգնություն ցուցաբերել, բայց չեն կարողանում դա անել, որովհետեւ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է։ Այսինքն, այն ռազմական տեխնիկան, որ իրենք ունեն, նոր տեխնոլոգիաներ են, իրենք այդ նոր տեխնոլոգիաները տալիս են մի երկրի, որն իրենց հակառակորդ երկրի բանակի կամ ռազմական միավորի անդամ է։ Այսինքն, ՀԱՊԿ-ում մեր գտնվելը խանգարում է մեզ ռազմական նոր տեխնոլոգիական զենք -զինամթերք գնել։ Իսկ ռուսական զենքով մենք միշտ պարտվելու ենք Ադրբեջանին։ Վերջին պատերազմում ես զրուցել եմ Գորիսի դիրքերում կանգնած մեր տղերքի հետ, ինձ վստահեցնում էին, որ համապատասխան լուրջ սպառազինություն ունենալու դեպքում այդ պատերազմը տեղափոխվելու էր Ադրբեջանի տարածք։ Եթե իրենք չօգտագործեին հարվածային բայրաքթարները, այ էս պատերազմում մեր տղերքն իրենց տարածք էին անցնելու»։

Դիտարկմանը, որ իշխանությունից են հայտարարում, որ զենք չեն գնում, Սարգսյանն ասաց, որ դա ռազմական գաղտնիք է, եւ քննադատել է նրանց, ովքեր այդ մասին խոսել են։

«Նենսի Փելոսիի ՀՀ այցի ժամանակ բավական էր հետեւել ռուսական լրատվամիջոցներին, թե ինչ հիստերիա էր լինում, ինչ հոգեվիճակի մեջ էին ցուցադրում մեր պետական պաշտոնյաներին, այդ ամենի եզրակացությունն այն է, որ հայե՛ր, խելքներդ գլուխներդ հավաքեք, հակառակ դեպքում դուք կունենաք ավելին, քան ունեցել եք 44 -օրյա պատերազմի ժամանակ։ Եւ այդ քարոզչությունը շատ տխուր է, որ մեկ օր հետո անում է Արայիկ Հարությունյանը Հայաստանում։ Այսինքն, ՌԴ-ն այլ բան չունի, մեզ վախեցնում է, որ արեւմուտքի հետ ձեր կապերը մի սերտացրեք, թե չէ մենք խնդիրներ կառաջացնենք։ Առանց այն էլ իրենք խնդիրներ են առաջացնում, մենք գտնվում ենք ռուսական ճահիճում, որը մեզանից մի բան է ուզում՝ Մեղրիի միջանցք, Ադրբեջանն էլ մեզանից մի բան է ուզում՝ ճանաչենք տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվենք Արցախից։ Մենք դո՞ւրս ենք գալիս սրանից, թե՞ ոչ։ Եթե դուրս չենք գալիս, ուրեմն համաձայնվում ենք տալ միջանցք ու Արցախից հրաժարում։ Իսկ այսօր մեզ ձեռք է մեկնած, որից օգտվելու պարագայում հնարավոր է, որ կարողանանք հրաժարվել նրանց պահանջներից։»

Լրագրողի հիշեցմանը, որ Հակոբ Արշակյանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին ասել է, որ ավելի լայն հարձակում է սպասվում ՀՀ տարածքի վրա, Սարգսյանն ասաց՝ ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կանխարգելի նոր հարձակումները ․«Որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայտարարություն է, պատերազմի ավարտ չէ, որ մենք այսօր էլ պատերազմի մեջ ենք։ Հակոբ Արշակյանի հայտարարությունն այդ ենթատեքստի մեջ է, որ ամեն օր հնարավոր է պատերազմ եւ մենք այդ ամենը պետք փոխանցենք դիվանագիտական աղբյուրներին։ Իսկ հանրային մակարդակում, երբ վտանգն արդեն կանխատեսելի է, այդ առումով հանդես է գալիս ՊՆ-ն, կառավարությունը, վարչապետը»։

