Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամեն օր «քայլում էի պատերազմի միջով». Արեւհատ Ամիրյան

Սեպտեմբեր 24,2022 13:30

Լրագրող, «Որոտան» թերթի հիմնադիր-խմբագիր Արեւհատ Ամիրյանի «Ցավի փորձություն 44-օրյա պատերազմ» գիրքը հեղինակի անդրանիկ գիրքն է: Ինչպես հեղինակն է գրում առաջաբանում՝  «Այս գիրքն իմ խոնարհումն է 44-օրյա պատերազմի զոհվածների ընտանիքներին եւ նահատակների խնկելի հիշատակին»:

44-օրյա պատերազմին Սիսիանը կորցրել է 82 զավակներին: 64-ը հուղարկավորված են Սիսիանի համայնքային, 2-ը՝ Անգեղակոթի, 3-ը՝ Շաղատի պանթեոններում: Մեկ հոգի հուղարկավորված է Սիսիանի գերեզմանատանը, մեկ հոգի՝ Նուբարաշենում, մեկն Ավանի ընտանեկան գերեզմանում, մեկը՝ Մասիսի եղբայրական գերեզմանատանը: 9-ը՝ Եռաբլուրում են (5 հոգու ճակատագիր անհայտ է): Հեղինակը նշում է, որ Սիսիանի պանթեոնում առաջին հուղարկավորությունը կատարվել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին:

Գիրքն ունի երեք բաժին. «Ճակատագրի սերունդ», որը նվիրված է 44-օրյա պատերազմի նահատակներին, «Ապրիլյան քառօրյա», որը նվիրված է ապրիլյան քառօրյայի զոհերին եւ «Շփման գիծ», որտեղ զետեղված են 2014-2015թթ. հայ-ադրբեջանական շփման գծում Սիսիանի զոհված հինգ ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների մասին պատմող հոդվածները: Այս առումով գիրքը նույնպես բացառիկ է: Այն հեղինակային հրատարակություն է:

«Իմ բաժին պատերազմը» խոսքում հեղինակը գրում է. «44-օրյա պատերազմի նահատակների մասին գիրք տպագրելու միտքը հետո ծնվեց: Պատերազմի առաջին օրերին, երբ գրեթե ամեն օր  զինվոր էին թաղում, պանթեոնից շտապ վերադառնում էի՝ օրվա նահատակի կամ նահատակների մասին հնարավորինս արագ տեղեկատվություն հրապարակելու «Որոտան» կայքում: Այդ օրերին անպատկերացնելի էր մեզ պատուհասած աղետի չափերը եւ այն զարհուրելի իրողությունը, որի մեջ մենք ապրում էինք: Գրեթե ամեն օր պանթեոն գնալ, զինվոր թաղելը դարձել էր մեր կյանքը, մեր ապրելաձեւը, մեր հոգեվիճակը: Օր է եղել, միաժամանակ երեք, չորս, անգամ՝ վեց զինվոր ենք հուղարկավորել: Ու այնպես էր ստացվում, որ մեկի հուղարկավորումը  զուգադիպում էր մյուսի ինքնահողին, յոթին կամ քառասունքին: Ու ես ամեն օր պանթեոնում զոհվածի մայր էի տեսնում, զոհվածի հայր: Ամեն նահատակի հետ փոխվում էին սգո թափորի մասնակիցները, բայց բոլորի դեմքին դաջված էր նույն զգացումը՝ ՑԱՎԸ: Պատահել է՝ նույն օրը զինվոր էինք թաղում եւ Սիսիանում, եւ Անգեղակոթում, եւ Շաղատում, ու որովհետեւ միաժամանակ չէի կարող ներկա գտնվել բոլոր տեղերում, խոստանում էի այցելել, նրանց մասին նույնպես գրել… 44-օրյա պատերազմում Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 նահատակներից միայն 4-ի հուղարկավորմանը չեմ մասնակցել…»,- գրել է գործընկերս, ում՝ Սիսիանի հերոսների մասին հոդվածաշարը տպագրվում էր պարբերաբար «Առավոտ» օրաթերթում նույնպես:

Հեղինակը նշում է, որ գիրքը կազմվել է այնպես, որպեսզի չխախտվի ժամանակագրությունը, պահպանվել է նահատակների հուղարկավորման ժամանակային հաջորդականությունը:

Այս գիրքը բացառիկ է այն իմաստով, որ լրագրող- հեղինակը տուն-տուն է մտել, զրուցել հերոսների ծնողների, հարազատների, մարտական ընկերների հետ, այսինքն՝ մենք ունենք կոնկրետ վկայություններ, հերոսների կենսագրությունները սոսկ վիճակագրություն չէ,  ծնվել է, ավարտել է, ընդունվել է, սա գիրք է, գարուն հասակի արդեն իսկ ձեւավորված մարդկանց մասին՝ նրանց երազների, ընտանիքում նրանց ներկայության մասին, որոնց մասին անցյալով որեւէ մեկը չի խոսում, մայրերի երկխոսությունն է, հայրերի մենախոսությունը, որն առանց արցունքի անհնար է կարդալ: Ահա Վլադը՝ Գրիգորյան,  9 տարեկանից աշխատել է հոր հետ, բալ է վաճառել, ծնեբեկ, որպեսզի ընտանիքի կարիքները հոգա, Վահագն Գրիգորյանը, ով 13 տարեկանից աշխատել է, բեռնակրություն արել խանութում, օգնելով մորը, Նարեկը՝ Սարգսյան, ով ծնվել էր պատերազմի տարում՝ 1993-ին ու զոհվել դարձյալ, երբ պատերազմ էր, տան միակ զավակը՝ Արմեն Գալստյանը, ում մոր հեռախոսը միայն Արմենի լուսանկարներով է, եւ այդ հեռախոսն այս տան հարստությունն է…

«Պատերազմն իմ հոգում երկարում է ու դեռ չի ավարտվել, ու ամեն աշնան, երբ Սիսիանում այն նույնքան սիրուն ու մեղավոր լինի, իսկ աշունը Սիսիանում միշտ սիրուն է, ես «կրկին քայլելու եմ պատերազմի միջով» ու փնտրելու եմ ճակատագրի սերնդի այն առինքնող, սիրուն, մահը հեգնած ժպիտները, որ ես երկինք էի ճանապարհել… Մենք դեռ երկար ենք քայլելու սիրուն ու մեղավոր աշնան միջով, որի անունը պատերազմի աշուն էր…»,-գրում է Արեւհատ Ամիրյանը: Գիրքը տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարանում, գեղարվեստական ձեւավորողն է Արմեն Բարիշյանը: Նկատեմ, որ ամենայն խնամքով են մշակված մեր հերոսների հազվագյուտ նկարները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930