Նիկոլ Փաշինյանի տեսակետների մասին էլ Սարգսյանը ոչինչ չասաց, նշելով՝ իրավասու չէ։ Ավելացրեց, որ Նենսի Փելոսիի այցը դրական է գնահատել․«ՄԱԿ-ում ՀՀ բողոքի քննարկումը դրական է գնահատել։ Այս ամենի ֆոնին տեսնում ենք, որ անվտանգության առումով, տեղի ունեցած քաղաքական գործընթացի ներդաշնակման առումով, հնարավոր վտանգներն ավելի փոքր են»։

Սարգսյանը չբացահայտեց, որ վարչապետն ինչ դիրքորոշում ունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ում մնալու ռիսկեր ավելի շատ են, ավելի վտանգավոր է, քան դուրս գալու․«Մենք առաջին երկիրը չենք, որ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս»։

Արամ Սարգսյանն ասաց, որ ՀՀ ԶՈւ-ն գտնվում է առաջին աստիճանի պատրաստվածության մակարդակին, քանի որ սահմաններին ադրբեջանական զորքերի կուտակումներ են․«Բայց կլինի նոր սահմանային բախում, թե՝ոչ, ես համարում եմ, որ Փելոսիի այցից հետո այդ ռիսկը կտրուկ նվազել է, հավանականությունը քիչ է։ Որ Ադրբեջանին հրահրելով Ռուսաստանը կուզենա ցույց տալ, որ այ տեսեք՝ ԱՄՆ-ն եկավ -գնաց սահմանային լարումներ եղան, կասկած չունեմ։ Այստեղի 5-րդ շարասյան խնդիրն էր դա ,որ ասեն՝   տեսեք ինչ եղավ, հանկարծ ԱՄՆ-ի հետ հույս չկապեք, թե չէ պատերազմ կլինի։

Քանի ԱՄՆ-ն չի հայտարարել լքել Հայաստանը, քանի որ պատերազմական իրավիճակ է, մնացածը բամբասանքներ են։ Երեկոյան հանգիստ ուրցով թեյ խմեք եւ ֆիլմ նայեք։ Չկա նման խնդիր։ Հերիք էս ժողովրդին վախեցնեք։ Մի թիմ կա այս երկրում, որ երկու տարի է՝ գիշեր-ցերեկ ասում է՝ հանձնում են Տիգրանակերտը, անկլավ գյուղերը, ասում են հողերը ծախել են։ Սա մի դավաճանական թիմ է, որը խնդիր ունի իշխանություն վերցնելու եւ իր համար միեւնույն է, թե ինչ կլինի։ Իսկ աշխարհաքաղաքական առումով գործընթացները, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դա ժողովրդավարության արդյունքն է եւ ՀՀ անկախության ամրությունը ավելացնում է»։

Արամ Սարգսյանը նաեւ ասաց, որ այսօրվա իրական ընդդիմությունն ինքն է, ոչ թե այն ուժերը, որոնք դրոշ են վերցնում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Սեպտեմբերի 13-ի պատերազմի նախորդ օրը դու երևի ուրցով թեյ էիր խմում և ֆիլմ նայում, բայց պատերազմ եղավ։ Հիմա դու մարդկանց նորից հանգստացնում ես, որ մարդիկ զգոնությունը կորցնեն?։
    Տնաշեն, դարձել ես այս ապաշնորհ իշխանության փաստաբանը և նրա բոլոր սխալները կոծկում ես։
    Թշնամին ամսե-ամիս Հայաստանից տարածքներ է գրավում, իսկ դու ասում ես չանհանգստանանք, ուրցով թեյ խմենք ու ֆիլմ նայենք?։

    • Anonymous says:

      «Քանի ԱՄՆ-ն չի հայտարարել լքել Հայաստանը, քանի որ պատերազմական իրավիճակ է, մնացածը բամբասանք է․երեկոյան հանգիստ ուրցով թեյ խմեք եւ ֆիլմ նայեք».- ասել է Արամ Սարգսյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում։
      Սեպտեմբերի 20-ին որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ, հաղորդել է Պաշտպանության նախարարությունը:
      Արամ Սարգսյան – «Իմ թվաբանությամբ՝ Հայաստանը տարեկան 400 մլն ռազմական օգնություն կցուցաբերվի։»
      Ի՞նչ թվաբանությամբ։ Ինչի՞ վրա է հիմնված այդ հաշվարկը։ Ցանկացած մեկը կարող է առանց հիմնավորման թվեր կրակել։
      Արամ Սարգսյան – «ԱՄՆ պետդեպը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն բացահայտ հայտարարել են, որ իրենք պատրաստ են ՀՀ-ին նաեւ ռազմական օգնություն ցուցաբերել, բայց չեն կարողանում դա անել, որովհետեւ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է։»
      Ե՞րբ և ո՞րտեղ։ Եթե բացահայտ հայտարարել են, ապա պետք է ներկայացնել այդ հայտարարությունների հղումները պատերազմի մեջ գտնվող երկրի ժողովրդին, որի զավակները այսօր սահմանում իրենց վրա են կրում նման անպատասխանատու հայտարարությունների հետևանքները։
      Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում Քանի ԱՄՆ-ն չի հայտարարել լքել Հայաստանը։ Ի՞նչ է ԱՄՆ-ն Հայաստանում զորք ունի, որ լքելուց հայտարարի։ Թե՞ ըստ Արամ Սարգսյանի, ԱՄՆ-ն պետք է հայտարարի Հայաստանի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին։
      ԱՄՆ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, որին Հայաստանում շատ լավ ճանաչում են, verelq.am -ում իր մեկնաբանության մեջ ասում է․ “Не следует ждать прямого военного содействия или оружия от США․ Гирагосян обратил внимание и на тот факт, что сегодня судьба и будущее Арцаха зависят больше от российских миротворцев, нежели от США или Армении. “Тут важнее, что сделает Америка для самой Армении и что сделает Америка против Азербайджана”․ / 19.09.2022
      Իսկ Արամ Սարգսյանին մաղթում եմ հաճելի երեկո հեռուստացույցի էկրանի առաջ, թեյի սեղանի շուրջ։ Լուսինե Ստեփանյան

  2. Հայ մարդ says:

    Եղբայրներ լինելով հանդերձ, Վազգեն Սարգսյանը և Արամ Սարգսյանը հակապատկերներ են: Եթե հայրենապաշտ Վազգեն Սարգսյանը հույսը դնում էր հայի ուժի վրա և իր անհանգիստ կյանքով ամեն ինչ անում էր երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար, ապա արևմտապաշտ Արամ Սարգսյանը հույսը դնում է ԱՄՆ-ի վրա, շատ հանգիստ է և այս պատերազմական ժամանակներում առաջարկում է ուրցով թեյ խմել ու ֆիլմեր նայել: Վազգեն Սարգսյանն այնքան ուժեղ անհատ էր, որ նրան փորձում էին հաճոյանալ անգամ իր վերադաս պաշտոնյաները, իսկ Արամ Սարգսյանն անընդհատ պաշտպանում է երկրի վարչապետին, պարզ տեսնելով, որ նա անընդհատ զիջումներ է անում թշնամուն և փոքրացնում է Հայաստանի տարածքը: Վազգեն Սարգսյանն իրատես էր և անընդհատ հայտնվում էր կռվող զինվորների կողքին ու գովում նրանց, իսկ Արամ Սարգսյանը պարզապես հավատում է իր վերացական երազանքներին և ժամանակ առ ժամանակ հայտնվում է վարչապետի կողքին ու գովում նրա քաղաքականությունը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930